ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 1993 թվականի N 573
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողություն սահմանելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն (Հայպետատոմհսկողություն):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության կանոնադրությունը (կցվում է):
3. Հայատոմպետհսկողության աշխատողների թվաքանակը սահմանել 7 միավոր, համապատասխանաբար 7 միավորով կրճատելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Հայատոմպետհսկողության ապարատի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Թույլատրել Հայպետատոմհսկողության վարչությանը ունենալ վարչության պետի մեկ տեղակալ:
6. Հայպետատոմհսկողության վարչության համար սահմանել ծառայողական մարդատար ավտոմեքենայի մեկ միավոր սահմանափակ:
7. Հայպետատոմհսկողության աշխատողների վրա տարածել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատողների վարձատրության համակարգի և սոցիալական ապահովության հարցերի մասին» N 296 որոշման գործողությունը:
8. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մեկամսյա ժամկետում լուծել Հայպետատոմհսկողությանը ծառայողական տարածք հատկացնելու հարցը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ և ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը (այսուհետև` Հայպետատոմհսկողություն) հանդիսանում է պետական կառավարման մարմին, որը կազմակերպում և իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման պետական հսկողությունը և կարգավորումը` բնակչության և անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի և Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:
2. Հայպետատոմհսկողությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Հայպետատոմհսկողությունն իր իրավասության սահմաններում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից), պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:
4. Հայպետատոմհսկողության կողմից պետական հսկողության իրականացումն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներին (անկախ սեփականության ձևից) չի ազատում միջուկային և ռադիացիոն անվտանգության համար պատասխանատվությունից:
2. Հայպետատոմհսկողության հիմնական խնդիրներն ու ֆունկցիաները
5. Հայպետատոմհսկողության հիմնական խնդիրներն ու ֆունկցիաներն են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների հետ միջուկային և ռադիացիոն անվտանգության ապահովման իրավական, տնտեսական, կազմակերպչական և տեխնիկական միջոցների համակարգի ձևավորումը և իրականացումը.
բ) միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում չափանիշների, կանոնների, նորմերի սահմանումը.
գ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրավաբանական անձանց և քաղաքացիների կողմից միջուկային և ռադիացիոն անվտանգության պահանջների պահպանման հսկողությունը.
դ) միջուկային և ռադիացիոն նյութերի օգտագործման, պահպանման, հաշվառման, թաղման կազմակերպման և վիճակի հսկողությունը.
ե) միջուկային նյութերի և տեխնոլոգիաների չտարածման, դրանց ֆիզիկական պաշտպանության երաշխիքների ապահովման հսկողությունը և այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ միջազգային համաձայնագրերի կատարման հսկողությունը.
զ) միջուկային և ռադիացիոն վտանգ ներկայացնող օբյեկտների անվտանգության փորձաքննությունը.
է) հսկողության ենթակա օբյեկտներում միջուկային և ռադիացիոն իրավիճակի փոփոխությունների մասին պետական մարմինների և բնակչությանը կանոնավոր ձևով տեղեկացումը.
ը) հսկողության ենթակա օբյեկտների տեխնիկական գրանցման կարգի սահմանումը և գրանցումը.
թ) շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի չափանիշների, կանոնների, նորմերի (բացի ճառագայթահարման և ռադիոակտիվ աղտոտման սանիտարական հիգիենիկ նորմերից) կազմակերպումը, համակարգումը, մշակումը և դրանց օգտագործման կարգի որոշումը.
ժ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում հատուկ թույլտվություն տալու կարգի սահմանումը:
6. Հայպետատոմհսկողությունը`
ա) կազմակերպում և իրականացնում է պետական հսկողություն`
ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային նյութերի տեղափոխման ու պահպանման, միջուկային և ռադիացիոն անվտանգության գործող կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ.
համակարգերի և սարքավորումների անվտանգության ու հուսալիության բարձրացման միջոցառումների իրականացման նկատմամբ.
հսկողության ենթակա օբյեկտներում վթարների կանխման միջոցառումների մշակման և իրագործման նկատմամբ.
ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից վթարների հետևանքների վերացման պատասխանատվության նկատմամբ.
միջուկային նյութերի հաշվառման և հսկման վիճակի նկատմամբ` սահմանելով հսկողություն ու հաշվետվության կարգն ու ձևը.
ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար սարքավորումների, սարքերի, տեղակայանքների, համակարգերի, ապարատների նախագծման և արտադրության նկատմամբ.
(լրաց. 27.12.94 թիվ 599 որոշում)
բ) որոշում է հսկողության ենթակա օբյեկտների անվտանգության համար պատասխանատու անձնակազմի մասնագիտական մակարդակը.
գ) քննարկում և տալիս է առաջարկություններ հսկողության ենթակա օբյեկտների անվտանգության ապահովման բարձրացման գիտատեխնիկական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների վերաբերյալ.
դ) կազմակերպում ու անց է կացնում հետազոտություններ պետական հսկողության և կարգավորման արդյունավետության բարձրացման ու միջուկային և ռադիացիոն անվտանգության սկզբունքների ու չափանիշների հիմնավորման համար.
ե) սահմանում է հսկողության ենթակա օբյեկտների անվտանգության վիճակի և աշխատանքներում թույլ տրված խախտումների մասին տեղեկություններ տալու կարգը: Որոշում է միջուկային և ռադիացիոն անվտանգության վրա ազդող խախտումների հանգամանքների քննության ու պատճառների բացահայտման կարգը, վերահսկում է քննության անցկացումը.
զ) հսկողության ենթակա օբյեկտներում կատարում է տեղի ունեցած վթարների և միջադեպերի վերլուծությունը, ստեղծում է տվյալների բանկ, սահմանում է օբյեկտների անվտանգության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ.
է) համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միջուկային և ռադիացիոն անվտանգության հսկողության ու կարգավորման բնագավառում:
(լրաց. 27.12.94 թիվ 599 որոշում)
3. Հայպետատոմհսկողության իրավունքները
7. Հայպետատոմհսկողությունն իրավասու է`
ա) հսկողության ենթակա օբյեկտներում միջուկային և ռադիացիոն անվտանգության վիճակը պարզելու նպատակով անարգել անցկացնելու տեսչական ստուգումներ`
համակարգերի և սարքավորումների աշխատանքների կատարման անվտանգության և որակի ապահովման վերաբերյալ տեխնիկական, հաշվետվական և հաշվառման փաստաթղթերի.
անձնակազմի որակավորման.
միջուկային նյութերի պահպանման և հաշվառման կարգի ապահովման.
բ) հսկողության ենթակա օբյեկտներից, անհրաժեշտության դեպքում, պահանջելու բացատրություններ, տեղեկանքներ և տեղեկություններ.
գ) տեսչական ստուգման աշխատանքներում ներգրավելու նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների համապատասխան մասնագետներ.
դ) միջուկային և ռադիացիոն անվտանգության նորմերի, կանոնների և թույլտվության պայմանների խախտումների վերացման նպատակով ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին տալու կատարման համար պարտադիր կարգադրագրեր և դադարեցնելու այն աշխատանքները, որոնք ընթանում են միջուկային և ռադիացիոն անվտանգության նորմերի, կանոնների խախտումներով և կարող են վնաս հասցնել շրջակա միջավայրին, բնակչության և անձնակազմի առողջությանը.
ե) հաստատելու միջուկային և ռադիացիոն անվտանգության գծով կատարման համար պարտադիր նորմատիվ տեխնիկական փաստաթղթեր.
զ) վերահսկելու տրված թույլտվությունների պայմանների պահպանումը և կարգադրագրերի կատարումը.
է) կազմակերպելու հսկողության ենթակա օբյեկտների կառուցման և վերակառուցման նախագծերի փորձաքննություն, անվտանգության մակարդակի գնահատում.
ը) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան և իր իրավասության սահմաններում միջուկային և ռադիացիոն անվտանգության նորմերի, կանոնների խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց և քաղաքացիներին ենթարկելու վարչական պատասխանատվության.
թ) միջուկային և ռադիացիոն անվտանգության նորմերի ու կանոնների առանձին խախտումների մասին նյութերը ներկայացնելու դատաքննչական մարմիններին:
8. Հայպետատոմհսկողության և նրա մարմինների կարգադրագրերը կարող են գանգատարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով: Կարգադրագրերի գանգատարկումը չի դադարեցնում դրանց կատարումը:
9. Հսկողության ենթակա օբյեկտներն անմիջականորեն սպասարկող Հայպետատոմհսկողության աշխատակիցներն օգտվում են այդ օբյեկտների աշխատողների համար սահմանված իրավունքներից և արտոնություններից:
4. Հայպետատոմհսկողության աշխատանքի կազմակերպումը
10. Հայպետատոմհսկողությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և ազատում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վարչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և ազատում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը` վարչության պետի ներկայացմամբ:
Հայպետատոմհսկողության պետը`
ա) իրագործում է վարչության ղեկավարումը և կրում է պատասխանատվություն վարչության վրա դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար.
բ) սահմանում է վարչության աշխատակիցների իրավասության շրջանակները.
գ) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և հաստիքային ցուցակը.
դ) կատարում է տեղակալների միջև պարտականությունների բաշխումը.
ե) ընդունում և ազատում է աշխատանքից վարչության աշխատակիցներին` համաձայն գործող օրենսդրության.
զ) վարչության իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ ու ստուգում դրանց կատարումը.
է) հաստատում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
ը) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում գործող օրենսդրության կատարելագործման մասին առաջարկություններ.
թ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա պետություններում և կազմակերպություններում.
ժ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
11. Հայպետատոմհսկողության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է տեղակալը:
12. Հայպետատոմհսկողության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
13. Անհրաժեշտության դեպքում Հայպետատոմհսկողությունը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ հրապարակում է հրամաններ և հրահանգներ:
14. Հայպետատոմհսկողությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք:
15. Հայպետատոմհսկողության վերակառուցումը և լուծարումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 573 | |
14.06.2000, N 310 | 22.06.2000, N 573 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|