Գլխավոր տեղեկություն
Համար
N 504
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.1993-24.10.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
04.10.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.10.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հոկտեմբերի 1993 թվականի N 504

քաղ. Երևան

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՏԿԱՊԵՍ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 4 և 6 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությունը, Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների հանձնաժողովը:

2. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, օգտագործման և պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական կառավարման մարմինների հետևյալ հիմնական իրավասությունները.

ա) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

հանքահումքային բազայի օգտագործման ստրատեգիայի մշակումը` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ընդհանուր նկատառումների շրջանակներում, շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ.

Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության և Հայլեռտեխհսկողության վարչության հետ համաձայնեցված տեղեկանքի հիման վրա օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արտոնագրեր տալը.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում տրված արտոնագրերը չեղյալ հայտարարելը.

ընդերքի օգտագործման բնագավառում հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանը`

ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, ռացիոնալ օգտագործման և պահպանության պետական կառավարումը.

ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների գրանցումը և հաշվառումը.

լեռնային փորվածքներ և հորատանցումներ պահանջող կամ հատուկ ցանցով սահմանված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման թույլտվություններ տալը` պահպանելով այս բնագավառում հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը.

ընդերքի օգտագործման և տարածքի կառուցապատման արտոնագրեր տալու համար երկրաբանական տեղեկատվական տվյալների հավաքումը, պահպանումը և տրամադրումը.

տրված արտոնագրերի հիման վրա օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով պայմանագրերի կնքումը, պայմանագրային պարտավորությունների կատարման հսկողությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կնքված պայմանագիրը չեղյալ հայտարարելը.

օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների շարժի հաշվառումը և վերահսկողությունը.

գ) Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը`

հանքահումքային բազայի օգտագործման ստրատեգիայի և օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից արտոնագրերի տրմանը համաձայնություն տալը.

ընդերքի օգտագործման հետ կապված նախագծերի բնապահպանական փորձաքննությունը, հաստատված նախագծերին կատարվող աշխատանքների համապատասխանության վերահսկողությունը.

ընդերքի օգտագործման և պահպանության բնապահպանական նորմաների, նորմատիվների և կանոնների պահպանման վերահսկողությունը և դրանց խախտման դեպքում օրենքով նախատեսված սանկցիաների կիրառումը.

հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների և գիտական կամ մշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերում պետության կողմից պահպանվող երկրաբանական տարածքը կամ պետական երկրաբանական արգելոց, արգելավայր, հուշարձան, փորձադաշտ ստեղծելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը և դրանց հատուկ ռեժիմի և պահպանության վերահսկողությունը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությանը`

օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման և դրանց արդյունահանման հետ կապ չունեցող ստորերկրյա կառույցների շինարարության նախագծերի տեխնիկական փորձաքննությունը.

օգտակար հանածոների հանքավայրերի մշակման նախագծով նախատեսված լեռնային աշխատանքների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը.

տրված արտոնագրերի և ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ կնքված պայմանագրերի հիման վրա լեռնահատկացման ակտերի ձևակերպումը.

առանց լեռնահատկացման ընդերքի օգտագործումը թույլատրելը և օրենքով նախատեսված դեպքերում լեռնահատկացման ակտը չեղյալ հայտարարելը.

օգտակար հանածոների արդյունահանման, հարստացման, վերամշակման և տեղափոխման ժամանակ դրանց արտանորմատիվային կորուստներ և աղքատացում թույլ չտալու ուղղությամբ իրականացվող միջոցառումների նկատմամբ վերահսկողությունը.

օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխումը և այլ նպատակների համար դրանց օգտագործման սահմանված կարգի պահպանումը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ կապ չունեցող ստորերկրյա կառույցների տեղաբաշխմանը համաձայնություն տալը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների հանձնաժողովին`

հանքավայրերի ուսումնասիրման լիակատարության ու հավաստիության, ինչպես նաև դրանց արդյունաբերական գնահատման, համալիր և ռացիոնալ յուրացման վերաբերյալ մեթոդական ու հրահանգչական փաստաթղթերի մշակման աշխատանքների կոորդինացումը և հաստատումը.

հանքավայրերի լավորակության (կոնդիցիաների) և օգտակար հանածոների պաշարների հաստատումը.

օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների դուրսգրումը պետական հաշվեկշռից:

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2001, N 1037 24.10.2001, N 504
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան