Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-512
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2005/ 1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

24 սեպտեմբերի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին կոնվենցիայում (կից վերապահումներով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա կոնվենցիան Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների, այդ թվում նաև` Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2002թ. հոկտեմբերի 7-ին` Քիշնևում:

Կոնվենցիայի նպատակն է ընտրությունների հանրաճանաչ չափանիշների և ընտրությունների կարգավորման ազգային նորմերի ու մարդու և քաղաքացու ընտրական իրավունքների և ազատությունների համակցումը, դրանց իրականացման և պաշտպանության երաշխիքների ապահովումը, ինչպես նաև ընտրությունների հասարակական և միջազգային դիտարկման համար երաշխիքների ամրագրումը:

2. Կոնվենցիայով սահմանվում են ժողովրդավարական ընտրությունների չափանիշները, այն է` պետական իշխանության, տեղական ինքնակառավարման, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական այլ մարմիններում քաղաքացու` ընդհանուր, հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ ընտրելու և ընտրվելու իրավունքը, ընտրողների կամքի ազատ արտահայտումն ապահովող պարբերական ու պարտադիր, արդար, իսկական և ազատ ընտրությունների սկզբունքները, ընտրությունների թափանցիկ և հրապարակային բնույթը, մարդու և քաղաքացու ընտրական իրավունքների և ազատությունների դատական և այլ պաշտպանության, ընտրությունների հասարակական և միջազգային դիտարկման իրականացումն ու ընտրական գործընթացի մասնակիցների ընտրական իրավունքների և ազատությունների իրականացման երաշխիքները:

Կոնվենցիան ամրագրում է նաև ընտրական իրավունքի ժողովրդավարական սկզբունքները` ընդհանուր ընտրական իրավունք, հավասար ընտրական իրավունք, ուղղակի ընտրական իրավունք, գաղտնի քվեարկություն, պարբերական և պարտադիր ընտրություններ, թափանցիկ և հրապարակային ընտրություններ, ազատ ընտրություններ, իսկական ընտրություններ, արդար ընտրություններ: Սահմանվում են նաև դրանց չափորոշիչները: Մասնավորապես.

ա) երաշխավորվում է, որ ընտրելու և ընտրվելու իրավունքի, ընտրությունների կարգի (ընտրական համակարգերի) օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև կողմերի ներպետական օրենսդրությամբ սահմանված ընտրական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ չեղյալ համարեն մարդու և քաղաքացու հանրաճանաչ իրավունքներն ու ազատությունները և դրանց իրականացման սահմանադրական և (կամ) օրենսդրական երաշխիքները կամ կրեն խտրական բնույթ,

բ) երաշխավորվում է ընտրությունների նշանակման, նախապատրաստման և անցկացման իրականացումը կողմերի սահմանադրությունների և օրենքների հիման վրա,

գ) արգելվում է օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց, միջազգային հասարակական շարժումների, միջազգային կազմակերպությունների կողմից պետական իշխանության և տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների, պաշտոնատար անձանց ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը նպաստող կամ խոչընդոտող գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որևէ մասնակցությունը, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է վերապահում այն մասով, որ տվյալ նորմը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

դ) երաշխավորվում է ընտրովի պաշտոնում նոր ժամկետով քվեարկվող թեկնածուների` ընտրարշավին մասնակցության առանձնահատկությունների հետ կապված սահմանափակումների կարգավորումը կողմերի սահմանադրություններով և օրենքներով,

ե) երաշխավորվում է, որ կողմերի սահմանադրություններով և օրենքներով սահմանված սահմանափակումների պահպանումը չպետք է խոչընդոտի պատգամավորների և ընտրովի պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց լիազորությունների իրականացմանն ու ընտրողների առջև իրենց ունեցած պարտականությունների կատարմանը,

զ) արգելվում է քաղաքացիների` քվեարկելու գաղտնիության իրավունքի որևէ ձևով սահմանափակումը,

է) արգելվում է կողմերի սահմանադրություններին, օրենքներին համապատասխան նշանակված ընտրությունների, ընտրական գործընթացների և ընթացակարգերի ժամկետները տապալելուն կամ կասեցնելուն կամ հետաձգելուն հարկադրող կամ հարկադրման նպատակ հետապնդող գործողությունների ձեռնարկումը կամ կոչերի տարածումը,

ը) երաշխավորվում է կողմերի սահմանադրությունների գերակայության ճանաչումը որպես ազատ ընտրությունների անցկացման և քաղաքացիների ու ընտրական գործընթացի մյուս մասնակիցների` առանց որևէ ազդեցության, բռնության, բռնության կիրառման սպառնալիքի կամ այլ անօրինական ներգործության, չվախենալով պատժից կամ որևէ ազդեցությունից` ինչպիսին էլ լինեն քվեարկության և ընտրության արդյունքները, օրենքով թույլատրված ձևերով և օրինական մեթոդներով ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու միջև ընտրություն կատարելու հնարավորության ապահովման, ինչպես նաև ընտրական ողջ գործընթացում ազատ ընտրությունների սկզբունքի պարտադիր պահպանման իրավական և այլ երաշխիքների հիմք,

թ) արգելվում է թեկնածուների, թեկնածուների ցուցակների և քաղաքական կուսակցությունների (դաշինքների) գրանցման մասին նորմերի կամայական կամ խտրական կիրառումը:

3. Կոնվենցիան սահմանում է նաև ընտրելու և ընտրվելու իրավունքի սահմանափակման չափանիշները, սահմանափակման հիմքերն ու թույլատրելի շրջանակը: Ըստ կոնվենցիայի` թեկնածուներ, թեկնածուների ցուցակներ առաջադրելու համար քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ստեղծմանն ու գործունեությանը, քաղաքացիների ընտրական իրավունքներին և ազատություններին վերաբերող սահմանափակումները կարող են կիրառվել սահմանադրական կարգի, ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանման, հասարակական բարեկեցության և բարոյականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով և պետք է համապատասխանեն պետության միջազգային պարտավորություններին:

Կոնվենցիան նախատեսում է նաև, որ արտակարգ կամ պատերազմական իրավիճակի պայմաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և սահմանադրական կարգը պաշտպանելու համար սահմանադրությանը, օրենքներին համապատասխան կարող են սահմանվել իրավունքների և ազատությունների սահմանափակումներ` նշելով դրանց գործողության սահմաններն ու ժամկետները, ինչպես նաև կարող է հետաձգվել ընտրությունների անցկացումը:

4. Կոնվենցիայի համաձայն` վերջինս չի խոչընդոտում պետությունների կողմից քաղաքացիների ընտրական իրավունքներին ու ազատություններին վերաբերող իրենց միջազգային պարտավորությունների կատարմանը: Ընդ որում, կոնվենցիայում շարադրված իրավունքների իրականացումը վնաս չի պատճառում բոլոր անձանց կողմից հանրաճանաչ իրավունքների և հիմնական ազատությունների իրականացմանը:

5. Կոնվենցիայով կողմերը ճանաչում են մասնակից պետությունների ընտրական մարմինների հիման վրա Միջպետական ընտրական խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը, որը կոչված կլինի աջակցելու մասնակից պետություններում ընտրությունների դիտարկմանը:

6. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է.

- երաշխավորել ընտրական իրավունքի ժողովրդավարական սկզբունքների և նորմերի պաշտպանությունը, ընտրությունների ժողովրդավարական բնույթը, ընտրություններում քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը, ընտրությունները կայացած, իսկական և օրինական ճանաչելուն ուղղված պահանջների հիմնավորվածությունը,

- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ընտրությունների լրիվ օրենսդրական բազան ընդունվի ազգային օրենսդիր մարմնի կողմից, և ընտրությունների անցկացումն ապահովող իրավական չափորոշիչները չսահմանվեն գործադիր իշխանության ակտերով,

- ցանկացած մակարդակի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակ ձգտել քաղաքացիների ընտրական իրավունքներն ու ազատություններն ապահովող իրավական, կազմակերպչական, տեղեկատվական երաշխիքների համակարգի ստեղծմանը, ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական միջոցներ, որպեսզի, Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պայմաններին և կարգին համապատասխան, ապահովվեն կանանց արդար և իրական, տղամարդկանց հետ հավասար` ընտրովի մարմիններում, ընտրովի պաշտոններում ինչպես անձամբ, այնպես էլ քաղաքական կուսակցությունների (դաշինքների) կազմում ընտրելու և ընտրվելու իրավունքների իրականացման հնարավորություն, ինչպես նաև ֆիզիկական շեղումներով անձանց (հաշմանդամներին և այլն)` քվեարկությանը մասնակցելու համար ստեղծել լրացուցիչ երաշխիքներ և պայմաններ,

- իրականացնել ընտրողների գրանցում (հաշվառում) օրենսդրորեն սահմանված ոչ խտրական և գործուն ընթացակարգի հիման վրա, որը նախատեսում է գրանցման (հաշվառման) այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են տարիքը, քաղաքացիությունը, բնակության վայրը, քաղաքացու անձը հաստատող հիմնական փաստաթղթի առկայությունը,

- օրենսդրական կարգով ամրագրել ընտրողների մասին տեղեկություն տվող անձանց պատասխանատվությունը` համապատասխան տեղեկությունների հավաստիությունը, լրիվությունը և դրանց ժամանակին փոխանցումը, օրենսդրությանը համապատասխան` գաղտնի բնույթի անձնական տվյալների պահպանումն ապահովելու համար,

- աջակցել քաղաքական կուսակցությունների ձևավորմանը և նրանց օրինական ազատ գործունեությանը, օրենսդրորեն կարգավորել քաղաքական կուսակցությունների և ընտրական գործընթացի ֆինանսավորումը, ապահովել, որպեսզի օրենքները և պետական քաղաքականությունն իրականացնեն կուսակցության և պետության տարանջատում, ազատության և ազնվության մթնոլորտում ընտրարշավների անցկացում, ինչը նպաստում է նրան, որ կուսակցությունները և թեկնածուները ազատ շարադրեն իրենց հայացքները և գնահատականները, նախընտրական ծրագրերի (պլատֆորմների) դրույթները, իսկ ընտրողները ծանոթանան դրանց, քննարկեն դրանք և ազատորեն քվեարկեն «կողմ» կամ «դեմ»` չվախենալով պատժից կամ որևէ հետապնդումից,

- ապահովել զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում` ինտերնետային ցանցով, ընտրարշավի լուսաբանման անկողմնակալությունը, ոչ խտրական հիմքով զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար քաղաքական կուսակցությունների և թեկնածուների համար իրավաբանական կամ վարչական խոչընդոտների սահմանման անհնարինությունը երաշխավորող միջոցների ձեռնարկում, ձևավորել ընտրությունների հետ կապված հասարակական կարծիքի հարցումների արդյունքների տվյալների միասնական տեղեկատվական բազա, որի տվյալները պետք է ծանոթացման կամ պատճենահանման համար տրամադրվեն ընտրական գործընթացի մասնակիցներին, ինչպես նաև միջազգային դիտորդներին` նրանց հարցումով, ներդնել ընտրությունների թափանցիկ բնույթն ապահովող, քվեարկության և ընտրությունների արդյունքների նկատմամբ ընտրողների վստահության մակարդակը բարձրացնող նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ,

- ընդունել քաղաքացիական կրթության ազգային ծրագրեր և մասնակցել նմանատիպ միջպետական ծրագրերի մշակմանն ու ընդունմանը, պայմաններ ապահովել քաղաքացիներին և ընտրարշավի մյուս մասնակիցներին ընտրական ընթացակարգերին և կանոններին ծանոթացնելու և ուսուցանելու, նրանց իրավական կուլտուրան և ընտրությունների կազմակերպիչների մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար,

- ապահովել օրենսդրությանը և պետության միջազգային պարտավորություններին համապատասխան ժողովրդավարական, ազատ, արդար, իսկական և պարբերական ընտրությունների անցկացումը կազմակերպող անկախ, անկողմնակալ ընտրական մարմինների ստեղծում,

- օրենքով սահմանված անհրաժեշտ քանակի ձայներ ստացած թեկնածուների համար ապահովել պատշաճ կերպով պաշտոն ստանձնելու և մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը կամ մինչև օրենքով կարգավորվող այլ ձևով դրանց դադարումը պաշտոնավարելու հնարավորություն,

- ձեռնարկել միջոցներ քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումների, ինչպես նաև բռնության, խաբեության, սպառնալիքի, կեղծիքի կամ այլ միջոցներով քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը, Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված այլ ընտրական իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտող անձանց քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության ենթարկելու հիմքերի և կարգի ցանկն օրենսդրորեն կարգավորելու համար,

- աջակցել ընտրական օրենսդրության, ընտրական գործընթացի մասնակիցների (հաշվի առնելով, որ անձնական տվյալներն ունեն գաղտնի բնույթ), իրավակիրառ և դատական փորձի, ընտրական համակարգի կատարելագործման օրենսդրական առաջարկությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաև ընտրական գործընթացի կազմակերպմանը վերաբերող այլ տեղեկատվություն պարունակող տվյալների միջպետական միասնական բանկի ստեղծմանը` տեղեկատվության փոխանակման և համատեղ օգտագործման նպատակով,

- աջակցել կոնվենցիայի մասնակից պետությունների ընտրական մարմինների համագործակցության զարգացմանը` ներառյալ ընտրական մարմինների գործող միջպետական ընկերակցությունների լիազորությունների ստեղծումը և (կամ) ընդլայնումը:

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կոնվենցիայի` կողմերի համար պարտավորություններ սահմանող նորմերը հիմնականում հանդես են գալիս որպես նորմ-նպատակներ: Այդ նորմերով նախատեսված պարտավորությունները պահանջում են ընտրական գործընթացների իրավական կարգավորման պետական քաղաքականությունն իրականացնելիս ելնել ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների պահանջներից: Այդ առնչությամբ կոնվենցիայի նախաբանում իրավական պետության նպատակների ու պարտավորությունների շրջանակում «... մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ճանաչումը, պահպանումը և պաշտպանումը...» ձևակերպումը հասկացութային առումով աղավաղված է և պետք է դիտարկվի որպես մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների «ճանաչման, ապահովման և պաշտպանության» միջազգային իրավական պահանջ:

8. Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները բխում են, մասնավորապես, Անկախ պետությունների համագործակցության կանոնադրությամբ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա ՀՀ ստանձնած պարտավորություններից, համահունչ են ՀՀ Սահմանադրության համապատասխան (1, 2, 3, 4 հոդվածներ, 6 հոդվածի 4-րդ մաս, 7, 15 հոդվածներ, 25 հոդվածի 2-րդ մաս, 24, 26, 27, 38, 39, 44, 45, 50, 51, 52, 53, 54, 57, 58, 59, 63, 64, 67 հոդվածներ, 68 հոդվածի 3-րդ մաս, 100 հոդվածի 3-րդ կետ, 105 հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, 109 հոդվածի 2-րդ մաս, 110 հոդված) հոդվածներին, ինչպես նաև սահմանադրական դատարանի 1999 թ. հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-179, 2002 թ. հոկտեմբերի 1-ի ՍԴՈ-389 և այլ որոշումների մեջ ամրագրված իրավական դիրքորոշումներին, կոչված են ամրապնդելու պետության իրավական, ժողովրդավարական բնույթը, ժողովրդաիշխանության հիմքերը, ստեղծելու ընտրական գործընթացի հետագա ժողովրդավարացման իրավական նախադրյալներ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2002 թ. հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին կոնվենցիայում (կից վերապահումներով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


24 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-512

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան