Գլխավոր տեղեկություն
Համար
N 457
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.1993-09.02.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
10.09.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 1993 թվականի N 457

 

քաղ. Երևան

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության ընդլայնման, արտաքին տնտեսական կապերի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների մասին կանոնադրությունը (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել օտարերկրյա այն պետությունների ցանկը, որտեղ առաջնահերթության կարգով պետք է ստեղծվեն Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններ` համապատասխան կազմակերպական տեսակով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1993 թվականի
սեպտեմբերի 10-ի N 457 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության առևտրական և տնտեսական շահերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունները, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության և նստավայր երկրի միջև կնքված միջազգային պայմանագրի համաձայն և սույն կանոնադրության հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության և նստավայր երկրների միջև փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը և Հայաստանի Հանրապետության առևտրի տնտեսական շահերի պաշտպանությունն այդ երկրներում:

3. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունները, ելնելով իրենց առջև դրված հիմնական նպատակներից, իրականացնում են հետևյալ խնդիրները`

Հայաստանի Հանրապետության և նստավայր երկրների միջև առևտրատնտեսական կապերի հաստատումը և խորացումը.

երկրների շուկաներ հայկական կապիտալի, ապրանքների և ծառայությունների արտահանումը, ինչպես նաև այդ երկրներից Հայաստանի Հանրապետություն կապիտալի, ապրանքների և ծառայությունների ներհոսքի ապահովումը.

Հայաստանի Հանրապետության և նստավայր երկրների տնտեսավարող առանձին սուբյեկտների միջև գործարար կապերի հաստատումը, առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության տարբեր ուղղությունների ու ձևերի ներդրումը.

արտաքին տնտեսական հարաբերությունների հայկական մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանումը, իրականացվող գործարքների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունը:

4. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունը կարող է Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական շահերը ներկայացնել միաժամանակ օտարերկրյա մի քանի պետություններում:

5. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են միջազգային իրավունքի նորմերով, Հայաստանի Հանրապետության և նստավայր երկրի օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

 

 6. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունները, ելնելով իրենց առջև դրված նպատակներից և խնդիրներից, իրականացնում են`

ա) Հայաստանի Հանրապետությանը և նստավայր երկրին վերաբերող առևտրատնտեսական փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների հավաքագրում, մշակում և դրանց տարածում.

բ) խորհրդատվությունների իրականացում Հայաստանի Հանրապետության և նստավայր երկրի տնտեսական օրենսդրության, ինվեստիցիոն, հարկային, վարկային, մաքսային, գնային, արտաքին տնտեսական քաղաքականության հարցերի, առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության տարբեր ուղղությունների ու ձևերի շուրջ.

գ) նստավայր երկրի տնտեսական իրավիճակի, շուկայի առաջարկի և պահանջարկի, միջպետական ու միջֆիրմային համատեղ ծրագրերի և պայմանագրերի նախագծերի, տնտեսական փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերլուծություն ու եզրակացությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմիններին.

դ) Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացում նստավայր երկրում, այդ թվում` մասնակցություն միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի մշակմանը և վերահսկողություն դրանց իրագործման նկատմամբ.

ե) մասնակցություն նստավայր երկրում գործող միջկառավարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական հանձնաժողովների, միջազգային տնտեսական մարմինների աշխատանքներին.

զ) մասնակցություն նստավայր երկրում Հայաստանի ազգային առևտրատնտեսական և գիտատեխնիկական ցուցահանդեսների ու տոնավաճառների կազմակերպմանը և նույնատիպ միջոցառումների անցկացմանը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում` աջակցություն նստավայր երկրում անցկացվող ցուցահանդեսներում և տոնավաճառներում Հայաստանի Հանրապետության և նրա առանձին տնտեսավարող սուբյեկտների մասնակցությանը.

է) արտաքին տնտեսական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների շահերի ներկայացում և պաշտպանություն նստավայր երկրի պետական, այդ թվում` դատական մարմիններում, համաձայն միջազգային պայմանագրերի և իրավական այլ ակտերի.

ը) սույն կանոնադրությամբ նախատեսված այլ ֆունկցիաների իրականացում:

7. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համար սույն կանոնադրությամբ նախատեսված ֆունկցիաների իրականացումը մտնում է Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների պարտականությունների մեջ: Գործունեության նույն տեսակները Հայաստանի Հանրապետության, նստավայր և այլ երկրների տնտեսավարող առանձին սուբյեկտների համար իրականացվում են ըստ անհրաժեշտության և նրանց հարցումների հիման վրա` կնքված պայմանագրերի համաձայն:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

 8. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունները կարող են հանդես գալ հետևյալ կազմակերպական տեսակներով`

ա) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանումների կամ դիվանագիտական ներկայացուցչությունների առևտրական խորհրդականներ.

բ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրական ներկայացուցչություններ.

գ) նստավայր երկրում գրանցված և այնտեղ գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ, որոնք օժտված են ներկայացուցչական լիազորություններով:

9. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների կազմակերպական տեսակների վերակազմավորումը կատարվում է սույն կանոնադրության համաձայն:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

 10. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների կազմակերպական տեսակը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

11. Սույն կանոնադրության 8-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված կազմակերպական տեսակի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

12. Սույն կանոնադրության 8-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված կազմակերպական տեսակի տնտեսավարող սուբյեկտները Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների լիազորություններով օժտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

Սույն կետով նախատեսված կազմակերպական տեսակի առևտրական ներկայացուցչություններն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ կնքված համաձայնագրերի հիման վրա (ձևը կցվում է):

13. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լիազորությունները ստանձնել հավակնող, սույն կանոնադրության 8-րդ կետի «զ» ենթակետով սահմանված տնտեսավարող սուբյեկտները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն վկայական նստավայր երկրում գրանցման մասին, տեղեկություններ ֆինանսական վիճակի մասին, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ իրենց մասին (հասցե, սեփականության ձևը, մասնագիտացումը, գործունեության ծավալները և ոլորտը, գործարար կապերն օտարերկրյա այլ պետությունների հետ, ներկայացուցչական փորձը, գրասենյակային պայմանները, կապի ու տրանսպորտային միջոցները և այլ անհրաժեշտ տեղեկություններ):

14. Տնտեսավարող սուբյեկտներին Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչական լիազորություններ շնորհելու համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը կարող է անցկացնել մրցույթ:

Մրցույթի պայմանները, անցկացման կարգը և ժամկետները մշակվում և հրապարակվում են հանրապետական և արտասահմանյան լրատվական միջոցներով:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունն իրավասու է առանց հատուկ լիազորությունների իրականացնելու սույն կանոնադրությամբ նախատեսված բոլոր ֆունկցիաները:

16. Սույն կանոնադրության 8-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված կազմակերպական տեսակի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններն ունեն Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իրենց լրիվ անվանումով կնիք, դրոշմակնիք, անվանաթերթ:

17. Սույն կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կազմակերպական տեսակի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունը չունի առանձին բանկային հաշիվ և օգտագործում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից նստավայր երկրներում բացված բանկային հաշիվները:

Սույն կանոնադրության 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կազմակերպական տեսակի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունը կարող է նստավայր երկրի բանկերում օրենսդրությամբ սահմանված կարգով բացել հաշիվներ:

Սույն կանոնադրության 8-րդ կետի «զ» ենթակետով սահմանված կազմակերպական տեսակի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել նստավայր կամ այլ երկրների բանկերում իրենց, որպես տնտեսավարող սուբյեկտների, հաշիվները:

18. Սույն կանոնադրության 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն ստեղծված առևտրական ներկայացուցչություններն իրենց իրավասությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և արտաքին գործերի նախարարության կողմից տրված հանձնարարականները և ցուցումները չեն կարող հակասել դրանց, որպես տնտեսավարող սուբյեկտների, շահերին կամ բացասական ազդեցություն ունենալ միջազգային շուկայում նրանց հեղինակության վրա:

19. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունն իրավասու չէ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների անունից ստորագրելու պայմանագրեր և իրավական այլ ակտեր` առանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված հատուկ լիազորությունների:

20. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունը վերահսկողություն է իրականացնում արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների Հայաստանի Հանրապետության մասնակիցների կողմից հանրապետության շահերի պահպանման նկատմամբ` առանց միջամտելու նրանց տնտեսական գործունեությանը:

Վերահսկողությունն իրականացվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրատնտեսական հարաբերություններին մասնակցող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական հարաբերությունները կարգավորող օրենսդրական այլ ակտերի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության պետական շահերը ոտնահարող իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում, եթե դրանք չեն պատճառել տնտեսական զգալի կորուստներ, խախտում թույլ տված արտաքին տնտեսական հարաբերությունների հայկական մասնակիցը ներկայացուցչության կողմից նախազգուշացվում է տեղ գտած կամ հնարավոր հետևանքների վերացման համար: Եթե նախազգուշացումից հետո, մեկամսյա ժամկետում, հայտնաբերված իրավախախտումը կամ դրա հետևանքները չեն վերացվում, ներկայացուցչությունն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր և այլ նյութեր:

Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությանը զգալի տնտեսական կորուստներ պատճառած իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում, այդ մասին անմիջապես տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ներկայացնելով փաստը հաստատող նյութեր:

21. Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և այլ երկրների տնտեսավարող սուբյեկտները`

ա) սույն կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կազմակերպական տեսակի առևտրական ներկայացուցչության ծառայություններից օգտվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված կարգով.

բ) սույն կանոնադրության 8-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված կազմակերպական տեսակի առևտրական ներկայացուցչությունների ծառայությունից օգտվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված կարգով:

22. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատվություն է կրում այն պարտավորությունների համար, որոնք Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունները ստանձնել են` ունենալով դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ լիազորություններ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատվություն չի կրում առևտրական ներկայացուցչության լիազորությունները ստանձնած տնտեսավարող սուբյեկտների` որպես այդպիսինների, կողմից նստավայր երկրում և դրանից դուրս ստանձնած պարտավորությունների համար:

Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լիազորությունները ստանձնած տնտեսավարող սուբյեկտները` որպես այդպիսին, պատասխանատվություն չեն կրում նստավայր երկրում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների համար:

23. Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական շահերը տարածաշրջանի մի շարք երկրներում ներկայացնող Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունը, եթե այդ երկրներից որևէ մեկում անմիջականորեն չի ներկայացված, կարող է այդտեղ ունենալ մասնաճյուղեր (բաժանմունքներ):

24. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների աշխատակիցները պարտավոր են խստորեն պահպանել առևտրական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները (այդ թվում նաև առևտրական ներկայացուցչության գործունեության դադարեցումից հետո):

Առևտրական գաղտնիքի հրապարակումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

VI. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

25. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կազմում գործող առևտրական խորհրդականները կամ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և նրանց աշխատակազմի աշխատակիցները նշանակվում են պաշտոնի ու ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների նշանակման և ազատման սահմանված կարգին համապատասխան` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

26. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կազմում գործող առևտրական խորհրդականները կամ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հանձնարարականներով, որոնք կարող են տրվել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի միջոցով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից սահմանված կարգով:

27. Սույն կանոնադրության 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կազմակերպական տեսակի առևտրական ներկայացուցչության ղեկավարը (Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչը) նշանակվում է պաշտոնի և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

Նշված տեսակի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ, իսկ աշխատակազմի աշխատողների նշանակումը և ազատումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

28. Սույն կանոնադրության 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կազմակերպական տեսակի առևտրական ներկայացուցչության ղեկավարը (Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչը) կազմակերպում և ղեկավարում է առևտրական ներկայացուցչության աշխատանքները և պատասխանատվություն է կրում ներկայացուցչության գործունեության համար:

29. Սույն կանոնադրության 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կազմակերպական տեսակի առևտրական ներկայացուցչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից և իր գործունեության համար հաշվետու է նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին` վերջինիս իրավասությունների շրջանակներում:

30. Սույն կանոնադրության 8-րդ կետի «զ» ենթակետով սահմանված կազմակերպական տեսակի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններում համապատասխան տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ:

Այդ կազմակերպական տեսակի ներկայացուցչություններում ստեղծվում է Հայաստանի Հանրապետության առևտրական գործադիր ներկայացուցչի պաշտոնը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի տեղակալը:

Հայաստանի Հանրապետության առևտրական գործադիր ներկայացուցիչը նշանակվում է պաշտոնի և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` համաձայնեցված առևտրական ներկայացուցչության լիազորությունները ստանձնած տնտեսավարող սուբյեկտի հետ:

Հայաստանի Հանրապետության առևտրական գործադիր ներկայացուցչի կարգավիճակը, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լիազորություններն ստանձնած տնտեսավարող սուբյեկտի կազմում, որոշվում է սույն կանոնադրությամբ, ինչպես նաև նշված սուբյեկտի և Հայաստանի Հանրապետության առևտրական գործադիր ներկայացուցչի միջև կնքված աշխատանքային պայմանագրով:

31. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները և դրանց աշխատակազմի աշխատակիցները կարող են լինել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ:

32. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչները և աշխատակազմի աշխատակիցները, եթե նրանք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օգտվում են դիվանագիտական արտոնություններից և անձեռնմխելիությունից, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

33. Սույն կանոնադրության 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կազմակերպական տեսակի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

Դրանց գործունեության ընթացքում ստացված եկամուտները փոխանցվում են պետական բյուջե և օգտագործվում են առևտրական ներկայացուցչության ֆինանսավորման համար:

34. Սույն կանոնադրության 8-րդ կետի «գ» ենթակետով սահմանված կազմակերպական տեսակի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության գործունեությունը ֆինանսավորում է այդ լիազորություններն ստանձնած տնտեսավարման սուբյեկտների կողմից` դրանց միջոցների հաշվին:

 

VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

35. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության գործունեությունը կարող է դադարեցվել`

ա) Հայաստանի Հանրապետության և նստավայր երկրի միջև տնտեսական հարաբերությունների պաշտոնական խզման պահից.

բ) նստավայր երկրում ներկայացուցչության կազմակերպական տեսակի վերակազմավորման դեպքում: Այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացուցչությանը իրազեկ է պահվում որոշման ընդունումից 2 ամիս առաջ.

գ) Հայաստանի Հանրապետության և նստավայր երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առևտրական լիազորություններն ստանձնած տնտեսավարող սուբյեկտների գործունեության դադարեցման դեպքում.

դ) սույն կանոնադրության 8-րդ կետի «գ» ենթակետով սահմանված կազմակերպական տեսակի առևտրական ներկայացուցչության լիազորություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև կնքված համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում: Կողմերի համաձայնության դեպքում համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել, սկսած համաձայնության կայացման պահից, իսկ կողմերից մեկի նախաձեռնության դեպքում` մյուս կողմին այդ մասին գրավոր տեղեկացնելու պահից 2 ամիս հետո:

36. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների գործունեության դադարեցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

37. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության գործունեության դադարեցման հետ կապված հարցերը լուծում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և արտաքին գործերի նախարարության կողմից ստեղծված լուծարքային հանձնաժողովը:

 

Ներմուծեք նկարագրությունը_12673