ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈՓՈԽՈՂ ԵՎ ԼՐԱՑՆՈՂ ԹԻՎ 14 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 սեպտեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի մայիսի 13-ին Ստրասբուրգում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վերահսկողության համակարգը փոփոխող և լրացնող թիվ 14 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Արձանագրությունն ստորագրվել է 2004 թ. մայիսի 13-ին` Ստրասբուրգում, որի նպատակն է` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Նախարարների կոմիտեի ծանրաբեռնվածության շարունակվող աճի պայմաններում պահպանել և բարձրացնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի կատարման նկատմամբ վերահսկողության համակարգի արդյունավետությունը, մասնավորապես, ապահովելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջատար դերը Եվրոպայում` մարդու իրավունքների պաշտպանության գործում:
2. Արձանագրությամբ նախատեսվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործառույթների առավել արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք փոփոխություններ, որոնք առնչվում են.
- դատավորների պաշտոնավարման կարգին և երկարացված ժամկետին (9 տարի, առանց վերընտրվելու իրավունքի),
- դատարանի նիստերի գումարման ընթացակարգին (հիմնվում է դատարանի միանձնյա դատավորի կազմի ինստիտուտ, անհրաժեշտության դեպքում` որոշակի ժամկետով առավել սեղմ թվակազմով դատարանի Պալատների ձևավորման հնարավորություն),
- դատարանում անհատական դիմումների քննարկման նոր կարգին, այդ թվում` դատավորի կողմից միանձնյա կարգով, որի նպատակը դատարան հասցեագրված անհատական դիմումների քննարկման առավել ճկուն և արագացված ընթացակարգ ապահովելն է,
- դատարանում քննվող գործերով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի դատավարական մասնակցության հնարավորությանը,
- դատարանում գործի քննության ընթացակարգում գործի նախնական ուսումնասիրմանը` կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ,
- կողմերի միջև գործով հաշտության համաձայնության կնքմանը և վերջինիս իրագործման նկատմամբ Նախարարների կոմիտեի կողմից վերահսկողության իրականացման հնարավորությանը,
- դատարանի վերջնական վճիռների կատարման առավել գործուն հնարավորությունների նախատեսմանը և դրանց իրագործմանը Նախարարների կոմիտեի առավել ակտիվ ներգրավմանը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, վերջինիս նախաձեռնությամբ դատարանի կողմից իր վերջնական վճռի մեկնաբանման, նաև` դատարանի վճիռների չկատարման դեպքում Նախարարների կոմիտեի կողմից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորությանը:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է`
- ճանաչել դատարանի ինստիտուցիոնալ կառույցների` սույն արձանագրությամբ վերապահված իրավունքները,
- ապահովել այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են դատարանի կողմից արդյունավետ քննություն իրականացնելու համար,
- Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է դատարանի` այն գործերի կապակցությամբ կայացրած վերջնական վճիռները կատարելու իր պարտավորությունը, որոնցում կողմ է հանդիսանում:
4. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վերահսկողական համակարգը փոփոխող և լրացնող վերոհիշյալ արձանագրության մեջ ամրագրված` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ընդհանուր առմամբ լրացուցիչ երաշխիքներ են նախատեսում ՀՀ Սահմանադրության 4 հոդվածին համապատասխան մարդու իրավունքների և ազատությունների` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրության 38 հոդվածում ամրագրված` մարդու խախտված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը նաև միջազգային դատարանում գործադրելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թ. մայիսի 13-ին Ստրասբուրգում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վերահսկողության համակարգը փոփոխող և լրացնող թիվ 14 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|