Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-37
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.02.20/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.02.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.02.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.1997

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

3 փետրվարի 1997 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Վ.Հովհաննիսյանի, Հ.Խաչատրյանի, Հ.Նազարյանի, Վ.Պողոսյանի, Վ.Սահակյանի, Մ.Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ.Ալեքսանյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քրեական գործերով իրավական օգնության մասին 1996 թվականի հունիսի 4-ին Թբիլիսիում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քրեական գործերով իրավական օգնության մասին 1996 թվականի հունիսի 4-ին Թբիլիսիում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ.Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քրեական գործերով իրավական օգնության մասին պայմանագիրն ստորագրվել է Թբիլիսիում` 1996 թվականի հունիսի 4-ին:

Ըստ պայմանագրի Կողմերը պարտավորվում են միմյանց ցույց տալ իրավական օգնություն, որն իր մեջ ներառում է անձանց հետախուզումը և ճանաչումը, դատական ծանուցագրերի և դատական այլ փաստաթղթերի հանձնումը, կասկածյալների, մեղադրյալների, ամբաստանյալների, ինչպես նաև վկաների ու փորձագետների հարցաքննումը և այլ գործողություններ:

Պայմանագրի համաձայն պայմանագրի գործողությունը չի տարածվում հանձնման և հանձնման նպատակով անձի ձերբակալման, Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում մյուս Կողմի դատարանների կայացրած դատավճիռների կատարման, պատիժը կրելու համար դատապարտված անձանց և քրեական վարույթի փոխանցման վրա:

Պայմանագրով սահմանվում են նաև իրավական օգնություն ցույց տալու կամ այն մերժելու հիմքերը, պայմանագրի իրագործման ձևերը և արարողակարգերը:

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից 30 օր անց:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քրեական գործերով իրավական օգնության մասին 1996 թվականի հունիսի 4-ին Թբիլիսիում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


3 փետրվարի 1997 թվականի
ՍԴՈ-37

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան