Գլխավոր տեղեկություն
Համար
N 424
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
17.08.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 1993 թվականի N 424

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» N 548 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների իրականացման մասին» N 548 որոշման կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կատարել է որոշակի դրական աշխատանք: Այսպես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը փորձարարությունն իրականացնելու համար մշակել է անհրաժեշտ նորմատիվային փաստաթղթեր: Փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական հիմնարկների կարգավիճակը համապատասխանեցվել է «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական պետական ձեռնարկությունների միջև կնքվել են 1993 թվականի պետական պատվերի տեղադրման պայմանագրեր, որոնցում կանոնակարգվել են պետական պատվերի ձևակերպման, պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և բժշկական այլ ծառայությունների հաշվառման, ինչպես նաև պետական պատվերի գծով առողջապահական պետական ձեռնարկության իրականացրած աշխատանքների և մատուցած ծառայությունների դիմաց կատարվող վճարումների իրականացման կարգն ու պայմանները:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, որպես պետական պատվեր տեղադրող պետական կառավարման լիազորված մարմին, փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական պետական ձեռնարկություններին սահմանել է պետական պատվեր բնակչությանը մատուցվող բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բժշկական օգնության գծով` ըստ փաստացի կատարողականի, սակայն առողջապահական պետական ձեռնարկության ընդհանուր արտադրական հզորությունների (ստացիոնար բժշկական օգնության գծով` հաշվարկված ըստ մահճակալ-օրերի, բժշկական կոնսուլտացիաների և ամբուլատոր բժշկական օգնության գծով` ըստ մեկ հերթափոխում հաճախումների թվի) 90 տոկոսից ոչ ավելի:

Փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական պետական ձեռնարկությունների կողմից իրականացված աշխատանքների և մատուցված ծառայությունների գծով 1993 թվականի 1-ին եռամսյակի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներն են`

հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց պետական ձեռնարկության պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բժշկական օգնության դիմաց հաշվարկված ֆինանսավորման ծավալները կազմել են 30700,0 հազ. ռուբլի:

1993 թվականի 1-ին եռամսյակում առողջապահական պետական ձեռնարկության կողմից պետական պատվերից դուրս բնակչությանը վճարովի հիմունքներով մատուցվել է 153 հազ. ռուբլու բժշկական ծառայություն: Վճարովի ծառայությունների նման փոքր ծավալները պայմանավորված են այն հանգամանքով, որ ձեռնարկությունում նոր են արմատավորվում բնակչությանը վճարովի հիմունքներով իրականացվող բժշկական օգնության և բժշկական այլ ծառայությունների իրականացման մեխանիզմները: Բացի այդ, հաշվի առնելով պետական ձեռնարկության կոնտինգենտի (հիմնականում մինչև 5 տարեկան մանկահասակ երեխաներ) առանձնահատկությունները, այս փորձարարական ձեռնարկություններում հիմնական շեշտը դրվում է պետական պատվերի վրա.

հանրապետական մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտական բուժական համալիր պետական ձեռնարկության պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բժշկական օգնության դիմաց հաշվարկված ֆինանսավորման ծավալները կազմել են 174814,0 հազ. ռուբլի:

1993 թվականի 1-ին եռամսյակում պետական ձեռնարկության կողմից պետական պատվերից դուրս բնակչությանը վճարովի հիմունքներով մատուցվել է 320,0 հազ. ռուբլու բժշկական ծառայություն.

Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ պետական ձեռնարկության պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցված բժշկական կոնսուլտացիաների, ամբուլատոր և ստացիոնար բժշկական օգնության դիմաց հաշվարկված ֆինանսավորման ծավալները կազմել են 66107,0 հազ. ռուբլի:

1993 թվականի 1-ին եռամսյակում պետական ձեռնարկության կողմից պետական պատվերից դուրս վճարովի բժշկական օգնություն է ստացել 244 հիվանդ, իսկ վճարովի բժշկական օգնությունից և այլ բժշկական ծառայությունների մատուցումից հավելագրված գումարները կազմել են 5,5 մլն ռուբլի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հավանություն տալ առողջապահական պետական ձեռնարկություններում` հանրապետական ուսումնագիտական բուժական համալիրում, Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում և հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 1993 թվականի հունվարի 1-ից իրականացվող փորձարարության ընթացքին:

2. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ, և փորձարարության ընդլայնման նպատակով հաստատել առողջապահական այն հիմնարկների ցանկը (կցվում է), որոնց վրա 1993 թվականի սեպտեմբերի 1-ից տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 4-ի N 548 որոշման գործողությունը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` մինչև 1993 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտել սույն որոշման 2-րդ կետով փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական հիմնարկներում կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների արմատավորման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ



ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի n 424 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱՅՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎՐԱ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 548 ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Պրոկտոլոգիայի ԳՀԻ

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ

Հանրապետական ստոմատոլոգիական պոլիկլինիկա

Հանրապետական մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտական բուժական համալիր