Գլխավոր տեղեկություն
Համար
N 383
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.1993-17.10.1993)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն և ՀՀ կենտրոնական բանկ
Ընդունման ամսաթիվ
26.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 1993 թվականի N 383

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԽՍՀՄ պետական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից 1961-1992 թվականներին թողարկված ռուբլու թղթադրամները 1993 թվականի հուլիսի 26-ից շրջանառությունից հանելու կապակցությամբ և Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի պաշտպանության ու դրամաշրջանառության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում են`

1. Սկսած 1993 թվականի հուլիսի 27-ի 00 ժամից ժամանակավորապես սահմանափակել ԽՍՀՄ պետական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից 1961-1992 թվականներին թողարկված ռուբլու թղթադրամների մուտքը Հայաստանի Հանրապետություն, յուրաքանչյուր անձի համար սահմանելով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 150 հազ. ռուբլի, այլ անձանց` 35 հազ. ռուբլի:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սկսած 1993 թվականի հուլիսի 27-ի 00 ժամից բոլոր մաքսատներում և մաքսային կետերում ապահովել Հայաստանի Հանրապետություն ժամանող` քաղաքացիներին սույն որոշման 1-ին կետով սահմանված գումարների չափերը գերազանցող նշված թղթադրամների ի պահ ընդունումը` հանրապետությունից այդ քաղաքաիների մեկնելու դեպքում վերադարձման պայմանով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` այդ ընթացքում սահմանված կարգով ապահովել հանրապետություն ժամանող քաղաքացիներից ի պահ վերցված թղթադրամների տեղափոխումն ու պահպանությունը:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` սույն որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային անցակետերը շրջանցող հատվածներում կազմակերպել համատեղ պարեկություններ:

5. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` սկսած 1993 թվականի հուլիսի 27-ից դադարեցնել ժամանակավորապես նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Հայաստանի Հանրապետություն կատարվող փոստային դրամական փոխանցումները:

6. Ժամանակավորապես արգելել պետական ձեռնարկություններին (բացառությամբ առևտրի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների) կանխիկ դրամով առուծախի գործարքների իրականացումը:

7. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` 1993 թվականի հուլիսի 27-ից ժամանակավորապես դադարեցնել թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի բացթողումը մանրածախ առևտրի ցանց:

8. Ստեղծել հանրապետական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի համանախագահությամբ, սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքում առաջացած վիճելի հարցերի լուծման համար:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ
ՆԱԽԱԳԱՀ

Ի. ԻՍԱՀԱԿյան