Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-606
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

4 հոկտեմբերի 2005 թ.


 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի հունիսի 13-ին Պեկինում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր և հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թ. հունիսի 13-ին` Պեկինում:

Համաձայնագրի նպատակը Կողմերի դեսպանությունների տեղակայման համար շենքերի և հողամասերի փոխադարձաբար տրամադրումն է:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում երեք հավելվածները, որոնցով ներկայացվում են համաձայնագրում նշված` Կողմերի դեսպանությունների տեղակայման համար անհրաժեշտ շենքերի և հողատարածքների հատակագծերը:

2. Համաձայնագրով Չինական կողմը փոխադարձության հիման վրա Հայկական կողմին անհատույց օգտագործման է տրամադրում Պեկինի Չաոյանցույ Թայուաննանսյաոձեի 9 հասցեում տեղակայված երկու շենքերը` իրենց հարակից հողատարածքներով և կառույցներով, ներառյալ` ավտոտնակը: Հողատարածքի մակերեսը 3174,99 քառ. մետր է, երկու շինությունների տարածքը` 2734,65 քառ. մետր: Ընդ որում, նշված երկու շենքերից մեկը` 592,58 քառ. մետր տարածքով, Հայկական կողմին կփոխանցվի 2006 թվականի փետրվարի 28-ին: Մինչ այդ ժամկետը, Հայկական կողմին անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Պեկինի դիվանագիտական Թայուան թաղամասի 9-րդ շենքի 1-ին մուտքի 31-րդ բնակարանը, ներառյալ` նույն հասցեում գտնվող ստորգետնյա ավտոկանգառը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանն անհատույց օգտագործման հանձնել Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան 12 հասցեում տեղակայված շինությունը` հարակից կառույցներով (հողատարածքի մակերեսը 2500 քառ. մետր, շինությանը` 758.2 քառ. մետր), ինչպես նաև Երևան քաղաքի Իսակովի պողոտայում 2.5 հա մակերեսով հողատարածքը` դեսպանատուն կառուցելու համար,

- թույլատրել համաձայնագրի հոդված 2-ում նշված հողատարածքներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից շինարարության, ընդլայնման և վերանորոգման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նյութերի ու տեխնիկայի` Հայաստանի Հանրապետություն ներմուծումն առանց մաքսային զննման, պայմաններ ստեղծել վերոնշյալ աշխատանքներն իրականացնող անձնակազմի համար մուտքի արտոնագրեր ձևակերպելու ժամանակ,

- համաձայնագրի հոդված 1-ում նշված հողատարածքներն ու շինություններն օգտագործել բացառապես դիվանագիտական և հյուպատոսական ծառայողական նպատակների, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի տեղավորման համար, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակների համար,

- առանց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության թույլտվության որևէ տեսքով չվաճառել, վարձակալության չտալ կամ չփոխանցել համաձայնագրի հոդված 1-ում նշված հողատարածքները և շինությունները,

- քաղաքաշինական կամ այլ հանգամանքներից ելնելով` Չինական կողմից համաձայնագրի հոդված 2-ում նշված հողատարածքը հետ վերցնելու ցանկության դեպքում տեղեկացնել այդ մասին Չինական կողմին ոչ ուշ, քան հետ վերցնելուց մեկ տարի առաջ` փոխարենը վերջինիս տրամադրելով նման պայմաններով և նույն չափին համարժեք այլ տարածք և փոխհատուցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը վերադարձվող հողատարածքի վրա գտնվող` վերջինիս կողմից կառուցված շինությունների արժեքը, որը, ելնելով իրական վիճակից` համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից:

4. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները բխում են «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից, և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (1 հոդված) կոչված են ապահովելու երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թվականի հունիսի 13-ին Պեկինում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր և հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


4 հոկտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ-606