ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 1993 թվականի N 241
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով գիտության զարգացման գործում գիտնականների որակավորման չափանիշները սահմանող և դրանք վերահսկող հանրապետական համակարգի անհրաժեշտությունն ու կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ՀՀ ԲՈՀ):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի թվակազմը սահմանել 15 հոգի:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովին ունենալ նախագահի 2 տեղակալ, որից մեկը` առաջին տեղակալ:
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների աշխատավարձի տարեկան ֆոնդը սահմանել 6306,0 հազ. ռուբլի:
7. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի համար ծառայողական մարդատար մեքենայի սահմանաքանակ` 1 միավոր:
8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1993 թվականի հանրապետական բյուջեում միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահպանման ծախսերի համար:
9. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովին հատկացնել անհրաժեշտ տարածք:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովը (այսուհետև` բարձրագույն որակավորման հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և կառավարում է գիտնականների որակավորման համակարգը:
Բարձրագույն որակավորման հանձնաժողովը պատասխանատվություն է կրում գիտնականների որակավորման համակարգի վիճակի, նրա հետագա զարգացման համար:
II. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ
2. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի խնդիրներն են`
գիտնականների որակավորման համակարգի գործունեությունը կարգավորող համապատասխան ակտերի մշակումը.
գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը, դրանց աշխատանքի կազմակերպումն ու վերահսկումը:
3. Բարձրագույն որակավորման հանձնաժողովն իր խնդիրներին համապատասխան`
մշակում է գիտնականների որակավորման աստիճանակարգը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
կազմում է այն գիտական ուղղությունների ցանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ.
մշակում և հաստատում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների աշխատանքի կանոնակարգը.
ստեղծում, վերակառուցում և լուծարում է մասնագիտական խորհուրդները, հաստատում այդ խորհուրդների կազմը և այն գիտական մասնագիտությունների ցանկը, որոնց գծով տվյալ խորհուրդը կարող է գիտական աստիճաններ շնորհել.
պարբերաբար ստուգում է մասնագիտական խորհուրդների աշխատանքը.
հանձնում է գիտական որակավորման աստիճանը հավաստող վկայագիր` հիմք ընդունելով մասնագիտական խորհրդի որոշումը.
իրականացնում է Հայաստանի Հանրապետության գիտական որակավորման վկայագրերի հանձնումը նախկին ԽՍՀՄ գիտական որակավորման վկայագրեր ունեցող գիտնականներին.
համապատասխանեցնում է օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացուն շնորհված գիտական որակավորման աստիճաններին.
մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև գիտական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ միջազգային համաձայնագրեր կնքելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին.
հաստատում է գործնական կապեր օտարերկրյա պետություններում գիտնականների որակավորման գործը տնօրինող մարմինների հետ, վարում բանակցություններ ու կնքում համաձայնագրեր` որակավորման չափանիշների փոխադարձ համաձայնեցման, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գիտական որակավորումն այլ պետություններում և օտարերկրյա քաղաքացիների գիտական որակավորումը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու վերաբերյալ.
օժանդակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ատենախոսությունն այլ պետության գիտական որակավորման համակարգում պաշտպանելու գործում, եթե Հայաստանի Հանրապետությունում չկա համապատասխան մասնագիտական խորհուրդ և աշխատանքը հետաքրքրություն է ներկայացնում երկրի գիտության տվյալ բնագավառի զարգացման տեսանկյունից.
կազմակերպում է ատենախոսությունների և դրանց սեղմագրերի պահպանության գործը.
վերլուծում և ամփոփում է պաշտպանված ատենախոսությունների քանակի ու դրանց գիտական ուղղվածության վերաբերյալ տվյալները և համապատասխան տեղեկանքներ ու առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
հրատարակում է տեղեկագրեր:
III. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման համակարգն ընդգրկում է բարձրագույն որակավորման հանձնաժողովը և մասնագիտական խորհուրդները:
5. Բարձրագույն որակավորման հանձնաժողովը գիտնականների որակավորմանը վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով մասնագիտական խորհուրդներին կանոնակարգով տրված ինքնուրույնությունը:
6. Բարձրագույն որակավորման հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
7. Բարձրագույն որակավորման հանձնաժողովն իր իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է բարձրագույն որակավորման համակարգի հաստատությունների համար, ստուգում դրանց կատարումը:
8. Բարձրագույն որակավորման հանձնաժողովն ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան իրեն հանձնարարված ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
9. Բարձրագույն որակավորման հանձնաժողովը գիտնականների որակավորման համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված բնագավառում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց ճշտորոշ պատասխանատվության սահմանումով:
10. Բարձրագույն որակավորման հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որին նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահն ունի տեղակալներ, որոնց նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
11. Բարձրագույն որակավորման հանձնաժողովն ունի աշխատակազմ, որի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
12. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը`
պատասխանատվություն է կրում հանձնաժողովի խնդիրների և ֆունկցիաների կատարման համար.
սահմանում է հանձնաժողովի նախագահի տեղակալների, աշխատակազմի բաժինների վարիչների պատասխանատվության աստիճանը.
բաշխում է պարտականությունները հանձնաժողովի նախագահի տեղակալների միջև.
հաստատում է բարձրագույն որակավորման հանձնաժողովի աշխատակազմի հաստիքային ցուցակը.
հաստատում է բարձրագույն որակավորման հանձնաժողովի աշխատակազմի բաժինների կանոնադրությունները, մասնագիտական խորհուրդների աշխատանքի կանոնակարգը.
առաջարկում է բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամների քանակը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի անհատական կազմը.
ղեկավարում է բարձրագույն որակավորման հանձնաժողովի աշխատակազմը, կազմակերպում և վարում է հանձնաժողովի նիստերը.
իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախագահի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:
13. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կազմի մեջ մտնում են հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալներն ի պաշտոնե, գիտության տարբեր բնագավառների մասնագետներ:
14. Բարձրագույն որակավորման հանձնաժողովը պարբերաբար անցկացվող իր նիստերում քննության է առնում համակարգի զարգացման հիմնական խնդիրները և համակարգի գործունեության այլ հարցեր, քննարկում մասնագիտական խորհուրդների գործնական ղեկավարման, աշխատանքի ստուգման, կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում հանձնաժողովի աշխատակազմի բաժինների, մասնագիտական խորհուրդների հաշվետվությունները:
Հանձնաժողովի որոշումներն իրագործվում են, որպես կանոն, նախագահի հրամաններով:
15. Բարձրագույն որակավորման հանձնաժողովը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների, գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում նշված հարցերի ճիշտ լուծմանը:
16. Բարձրագույն որակավորման հանձնաժողովն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք, դրոշմակնիք: