Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-331
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2002/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

30 հոկտեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի նոյեմբերի 25-ին` Մոսկվայում, որի նպատակն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ժամանակ անուղղակի հարկերի կրկնակի գանձումը բացառելու միջոցով Կողմերի միջև փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու տնտեսական ինտեգրացման խորացումն է: Ընդ որում, համաձայնագիրը չի շոշափում Կողմերի ստորագրած այլ միջազգային պայմանագրերի դրույթները:

2. Կողմերը պարտավորվել են կիրառել հարկման հետևյալ սկզբունքները.

ա) անուղղակի հարկերով չհարկել մյուս Կողմի տարածք արտահանվող ապրանքները (աշխատանքները, ծառայությունները),

բ) մի կողմի մաքսային տարածք ներմուծված ապրանքները (աշխատանքները, ծառայությունները), որոնք արտահանվել են մյուս Կողմի մաքսային տարածքից, անուղղակի հարկերով հարկել ներմուծող պետությունում` վերջինիս ազգային օրենսդրությանը համապատասխան:

3. Ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) ներմուծելիս և արտահանելիս անուղղակի հարկերի գանձումը և այդ գործընթացի նկատմամբ անհրաժեշտ հսկողությունն իրականացվելու է համաձայնագրի անբաժանելի մասը կազմող կանոնակարգին, իսկ ապրանքների արտահանումը և ներմուծումը հաստատվելու են այդ կանոնակարգի անբաժան մասը կազմող հավաստագրին համապատասխան:

Կանոնակարգով մանրամասնված են արտահանման դեպքում անուղղակի հարկերի գանձման, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման փաստացի հաստատման, ինչպես նաև համաձայնագրի մասնակից պետությունների հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման կազմակերպման կարգն ու պայմանները:

4. Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հնարավոր վեճերի լուծման ընթացակարգերի վերաբերյալ:

5. Համաձայնագրում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների հետ ապահովում են բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն, միաժամանակ` տնտեսավարող սուբյեկտների համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 հոդվածին համապատասխան ապահովելով ազատ տնտեսական մրցակցություն և տնտեսական գործունեության ազատություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


30 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ-331