ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 1993 թվականի N 165
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Պաշտոնական դիրքի չարաշահումների և կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին» հրամանագրի 8-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների որակավորման ստուգման կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական կառավարման մարմինների ապարատի պատասխանատու աշխատողների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների ատեստավորում անցկացնելու մասին» N 495 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների որակավորման ստուգումը (այսուհետև` ատեստավորում) իրականացվում է պետական ապարատն ամրապնդելու, կադրերի պատրաստումը, ընտրությունը և տեղաբաշխումը բարելավելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետությունում ատեստավորման ենթակա չեն այն պետական ծառայողները, որոնք`
ա) ընտրվում են պաշտոնում
բ) նշանակվում են պաշտոնում Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Երկակի ենթակայության պետական կառավարման մարմինների պետական ծառայողների ատեստավորումն իրականացվում է վերադաս պետական կառավարման մեկ մարմնի կողմից` մյուսի հետ համաձայնեցնելով:
4. Հերթական ատեստավորման ենթակա չեն այն պետական ծառայողները, որոնք աշխատել են տվյալ պետական մարմնում 1 տարուց ոչ ավելի, հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանայք: Հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվող կանայք ենթակա են ատեստավորման աշխատանքի դուրս գալուց հետո ոչ շուտ, քան 1 տարի անց:
II. Ատեստավորող հանձնաժողովի կազմավորումը, ատեստավորման անցկացման ժամկետները
5. Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների ատեստավորումն իրականացնում են ատեստավորող հանձնաժողովները: Ատեստավորող հանձնաժողովները կազմվում են նախագահից, քարտուղարից, անդամներից`
ա) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատում համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի հրամաններով.
բ) գործադիր իշխանության մյուս մարմիններում` այդ մարմինների ղեկավարների հրամաններով:
6. Պետական ծառայողների ատեստավորումն անցկացվում է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան 3 տարին մեկ անգամ: Ատեստավորող հանձնաժողովները հաստատում են ատեստավորման կոնկրետ ժամկետները, դրանց անցկացման գրաֆիկները: Ատեստավորող պետական ծառայողը ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման մասին:
III. Ատեստավորման անցկացման կարգը
7. Մինչ ատեստավորումը` ոչ ուշ քան 2 շաբաթ առաջ, յուրաքանչյուր պետական ծառայողի համար կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ատեստավորող հանձնաժողովին է ներկայացվում բնութագիր:
Ատեստավորող պետական ծառայողը, որպես կանոն, մինչ ատեստավորումը ծանոթանում է ներկայացված բնութագրին:
8. Պետական ծառայողի ատեստավորումն անց է կացվում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պարտադիր մասնակցությամբ:
9. Ատեստավորող հանձնաժողովը լսում է ատեստավորողի հաշվետվությունն իր աշխատանքի մասին և քննության է առնում ներկայացված նյութերը:
10. Ատեստավորող հանձնաժողովի նիստին ոչ հարգելի պատճառով պետական ծառայողի չներկայանալու դեպքում հանձնաժողովն իրավասու է ատեստավորումն անցկացնել նրա բացակայությամբ:
11. Պետական ծառայողի գործնական և բարոյական հատկանիշների, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ նրա վերաբերմունքի բազմակողմանի, օբյեկտիվ քննարկման հիման վրա ատեստավորող հանձնաժողովը նրա գործունեությանը տալիս է հետևյալ գնահատականներից մեկը`
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
12. Պետական ծառայողի գործունեության գնահատականը և հանձնաժողովի հանձնարարականներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, ատեստավորվողի բացակայությամբ: Ատեստավորումն ու քվեարկումն անց են կացվում ատեստավորող հանձնաժողովի հաստատված կազմի անդամների թվի ոչ պակաս, քան 2/3-ի առկայությամբ: Քվեարկության արդյունքները որոշվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում ատեստավորվող պետական ծառայողը ճանաչվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող: Ատեստավորման արդյունքները պետական ծառայողին հայտնվում են քվեարկությունից անմիջապես հետո: Ատեստավորման արդյունքները (գնահատականն ու հանձնարարականները) գրանցվում են ատեստավորման թերթիկի մեջ, որը լրացվում է մեկ օրինակից (կցվում է) և ստորագրվում է ատեստավորող հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և քվեարկությանը մասնակցած բոլոր անդամների կողմից:
Ատեստավորում անցած պետական ծառայողի ատեստավորման թերթիկն ու բնութագիրը կցվում են նրա անձնական գործին:
IV. Ատեստավորման արդյունքներն ու հետևանքները
13. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչը, իսկ գործադիր իշխանության մյուս մարմիններում` այդ մարմինների ղեկավարները, հիմք ընդունելով ատեստավորման արդյունքները, Հայաստանի Հանրապետության գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշում են կայացնում պետական ծառայողի նյութական կամ բարոյական խրախուսման, աշխատանքից ազատման կամ նրա համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրման մասին: Նշված որոշումներն ընդունվում են, եթե ատեստավորման օրից չի անցել 1 ամսից ավելի, չհաշված պետական ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Մեկամսյա ժամկետը լրանալուց հետո ատեստավորման արդյունքներով պետական ծառայողի նկատմամբ որևէ որոշում ընդունելն անթույլատրելի է:
14. Ատեստավորման հետ կապված վեճերը լուծվում են աշխատանքային վեճերի լուծման կարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: