ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 1993 թվականի N 127
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ժամագոտիների միջազգային համակարգին համապատասխան ժամանակի հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդունել ժամանակի հաշվարկման հետևյալ կարգը` օրվա ընթացքում հաշվել ժամը 0-24-ը` օրվա սկիզբ ընդունելով կեսգիշերը:
Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգը իրականացնել համաձայն ժամագոտիների միջազգային համակարգի, որին համապատասխան 1993 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 3-ին ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տանել:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է միջազգային համակարգի 3-րդ ժամագոտում:
2. Սկսած 1994 թվականից, ամեն տարի մարտի վերջին կիրակի օրը ժամը 2-ին ժամացույցի սլաքները լրացուցիչ մեկ ժամ առաջ տանելով անցնել «ամառային» ժամանակի (ժամագոտու ժամին գումարած մեկ ժամ) և սեպտեմբերի վերջին կիրակի օրը ժամը 3-ին մեկ ժամ հետ տանելով վերադառնալ ժամագոտու ժամին:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին` ապահովել սույն որոշմամբ սահմանված ժամանակի հաշվարկման կարգին անցնելու համար անհրաժեշտ միջոցառումների մշակումը և կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` բնակչությանը ժամանակին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1992 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» N 437 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |