ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 1993 թվականի N 17
քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում խմելու և ոռոգման ջրերի գործող հորատանցքերի շահագործման բնագավառում առկա թերությունները վերացնելու և ստորերկրյա ջրերի օգտագործումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանը` 1993 թվականին կատարել հանրապետությունում գործող խմելու և ոռոգման ջրերի հորատանցքերի վկայագրավորում (պասպորտավորում)` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության ծախսերի հաշվին:
2. Սահմանել, որ`
ա) հանրապետության տարածքում ստորերկրյա ջրերի օգտագործումը և նոր հորատանցքերի հորատումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրվող` Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության հետ համաձայնեցված հատուկ ջրօգտագործման թույլտվության առկայության դեպքում.
բ) հանրապետության տարածքում ստորերկրյա ջրերի նոր հորատանցքերի հորատումը կատարվում է միայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ստորգետնյա ջրերի օգտագործման վարչության և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության կազմակերպությունների միջոցով.
գ) Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի շատրվանող նոր հորատանցքերի հորատման թույլտվությունը տրվում է սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա) Արարատյան դաշտավայրում արտեզյան ավազանի ջրերի պաշարների սպառումը կանխելու նպատակով այսուհետև արգելել Երևան քաղաքի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Էջմիածնի շրջանների ջրամատակարարման աղբյուր հանդիսացող Գայ-Հայկաշենի և Ռանչպարի ստորերկրյա ջրերի ավազանում հորատման թույլտվություն տալը և աշխատանքների կատարումը.
բ) վկայագրավորման (պասպորտավորման) արդյունքների հիման վրա 1993-1995 թվականների ընթացքում վերացնել շահագործման համար ոչ պիտանի հորատանցքերը, նորոգել և փականային ռեժիմի բերել հանրապետության տարածքում գտնվող բոլոր հորատանցքերը:
Գյուղատնտեսական նպատակով օգտագործվող հորատանցքերի նորոգման և փականային ռեժիմի բերման աշխատանքները կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության շահագործական ծախսերի հաշվին, իսկ արդյունաբերական, կոմունալ-կենցաղային և այլ նպատակներով օգտագործվողներինը` շահագործող կազմակերպությունների միջոցների հաշվին.
գ) խիստ հսկողություն սահմանել ստորերկրյա ջրերի հաշվառման և օգտագործման նկատմամբ:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը և հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` պատգամավորների Էջմիածնի և Մասիսի շրջխորհուրդների գործկոմների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել Գայ-Հայկաշենի և Ռանչպարի ստորերկրյա ջրերի ավազանում գործող ձկնաբուծական տնտեսությունների օրինականությունը, միջոցներ ձեռնարկել տեղ գտած խախտումների վերացման համար և 1993 թվականի մայիսին տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
5. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` անհրաժեշտ հսկողություն սահմանել Գայ-Հայկաշենի և Ռանչպարի ստորերկրյա ջրերի ավազանում սանիտարական պահպանության գոտիների նկատմամբ:
6. Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանը յուրաքանչյուր հետախուզական աշխատանքի ավարտից հետո խիստ հսկողություն սահմանել հետախուզական հորատանցքերի վերացման նկատմամբ: Հետագա օգտագործման համար պիտանի և անհրաժեշտ հորատանցքերը շահագործման հանձնել միայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համաձայնեցնելուց և շահագործողների հաշվին պատշաճորեն սարքավորելուց հետո:
7. Պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ուժեղացնել հսկողությունը ստորերկրյա ջրերի արդյունավետ ու խնայողաբար օգտագործման նկատմամբ:
8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վրա և պարտավորեցնել նրան` որոշման կատարման ընթացքի մասին ամենամյա հաշվետվություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |