ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 1993 թվականի N 7
քաղ. Երևան
ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Երկաթուղով բեռնափոխադրումների ծրագրերի կատարումը և շարժակազմի արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Երկաթուղով բեռնափոխադրումների գծով խախտումների համար սահմանել հետևյալ չափերով տուգանքներ`
ա) մերձատար ուղիների շահագործման պայմանագրում նշված ժամկետները, ծանուցագիրը հանձնելուց հետո, երկաթուղու կողմից խախտելու դեպքում երկաթուղին բեռնառաքին կամ բեռնաստացին վճարում է տուգանք` ժամում մեկ վագոնի համար 10 ռուբլու չափով.
բ) բեռնաստացը ոչ լրիվ բեռնաթափված կամ ոչ լրիվ մաքրված վագոնները և բեռնարկղերը երկաթուղուն հանձնելու դեպքում վճարում է տուգանք` 235 ռուբլու չափով` սովորական վագոնի համար և 470 ռուբլու չափով` հատուկ վագոնի համար.
գ) բեռնափոխադրումների ծրագրերը չկատարելու դեպքում երկաթուղին և բեռնառաքը կրում են փոխադարձ նյութական պատասխանատվություն, երկաթուղին վագոնները և բեռնարկղերը ծրագրավորված չափով չտալու, իսկ բեռնառաքը տրված վագոնները և բեռնարկղերը չօգտագործելու կամ բեռնառաքումների ծրագրով նախատեսված բեռնումից հրաժարվելու դեպքում վճարում են տուգանք 16 ռուբլու չափով` տոննաներով ծրագրավորված բեռներից յուրաքանչյուր տոննայի համար, 780 ռուբլու չափով` վագոններով ծրագրավորված բեռներից յուրաքանչյուր վագոնի համար, 312 ռուբլու չափով` բեռնարկղերով ծրագրավորված բեռներից մեծ տարողությամբ (20 տոննա) բեռնարկղի համար, 60 ռուբլու չափով` միջին տարողությամբ բեռնարկղի համար, բացառությամբ արտակարգ իրավիճակների.
ծրագրավորված բեռնափոխադրման նշանակման կայանների (ճանապարհների) հասցեները փոխելու դեպքում բեռնառաքը վճարում է տուգանք` 5 ռուբլու չափով` տոննաներով ծրագրավորված բեռներից մեկ տոննայի համար, 310 ռուբլու չափով` վագոններով ծրագրավորված բեռներից մեկ վագոնի համար, 95 ռուբլու չափով` բեռնարկղերով ծրագրավորված բեռներից մեծ տարողությամբ (20 տոննա) բեռնարկղի համար, 31 ռուբլու չափով` միջին տարողությամբ բեռնարկղի համար.
ծրագրավորված երթուղիները փոխելու դեպքում բեռնառաքը վճարում է տուգանք 1200 ռուբլու չափով` մեկ երթուղու համար.
դ) բեռնագրում բեռնառաքի կողմից բեռի ոչ ճիշտ անվանման, ինչպես նաև փոխադրման համար արգելված կամ մեծ զգուշություն պահանջող բեռների հատկանիշը ոչ ճիշտ նշելու դեպքում բեռնառաքը վճարում է տուգանք 235 ռուբլու չափով` վագոնային ուղարկումից մեկ վագոնի համար, 31 ռուբլու չափով` բեռնարկղային ուղարկումից մեկ բեռնարկղի համար, մեկ մանր ուղարկումից` 31 ռուբլու չափով.
ե) առանց երկաթուղու թույլտվության, բեռնառաքների, բեռնաստացների մերձատար ուղիների տնօրենների կողմից երկաթուղուն պատկանող վագոնների և բեռնարկղերի օգտագործման դեպքում նրանք վճարում են մեկ վագոնի համար` օրական 780 ռուբլու չափով և մեկ բեռնարկղի համար 390 ռուբլու չափով տուգանք.
զ) մաքսային ստուգումների ժամանակ բեռնառաքի մեղքով վագոնների և բեռնարկղերի պահման դեպքում բեռնառաքը վճարում է ժամում 5 ռուբլու չափով` սովորական վագոնի համար, ժամում 10 ռուբլու չափով` հատուկ վագոնի համար, ժամում 14 ռուբլու չափով` վագոն-սառնարանի համար, ժամում 10 ռուբլու չափով` մեծ տարողությամբ բեռնարկղի համար և միջին տարողությամբ բեռնարկղի համար` ժամում 3 ռուբլու չափով տուգանք.
է) բեռնառաքի կողմից վագոնները և մեծ տարողությամբ բեռնարկղերը տեխնիկական նորմաներին և լրիվ բեռնատարողությանը համապատասխան չօգտագործելու դեպքում բեռնառաքը վճարում է 16 ռուբլու չափով` նորմայից պակաս բարձած յուրաքանչյուր 100 կիլոգրամի համար, բեռնարկղի և վագոնի տարողությունը ոչ լրիվ օգտագործելու համար` 315 ռուբլու չափով տուգանք այն դեպքում, երբ բեռների չափսերը թույլ չեն տալիս լրիվ բեռնավորելու վագոնները կամ բեռնարկղերը.
ը) երկաթուղու կողմից շարժակազմը ոչ մաքուր վիճակում բեռնման տալու դեպքում երկաթուղին վճարում է սովորական վագոնի համար 235 ռուբլու չափով տուգանք, հատուկ վագոնի համար` 470 ռուբլու չափով տուգանք.
թ) ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող կամ նրանց վարձակալած վագոնները կամ բեռնարկղերը երկաթուղու կողմից ինքնուրույն զբաղեցվելու դեպքում երկաթուղին վճարում է մեկ վագոնի համար օրական 780 ռուբլու չափով և մեկ բեռնարկղի համար 390 ռուբլու չափով տուգանք:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |