ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԿԱՆԽԱՎՃԱՐ ՈՌՈԳՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» 2001 Թ. ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 օգոստոսի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կանխավճար ոռոգման զարգացման ծրագրի նախապատրաստման համար» 2001 թ. հունիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի բացատրությունները, հետազոտելով նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 2001թ. հունիսի 14-ին Վաշինգտոնում` Հայաստանի Հանրապետության ոռոգման զարգացման ծրագրի նախապատրաստման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: Ըստ համաձայնագրի` Միջազգային զարգացման ընկերակցությունը, որպես ոռոգման զարգացման ծրագրի նախապատրաստման կանխավճար, Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է մեկ միլիոն հարյուր քառասուն հազար ԱՄՆ-ի դոլարը չգերազանցող գումար:
2. Համաձայնագիրը նախատեսում է ոռոգման զարգացման ծրագրի նախապատրաստական այն աշխատանքները, որոնց նպատակաուղղվելու են կանխավճարի միջոցները: Համաձայնագրով սահմանված են կանխավճարի բաշխման ուղղությունները, այն է` խորհրդատվական ծառայություններ, ապրանքների գնում, ոռոգման համակարգի գործունեության և պահպանման համար նոր ստեղծված կազմակերպությունների լրացուցիչ գործառնական ծախսեր:
3. Համաձայնագրով սահմանված է նախատեսվող աշխատանքների կազմակերպման և ապրանքների գնման կարգը, որի համար համապատասխանաբար հիմք են հանդիսանում «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և աշխատանքի ընդունման ուղեցույցը» և «Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի փոխառությունների և Միջազգային զարգացման ընկերակցության վարկերի հիման վրա կատարվող գնումների ուղեցույցը»:
4. Համաձայնագիրը կանխավճարն ստացողին արտոնում է կանխավճարով ֆինանսավորվող գործողությունների իրականացմանը նպաստելու նպատակով բացել հատուկ հաշիվ, որի միջոցով իրականացվող դրամական գործառնությունները կատարվում են համաձայնագրով նախատեսված պայմաններով:
5. Համաձայնագրով սահմանված են կանխավճարից մասհանումներ կատարելու կարգը, մասհանումներն արգելող պայմանները, ինչպես նաև մասհանումների կասեցման և դադարեցման հիմքերը: Ըստ համաձայնագրի` կանխավճարի մասհանված գումարներից գանձվում է ծառայության վճար` տարեկան 1%-ի 3/4-ի չափով:
6. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Միջազգային զարգացման ընկերակցության պահանջով կանխավճարի օգտագործման վերաբերյալ պարբերաբար տրամադրել ամբողջական տեղեկություններ, Համաշխարհային բանկի համար ընդունելի ձևով կազմել ֆինանսական հաշվետվություններ, Համաշխարհային բանկին ներկայացնել յուրաքանչյուր տարվա համար հատուկ հաշվի` անկախ հաշվեքննիչների (աուդիտորների) կողմից իրականացված հաշվեքննության արդյունքները: Կանխավճարի միջոցներով կատարված ծախսումների կապակցությամբ կանխավճարն ստացողը պարտավորվում է առնվազն մեկ տարի պահել ծախսերը վկայող բոլոր փաստաթղթերն ու գրանցումները, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել ուսումնասիրելու այդ փաստաթղթերն ու գրանցումները:
7. Կանխավճարից միջոցների հանումը դադարեցվում է 2002թ. փետրվարի 28-ին, որից հետո կանխավճարի մնացորդները չեղյալ են հայտարարվում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կանխավճար ոռոգման զարգացման ծրագրի նախապատրաստման համար» 2001 թ. հունիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|