Գլխավոր տեղեկություն
Համար
N 474
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.1992-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.09.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 1992 թվականի N 474

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԵՆԱՀԱՆՄԱՆ, ԲԱԶՄԱՑՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի շարժական հուշարձանների պատճենահանման, բազմացման, տարածման և պատճենների արտահանման կարգը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1992 թ.
սեպտեմբերի 12-ի N 474 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԵՆԱՀԱՆՄԱՆ, ԲԱԶՄԱՑՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի շարժական հուշարձանների պատճենահանումը կատարվում է պատվիրատուի գրավոր հայտի հիման վրա, որում նշված են պատճենահանման նպատակը և պատճենների քանակը:

2. Գրավոր հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի շարժական հուշարձանների պատճենահանման համապատասխան թույլտվություն (անկախ պատճենահանման եղանակից) տալիս են`

ա) բնօրինակի ընթացիկ պահպանման ու օգտագործման կամ տնօրինման իրավունք ունեցող պետական հիմնարկը, եթե պատճենահանումը կատարվում է ոչ բազմացման, ոչ տարածման, դրա օգտագործումից շահույթ (եկամուտ) չստանալու և արտահանման նպատակով: Պատվիրատուն ստորագրում է համապատասխան պարտավորագիր, որով նա պարտավորվում է այն չբազմացնել, չտարածել և շահույթ ստանալու նպատակով չօգտագործել: Պարտավորագրի խախտման դեպքում պատվիրատուն կրում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կամ պարտավորագրով նախատեսված կարգով.

բ) բնօրինակի ընթացիկ պահպանման ու օգտագործման կամ տնօրինման իրավունք ունեցող պետական հիմնարկի վերադաս կառավարման մարմինը, եթե պատճենահանումը կատարվում է բազմացման, տարածման կամ շահույթ ստանալու նպատակով:

3. Թույլտվություն ստանալու համար գրավոր հայտի հետ միասին պատվիրատուն ներկայացնում է`

ա) հեղինակային իրավունքի առարկա հանդիսացող պատմության և մշակույթի շարժական հուշարձանի հեղինակի գրավոր համաձայնությունը.

բ) հեղինակի բացակայության կամ հեղինակային իրավունքի օրենքով սահմանված ժամկետը լրացած հեղինակային իրավունքի առարկա հանդիսացող պատմության և մշակույթի շարժական հուշարձանի պատճենահանման համար բնօրինակի ընթացիկ պահպանման ու օգտագործման կամ տնօրինման իրավունք ունեցող հիմնարկի կողմից տրվող գրավոր համաձայնությունը:

4. Սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում թույլտվություն տվող վերադաս կառավարման մարմինը պատվիրատուի հետ կնքում է պայմանագիր, որտեղ նշվում են պատճենահանման նպատակը, եղանակը, բազմացված պատճենների քանակը, պատճենների օգտագործման կամ օտարման կարգը, մոտավոր արժեքը, պատճենների օգտագործումից կամ օտարումից սպասվելիք շահույթի այն տոկոսաչափը (ստացված շահույթի 10 տոկոսից ոչ պակաս), որը պետք է հաշվանցվի պայմանագիր կնքող վերադաս պետական կառավարման մարմնին, ինչպես նաև` պատասխանատվությունը պայմանագրի խախտման համար:

5. Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի շարժական հուշարձանների պատճենահանման (անկախ պատճենահանման եղանակից) դեպքում պատվիրատուն պարտավոր է նշել բնօրինակի գտնվելու վայրը, հաշվառման վերաբերյալ տվյալները և տվյալ հիմնարկի` բնօրինակին տված անվանումը:

6. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի շարժական հուշարձանների պատճենահանման աշխատանքների իրականացման կամ կազմակերպման մենաշնորհը պատկանում է դրանց ընթացիկ պահպանման ու օգտագործման կամ տնօրինման իրավունք ունեցող պետական հիմնարկին: Պետական հիմնարկների տնօրինությունները պատասխանատու են պատճենահանվող շարժական հուշարձանի պահպանվածության և ամբողջականության համար: Շարժական հուշարձանների պատճենահանման գործունեությունը կարող է շահույթ բերել պատճենահանման աշխատանքներն իրականացնող կամ կազմակերպող պետական հիմնարկին:

7. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի շարժական հուշարձանի պատճենը, որպես կանոն, բնօրինակից պետք է ունենա տարբերակիչներ:

8. Պատմամշակութային արժեքի պատճենի վրա դրվում է սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված պետական հիմնարկի հատուկ դրոշմը կամ որևէ տարբերակիչ, մեկից ավելի օրինակների դեպքում` նաև հերթական համարը:

9. Փաստաթղթեր պատճենահանելիս, որպես կանոն, պատճենահանվում են միայն առանձին էջեր` ամբողջական կրկնակի թանգարանային ֆոնդ չստեղծելու նպատակով:

10. Առարկաները պատճենահանելիս կաղապարները պետական հիմնարկի տնօրինության որոշմամբ պահվում են կամ ոչնչացվում, որի մասին կազմվում է համապատասխան ակտ:

11. Յուրաքանչյուր պետական հիմնարկ վարում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի շարժական հուշարձանների պատճենահանման խիստ հաշվառում` համարակալված էջերով և վերադաս պետական կառավարման մարմնի կողմից կնքված հատուկ մատյանում:

12. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի շարժական հուշարձանի պատճենահանման համար պատվիրատուից գանձվում է վճար` պատճենահանումն իրականացնող կամ կազմակերպող պետական հիմնարկի կողմից սահմանված գնացուցակին համապատասխան:

13. Սույն կարգի պահանջների փաստաթղթերով հիմնավորված լիակատար կատարումը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի շարժական հուշարձանների պատճեններն արտասահման արտահանելու համար: