ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 1992 թվականի N 468
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգի մասին կանոնադրությունը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի նմուշի նկարագիրը (կցվում է):
3. Ընդունել ի գիտություն, որ անձնագրերի պատրաստման համար պայմանագիր է կնքվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Գրեզինկե ընդ դևրիենտ» գերմանական ֆիրմայի միջև:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող 16 տարին լրացած անձինք պարտավոր են ունենալ կացության վկայական:
2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն:
3. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձին կացության վկայական տրվում է 10 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի վկայականի ժամկետը ներքին գործերի մարմինների կողմից կարող է երկարացվել ևս 5 տարի ժամանակով:
4. Կացության վկայականում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի մասին գրառվում են հետևյալ տեղեկությունները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, թիվը, ծննդավայրը, սեռը:
5. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականում կարող են կատարվել հետևյալ նշումները`
ա) ներքին գործերի մարմինների կողմից`
օտարերկրյա պետություններում կացության վկայականների վավերության ժամկետների մասին.
օտարերկրյա պետություններ մշտական բնակության մեկնելու դեպքում` մինչև 16 տարեկան երեխաների մասին.
բնակության վայրի մասին.
ազգության մասին (անձի ցանկությամբ).
բ) սահմանային ծառայությունների կողմից` օտարերկրյա պետություններ մեկնելու և վերադառնալու մասին.
գ) առողջապահության մարմինների կողմից` արյան խմբի և ռեզուսի մասին (անձի ցանկությամբ):
6. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականն օտարերկրյա պետություններում վավերական է մինչև նրանում իրավասու մարմնի կողմից նշված ժամկետը:
7. Կացության վկայականը կորցնելու մասին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձը հայտնում է ներքին գործերի մարմիններին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության հյուպատոսարան:
8. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են հաշվառման` ներքին գործերի մարմիններում:
Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք պարտավոր են հաշվառվել այն բնակավայրում, որտեղ նրանք կբնակվեն երեք ամսից ավելի:
9. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի Հայաստանի Հանրապետության տարածքում բնակության վայր ընտրելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:
10. Առանց կացության վկայականի կամ անվավեր վկայականով, ինչպես նաև առանց հաշվառման բնակվելու համար Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ կանոններ, որոնք նախատեսված չեն սույն կանոնադրության մեջ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրով սահմանված կանոնները:
ՀՍԱՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը 88 X 125 մմ. չափի, 32 էջանոց փաստաթուղթ է:
Վկայականի շապիկի առաջին էջի վերևում հայերեն գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», բառակապակցությունը: Շապիկի կենտրոնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև հայերեն գլխատառերով տպագրվում է «ԿԱՑՈՒԹՅԱՆ վԿԱՅԱԿԱՆ» բառակապակցությունը:
Վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` գունավոր: Ներքևի մասում հայերեն և անգլերեն տպագրվում է «Այս փաստաթուղթը վավերական է բոլոր երկրներում» նախադասությունը:
Վկայականի առաջին էջի վերևի մասում հայերեն և անգլերեն տպագրվում են «Հայաստանի Հանրապետություն» , իսկ կենտրոնում` «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառակապակցությունները:
Վկայականի 2-րդ էջում տողեր են հատկացվում անձի ազգանվան, անվան, հայրանվան, ծննդավայրի, ծննդյան օրվա, ամսվա, թվի և սեռի մասին տվյալները լրացնելու համար: Յուրաքանչյուր տողի տակ հայերեն և անգլերեն տպագրվում են «ազգանուն», «անուն», «հայրանուն», «ծնվել է», «ծննդավայրը» և «սեռը» բառերը: Էջի ներքևում հայերեն և անգլերեն տպագրվում է «Այս փաստաթուղթը վավերական է մինչև» նախադասությունը:
Կացության վկայականի 3-րդ էջում 35 X 45 չափի տեղ է հատկացվում անձի լուսանկարի, իսկ դրա տակ տող` նրա ստորագրության համար: Տողի ներքևում հայերեն և անգլերեն տպագրվում է «Ստորագրություն» բառը: Էջի ներքևի մասում հայերեն և անգլերեն տպագրվում են «Տրվել է» և «Ում կողմից» բառերը:
Վկայականի 4-րդ էջը հատկացվում է օտարերկրյա պետություններում կացության վկայականի վավերականության ժամկետները նշելու համար: Էջի վերևում հայերեն և անգլերեն տպագրվում է «Փաստաթուղթն օտարերկրյա պետություններում վավերական է մինչև» նախադասությունը:
Վկայականի 5-րդ և 6-րդ էջերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պետական իշխանության իրավասու մարմինների կողմից նշումներ կատարելու համար: Էջերի վերևում հայերեն և անգլերեն տպագրվում է «Նշումներ» բառը:
Կացության վկայականի 7-32-րդ էջերը նախատեսվում են օտարերկրյա պետություններում իրավասու մարմինների կողմից տվյալ երկիր մուտք գործելու թույլտվություններ տալու համար: Էջերի վերևում հայերեն և անգլերեն տպագրվում է «ՎԻԶԱ» բառը:
Վկայականի շապիկի նախավերջին էջի ներքևի մասում հայերեն և անգլերեն տպագրվում է «Այս փաստաթուղթը 32 էջից է» նախադասությունը:
Կացության վկայականները դակման միջոցով համարակալվում են: