Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-312
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2002/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

21 օգոստոսի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 1995 թվականի ապրիլի 30-ին` Դամասկոսում, որի նպատակը Կողմերի տարածքների միջև և այդ տարածքներից դուրս կանոնավոր օդային հաղորդակցություններ հաստատելն է:

Համաձայնագրով նախատեսվում են օդային հաղորդակցության հետևյալ տեսակները.

- Կողմերի տարածքների վրայով անվայրէջք թռիչքների իրագործում,

- Կողմերի տարածքներում սահմանված վայրերում ոչ առևտրային նպատակներով վայրէջքների կատարում,

- Կողմերի տարածքների համապատասխան վայրեր մեկնող կամ այդ վայրերից ժամանող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի ընդունում և իջեցում,

- երրորդ երկրների տարածքի` համաձայնագրի հավելվածում նշված վայրերում մյուս Կողմի տարածքի վայրեր մեկնող կամ այդ վայրերից ժամանող ուղևորների, ուղեբեռների, բեռների, փոստի իջեցում և ընդունում:

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետևյալ հիմնական պարտավորությունները:

- տրամադրել համապատասխան իրավունքներ համաձայնագրով նախատեսված օդային հաղորդակցության իրականացման նպատակով,

- օդային հաղորդակցության իրականացման ընթացքում օրենսդրական և նորմատիվ իրավական այլ ակտերը կիրառել համաձայնագրում նախանշված պայմաններին համապատասխան, ընդ որում` առանց միակողմանի որևէ արտոնության նախատեսման,

- համաձայնագրի կատարման ընթացքում պահպանել նաև ստանձնած միջազգային իրավական պարտավորություններն այն մասով, որոնք վերաբերում են անվտանգության խնդիրներին,

- անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել` կանխելու քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք:

3. Ըստ համաձայնագրի` յուրաքանչյուր Կողմ միջազգային կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով իրավունք ունի նշանակելու մեկ ավիաընկերություն և այդ մասին գրավոր ծանուցել մյուս Կողմին, իսկ վերջինս պարտավոր է այդ ավիաընկերությանը տրամադրել շահագործման անհրաժեշտ լիազորություն:

Նշանակված ավիաընկերությունն իրավունք չունի մյուս Կողմի տարածքի վայրերի միջև վճարով կամ վարձակալությամբ տեղափոխելու ուղևորներ, բեռներ կամ փոստ:

4. Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ նորմատիվ իրավական ակտերի կիրառման առանձնահատկությունների, ավիափոխադրումների անվտանգության ապահովման, ավիաընկերություններին անհրաժեշտ լիազորություններ տրամադրելու և չեղյալ հայտարարելու, մաքսային և այլ գանձումներ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կարգի, հնարավոր տարաձայնությունների կարգավորման և համաձայնագրի շրջանակներում համագործակցության այլ պայմանների վերաբերյալ:

Նախատեսված են նաև դրույթներ համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու ընթացակարգերի վերաբերյալ:

Համաձայնագրի հավելվածում սահմանված են Կողմերի միջև նախատեսված օդային հաղորդակցության երթուղիները:

5. Համաձայնագրում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` պետությունների հետ ապահովում են բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն: Այդ պարտավորությունները չեն հակասում նաև 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված` Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1995 թվականի ապրիլի 30-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


21 օգոստոսի 2001 թվականի
ՍԴՈ-312