ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 1992 թվականի N 367
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԼՔՎԱԾ ՈՒ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում լքված ու կիսակառույց տների և դրանց կից օժանդակ շինությունների հետագա տնօրինման, պահպանման և բնակեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հանրապետության գյուղական բնակավայրերում լքված ու կիսակառույց տները և դրանց կից օժանդակ շինությունները, ինչպես նաև անօրինական զբաղեցրած այդպիսի տները հանձնել պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը:
2. Հանձնարարել պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության, գյուղատնտեսության նախարարության, ֆինանսների նախարարության և պետական ապահովագրության գլխավոր վարչության հետ համատեղ, երկամսյա ժամկետում հաշվառել և գույքագրել գյուղական բնակավայրերում բոլոր լքված, կիսակառույց տներն ու դրանց կից օժանդակ շինությունները և ճշտել մինչև 1991 թվականի հունվարի 1-ի դրությամբ դրանց պետական պարտադիր ապահովագրության գները:
3. Թույլատրել պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին իրենց տնօրինությանը հանձնված գյուղական բնակավայրերի լքված ու կիսակառույց տները և դրանց կից օժանդակ շինությունները, ինչպես նաև անօրինական զբաղեցրած այդպիսի տները վաճառելու`
ա) Ադրբեջանում տներն ու բնակարանները փոխանակած կամ վաճառած և տվյալ շրջանում ժամանակավորապես գրանցված կամ բնակվող փախստականների ընտանիքներին.
բ) բնակարանի կարիք ունեցող տվյալ շրջանի բնակիչներին.
գ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված բնակիչների կարիքները բավարարելուց հետո ազատ մնացած տները` այլ քաղաքների և շրջանների այն քաղաքացիներին, որոնք ցանկություն կհայտնեն մշտական բնակություն հաստատել տվյալ բնակավայրում:
4. Սահմանել, որ իրենց տները վաճառած կամ փոխանակած փախստականներին լքված ու կիսակառույց տների և դրանց կից շինությունների վաճառքն իրականացվելու է մինչև 1991 թվականի հունվարի 1-ը գործող պետական ապահովագրության գներով, իսկ տվյալ շրջանի բնակիչներին, այլ քաղաքների ու շրջանների քաղաքացիներին` ներկայիս գործող գներով:
5. Սահմանել, որ լքված ու կիսակառույց տների ու դրանց կից օժանդակ շինությունների վաճառքից գոյացած միջոցների`
ա) 75 տոկոսը փոխանցվելու է Հայաստան բռնագաղթված փախստականներին Ադրբեջանում թողած տների, բնակարանների, գույքի դիմաց վճարվելիք փոխհատուցումների հանրապետական կենտրոնացված հատուկ ֆոնդ.
բ) 25 տոկոսը թողնվելու է պատգամավորների համապատասխան շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տրամադրության տակ` փախստականներով բնակեցված գյուղերի բարեկարգման, ճանապարհների վերանորոգման, գազիֆիկացման, փողոցային լուսավորության անցկացման և սոցիալ-կենցաղային այլ կարիքների ֆինանսավորման համար:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, փախստականների հարցերի պետական վարչության, ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել հրահանգ գյուղական բնակավայրերում լքված ու կիսակառույց տների և դրանց կից օժանդակ շինությունների, ինչպես նաև անօրինական զբաղեցրած այդպիսի տների վաճառքի կարգի վերաբերյալ:
7. Հանձնարարել պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` լքված ու կիսակառույց տների և դրանց կից օժանդակ շինությունների, ինչպես նաև անօրինական զբաղեցրած այդպիսի տների վաճառքը հստակ իրականացնելու նպատակով ստեղծել համապատասխան հանձնաժողովներ` նրանցում ընդգրկելով իրավասու կազմակերպությունների աշխատակիցներին ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
8. Սահմանել, որ պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահները պատասխանատվություն են կրում լքված ու կիսակառույց տների և դրանց կից շինությունների վաճառքի գործում օրինականության պահպանման համար:
9. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության վրա:
10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում լքված տների և օժանդակ կառույցների տնօրինման մասին» N 225 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, թիվ 367 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|