Գլխավոր տեղեկություն
Համար
N 459
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.1994-15.06.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
23.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 1994 թվականի N 459

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել`

ա) «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման ապահովման կարգը (կցվում է).

բ) օտարերկրյա քաղաքացիներին տրվող փաստաթղթերի դիմաց գանձվող վճարների սակագինը, համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված վճարները մուտքագրվում են հանրապետական բյուջե.

բ) սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված փաստաթղթերի ձևերի տպագրման ծախսերը կատարվում են հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանարպետության սահմանակետերում ստեղծել մուտքի արտոնագրային ծառայություններ` նրանց ապահովելով աշխատանքի համար անհրաժեշտ տարածքով ու գույքով:

4. Սահմանել, որ առանց մուտքի արտոնագրի Հայաստանի Հանրապետության սահմանակետ ժամանած օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտքը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու հետ կապված ծախսերը կատարվում են նրանց հաշվին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաների տրման ժամանակավոր կարգի մասին» N 1 որոշումը, բացառությամբ 3-րդ և 4-րդ կետերի, ինչպես նաև նշված որոշմամբ հաստատված ժամանակավոր կարգի 8-րդ կետի:

6. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի սեպտեմբերի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
սեպտեմբերի 23-ի N 459 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետև` օտարերկրյա քաղաքացիներ) Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի տրման ու դրա ժամկետի երկարաձգման, նրանց Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի և դրան համապատասխան փաստաթղթերի տրման ու ձևակերպման, նշված քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև աշխատանքային գործունեությամբ զբաղվելու հարցերը:

2. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում 3 ամսից ավելի ժամկետով բնակվող օտարերկրյա քաղաքացիները ենթակա են ըստ բնակության վայրի հաշվառման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների անձնակազմերի հաշվառումն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

3. Հյուրանոցներ, հանգստյան տներ, առողջարաններ կամ զբոսաշրջության հանգրվաններ ժամանած օտարերկրյա քաղաքացիների հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:

4. Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ունենալ իրենց ինքնությունը հաստատող` միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ (այսուհետև` անձնագիր) և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի կամ իրավասու այլ պետական մարմինների ներկայացուցիչների պահանջով: Օտարերկրյա քաղաքացին անձնագիրը կորցնելու մասին պետք է անհապաղ հայտնի ներքին գործերի համապատասխան մարմնին: Օտարերկրյա քաղաքացու խնդրանքով նրան կարող է տրվել անձնագիրը կորցնելու մասին տեղեկանք (N 1 ձևը կցվում է):

5. Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետություն ժամանելու, բնակվելու, տեղաշարժվելու և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են ներքին գործերի մարմինները:

 

2. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալը եՎ դրանց ժամկետների երկարաձգումը

 

6. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք են գործում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով տրված Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի (N 2 ձևը կցվում է) հիման վրա:

7. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացիները ներկայացնում են անձնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված` պաշտոնական կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ձևակերպված անձնական հրավեր և լրացնում դիմում-հարցաթերթիկ (N 3 ձևը կցվում է):

Առանց հրավերի Հայաստանի Հանրապետություն ժամանել ցանկացող կամ Հայաստանի Հանրապետության սահմանակետ ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագիր տալու որոշումը կայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կամ ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինները:

8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների անձնակազմերին և նրանց ընտանիքների անդամներին, օտարերկրյա պետությունների պետական պատվիրակությունների անդամներին մուտքի արտոնագրերը տրվում և դրանց ժամկետները երկարաձգվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մարմինների կողմից:

9. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության սահմաններում պարտավոր են ներկայացնել մուտքի արտոնագիր, անձնագիր և լրացնել հայտարարագիր (N 4 ձևը կցվում է):

10. Ծառայողական, առևտրական կամ հասարակական գործերով, ուսման, արտադրական պրակտիկայի, որակավորման բարձրացման, աշխատելու, բուժման և հանգստի նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի ժամկետը կարող է երկարաձգվել նրանց ընդունող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների (այսուհետև` կազմակերպություններ) միջնորդությունների հիման վրա:

11. Անձնական հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետություն նրանց հրավիրած անձանց դիմումի հիման վրա:

12. Կազմակերպված կարգով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի արտոնագրի ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետությունում նրանց ընդունող կազմակերպության միջնորդության հիման վրա:

Հայաստանի Հանրապետություն ժամանած անհատ զբոսաշրջիկների մուտքի արտոնագրի ժամկետը կարող է երկարաձգվել նրանց դիմումի հիման վրա:

13. Օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի ժամկետի երկարաձգման համար նրանց ընդունող կազմակերպություններն ու անձինք ներկայացնում են`

ա) գրավոր միջնորդություն (դիմում).

բ) օտարերկրյա քաղաքացու անձնագիր.

գ) մուտքի արտոնագիր.

դ) դիմում-հարցաթերթիկ:

 

3. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ տալը եվ դրա ժամկետի երկարաձգումը

 

14. Կացության կարգավիճակ ստանալու կամ դրա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ օտարերկրյա քաղաքացիների դիմումները Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին:

15. Կացության կարգավիճակ ստանալու կամ դրա ժամկետը երկարաձգելու համար օտարերկրյա քաղաքացիները ներկայացնում են`

ա) դիմում (N 5 ձևը կցվում է).

բ) հարցաթերթիկ ( N 6 ձևը կցվում է).

գ) 2 լուսանկար` 4,5 x 3,5 սմ չափսի.

դ) անձնագիր.

ե) անհրաժեշտության դեպքում` աշխատանքային կամ այլ պայմանագրի պատճենը.

զ) անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետության պետական, հավատարմագրված կամ լիցենզավորված ոչ պետական բուհ ընդունված օտարերկրյա քաղաքացիները սույն կետով սահմանված փաստաթղթերից բացի ներկայացնում են նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից, իսկ փախստականները` փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:

16. Օտարերկրյա քաղաքացիներին կացության բացառիկ կարգավիճակը տրվում և դրա ժամկետը երկարաձգվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից:

17. Կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակների տրման կամ դրանց ժամկետների երկարաձգման մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինը:

Կացության ժամանակավոր, սովորական և բացառիկ կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացիներին տրվում է կացության քարտ
(N 7 ձևը կցվում է):

Օտարերկրյա քաղաքացիները կացության կարգավիճակի մասին փաստաթուղթը կորցնելու դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել այն տվող ներքին գործերի մարմնին, որը կորցրածի փոխարեն նրանց տալիս է նոր փաստաթուղթ:

Կացության կարգավիճակի մասին փաստաթուղթը կորցնելու համար օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ կացության բացառիկ կարգավիճակ ունեցողների, պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:

18. Կացության ժամանակավոր, սովորական և հատուկ կարգավիճակի մասին փաստաթղթերի տրման և դրանց ժամկետների երկարաձգման համար օտարերկրյա քաղաքացիները մուծում են վճար` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով:

19. Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ կացության բացառիկ կարգավիճակ ունեցողների, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն աշխատանք ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու` ըստ բնակության վայրի զբաղվածության կենտրոն:

20. Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Հայաստանի հանրապետությունից 6 ամսից ավելի ժամկետով բացակայել ցանկացող` կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմին են ներկայացնում դիմում, որին կցում են անձնագիրը և կացության քարտը: Հարցի դրական լուծման դեպքում օտարերկրյա քաղաքացու կացության քարտի «Նշումներ» բաժնում կատարվում է հետևյալ գրառումը` «Հայաստանի Հանրապետությունից ելքը թույլատրված է « » 199  թ.», որը կնքվում և ստորագրվում է:

Մերժման դեպքում տրվում է հիմնավորված գրավոր պատասխան:

 

4. Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունից վտարման կարգը

 

22. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների անձնակազմերի կամ նրանց ընտանիքների անդամ հանդիսացող` կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետությունից վարչական կարգով վտարման հետ կապված հարցերը կարգավորվում են միջազգային իրավունքի նորմերով:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող` միջազգային կազմակերպությունների ծառայողներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունից վարչական կարգով վտարման մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իրազեկ է պահում տվյալ միջազգային կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա ներկայացուցչին:

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 1994 թ.
սեպտեմբերի 23-ի N 459 որոշման

 

Ս Ա Կ Ա Գ Ի Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ

 

1. Կացության կարգավիճակի փաստաթղթերի տրման կամ դրանց ժամկետների երկարաձգման դիմաց գանձվող վճարների սակագինը`

 

ա)

կացության ժամանակավոր կարգավիճակի համար

-

200 ԱՄՆ-ի դոլար.

բ)

կացության սովորական կարգավիճակի համար` տարեկան

-

150 ԱՄՆ-ի դոլար.

գ)

կացության հատուկ կարգավիճակի համար

-

1000 ԱՄՆ-ի դոլար.

դ) կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակների ժամկետների երկարաձգման համար - 200 ԱՄՆ-ի դոլար:

 

 2. Հայաստանի Հանրապետության տարածքում նշված վճարները կարող են գանձվել նաև Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած տարադրամի փոխանակման կուրսից:

3. Նշված վճարների գանձումից ազատվում են`

ա) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի հանրապետության աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքների անդամները.

բ) Հայաստանի Հանրապետության մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տվող անձինք.

գ) փախստականի կարգավիճակ ունեցող անձինք: