Գլխավոր տեղեկություն
Համար
N 684
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.1991-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.1991
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 1991 թվականի N 684

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գնացքների շարժակազմի հետ անմիջականորեն առնչվող երկաթուղային տրանսպորտի աշխատողների սոցիալական պաշտպանվածության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1992 թվականի հունվարի 1-ից մտցնել Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի գնացքների շարժակազմի հետ անմիջականորեն առնչվող աշխատողների դժբախտ դեպքերից պետական պարտադիր ապահովագրություն:

Ապահովագրությունն իրականացնել կենտրոնացված կարգով, Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի միջոցների հաշվին:

Ապահովագրական վճարների ժամանակին և լրիվ փոխանցման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքը և Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրության գլխավոր վարչությունը:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված ապահովագրական վճարները, ներառյալ ապահովագրության անցկացման համար պետական ապահովագրության մարմիններին նրանց ծախսերի փոխհատուցմանն ուղղված այդ ֆոնդերի 10 տոկոսի չափով վճարվող գումարները, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրության գլխավոր վարչության հաշվարկային հաշվին:

3. Սահմանել, որ պետական ապահովագրության մարմինները աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ ապահովագրված անձանց հետ տեղի ունեցած դժբախտ պատահարների դեպքում (ապահովագրական դեպք) ապահովագրական գումարները (ապահովագրական փոխհատուցում) վճարում են`

ա) ապահովագրված անձի մահվան դեպքում` 25,0 հազար ռուբլի, նրա ժառանգներին.

բ) դժբախտ պատահարի հետևանքով ապահովագրված անձին հաշմանդամության խումբ սահմանելու դեպքում`

1-ին խմբի հաշմանդամին` 15,0 հազար ռուբլի,

2-րդ խմբի հաշմանդամին` 10,0 հազար ռուբլի,

3-րդ խմբի հաշմանդամին` 8,0 հազար ռուբլի.

գ) եթե նրան սահմանված չէ հաշմանդամություն, ապահովագրված անձի ծանր մարմնական վնասվածք ստանալու դեպքում` եռակի ամսական աշխատավարձի չափով, թեթև մարմնական վնասվածքի դեպքում` ամսական աշխատավարձի չափով:

Գների փոփոխության դեպքում նշված գումարները ենթակա են ինդեքսավորման` ընդհանուր կարգով:

4. Ապահովագրական պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի:

5. Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը սահմանել, ելնելով ապահովագրական միասնական դրույքից` 1,5 տոկոս ապահովագրական գումարի (25,0 հազար ռուբլի յուրաքանչյուր ապահովագրված անձի համար) նկատմամբ:

6. Ապահովագրական վճարների գանձումն իրականացնել յուրաքանչյուր ամիս` տարեկան գումարի 1/12 մասի չափով:

7. Յուրաքանչյուր ամսվա համար վճարման ժամկետ սահմանել մինչև հաջորդ ամսվա 20-ը:

8. Ապահովագրական պայմանագրի գործողության սկիզբը սահմանել ապահովագրական առաջին վճարի գանձման օրվանից սկսած:

9. Սահմանել, որ ապահովագրական վճարների լրիվ և ժամանակին գանձումն ապահովելու նպատակով, Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի միջոցների չբավարարման դեպքում, տարբերությունը հատուցվում է հանրապետական բյուջեի հաշվին, հետագայում բաժանմունքի կողմից բյուջեին փոխհատուցելու պայմանով:

10. Ապահովագրական վճարների ընդհանուր գումարի 10 տոկոսը մնում է պետապի մարմինների տրամադրության տակ և ենթակա է նրա կողմից ազատ տնօրինման:

Համապատասխան տարում ապահովագրական վճարների և փոխհատուցված գումարների տարբերությունը ենթակա է հաշվանցման հաջորդ տարվա ապահովագրական վճարների հաշվին:

Մինչև նշված հաշվանցման իրականացումը, տարվա ընթացքում պետապի մարմինները կարող են ազատ միջոցներն օգտագործել իրենց հայեցողությամբ (բանկային դեպոզիտ, ինվեստիցիա, արժեթղթերի առուծախ, մասնակցություն այլ կազմակերպությունների տնտեսական գործունեությանը և այլն):

11. Տվյալ տարվա ընթացքում ապահովագրական փոխհատուցումներին ուղղված միջոցները չբավարարելու դեպքում տարբերության փոխհատուցումը կատարվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի հետ համատեղ մշակել երկաթուղային տրանսպորտի շարժակազմի հետ անմիջականորեն առնչվող աշխատողների դժբախտ դեպքերից պետական պարտադիր ապահովագրության անցկացման կարգը և պայմանները:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ