Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-227
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2001/3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.04.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2000

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺՈՒՄ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

11 ապրիլի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Ա. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21 (1) և 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատախազության մարմիններում և հաստատություններում ծառայությունն ընդհանուր աշխատանքային ստաժում և երկարամյա ծառայության մեջ փոխադարձ հաշվառելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մկրտչյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատախազության մարմիններում և հաստատություններում ծառայությունն ընդհանուր աշխատանքային ստաժում և երկարամյա ծառայության մեջ փոխադարձ հաշվառելու մասին համաձայնագիրն ստորագրվել է 1998 թ. նոյեմբերի 25-ին Մոսկվայում` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում դատախազության աշխատողների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության համակողմանի զարգացման նպատակով:

Համաձայնագրի նորմերը տարածվում են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացի հանդիսացող` դատախազության մարմինների դատախազների և քննիչների, դատախազության գիտական և կրթական հաստատությունների գիտական և մանկավարժական աշխատողների վրա, ովքեր աշխատում են աշխատանքային պայմանագրի հիման վրա:

Համաձայնագրով մասնակից պետությունները պարտավորվում են փոխադարձաբար ճանաչել դատախազության մարմինների և հաստատությունների աշխատողների աշխատանքային ստաժը և երկարամյա ծառայությունը` աշխատավարձին դրամական հավելումներ (հավելավճարներ) վճարելիս:

Ըստ համաձայնագրի` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետության տարածքում աշխատանքային ստաժի և երկարամյա ծառայության մասին պատշաճ կարգով տրված անհրաժեշտ փաստաթղթերը սույն համաձայնագրի մյուս մասնակից պետությունների տարածքներում ընդունվում են առանց օրինականացման:

Համաձայնագրով Կողմերը պայմանավորվել են մշակել դատախազության մարմինների և հաստատությունների աշխատողների սոցիալական ապահովության մասին փոխհամաձայնեցված փաստաթուղթ:

Համաձայնագրին համապատասխան, եթե դրա կիրառման հետ կապված խնդիրներ առաջանան, ապա դրանց լուծումը կհամաձայնեցվի համաձայնագրի մասնակից պետությունների գլխավոր դատախազությունների (դատախազությունների) լիազորված ներկայացուցիչների միջոցով` երկկողմ կամ բազմակողմ հիմունքներով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատախազության մարմիններում և հաստատություններում ծառայությունն ընդհանուր աշխատանքային ստաժում և երկարամյա ծառայության մեջ փոխադարձ հաշվառելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


11 ապրիլի 2000 թվականի
ՍԴՈ-227