Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-414
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2004/3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
22.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2003

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ին ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

22 ապրիլի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի սեպտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված` Վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի սեպտեմբերի 28-ին` Մոսկվայում:

Համաձայնագիրն ստորագրելիս` Կողմերը նպատակ են հետապնդել անցկացնել համաձայնեցված քաղաքականություն, որն ուղղված կլինի վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովմանը, նշված բնագավառում ընդհանուր մոտեցումների, իրավական կարգավորման սկզբունքների համատեղ մշակմանը, դրանց ներդաշնակեցմանը միջազգային նորմերին և չափանիշներին, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ուղղված պետական հսկողության սահմանմանը:

Ստորագրելով համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) սահմանել Կողմերի հետ համաձայնեցված արդյունաբերական անվտանգության պահանջներ` կապված վտանգավոր արտադրական օբյեկտների նախագծման, շինարարության, շահագործման, ընդլայնման, վերականգնման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման և վերացման, ինչպես նաև հիշատակված օբյեկտներում կիրառվող տեխնիկական սարքավորումների պատրաստման, տեղակայման, կարգաբերման, սպասարկման և վերանորոգման հետ.

բ) մշակել մոտեցումներ` կապված տվյալ բնագավառում գործունեության տեսակների, ազգային ընթացակարգերի, պահանջների, լիցենզավորման պայմանների, ինչպես նաև տեխնիկական սարքավորումների կիրառման կարգի և պայմանների հետ.

գ) մշակել վտանգավոր արտադրական օբյեկտներում զբաղված մասնագետների և անձնակազմի պատրաստման և ատեստավորման հետ կապված ընթացակարգեր և պահանջներ.

դ) մասնակցել միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակմանը, իրագործմանը, գիտահետազոտական աշխատանքների համատեղ անցկացմանը.

ե) մասնակցել նշված բնագավառում հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների քննարկմանն ուղղված գիտաժողովների, գիտապրակտիկ կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների անցկացմանը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակմանը.

զ) աջակցել արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողության մարմինների, ինչպես նաև համապատասխան փորձագիտական և գիտահետազոտական կազմակերպությունների միջև մշտական շփումներին և խորհրդատվություններին.

է) պատրաստել մասնագետներ և բարձրացնել նրանց որակավորումը.

ը) անհրաժեշտության դեպքում ապահովել ստացվող փաստաթղթերի և համաձայնագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների և նվաճած գիտատեխնիկական արդյունքների մասին տեղեկատվության գաղտնիությունը.

թ) հոգալ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման հետ կապված բոլոր ծախսերը:

Համաձայնագիրը չի շոշափում արդյունաբերական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից նախկինում կնքված միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները:

Համաձայնագրում սահմանված են վերջինիս ուժի մեջ մտնելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերի լուծման, համաձայնագրին միանալու և դրանից դուրս գալու կարգը, ինչպես նաև դրա գործողության ժամկետները:

Համաձայնագրի իրականացման համար փաստաթղթի 4-րդ հոդվածով նախատեսվում է հիմնել Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհուրդ, որի ձևավորման կարգը, կազմը, խնդիրները և գործունեության ուղղությունները, իրավունքները, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման կարգն ամրագրված են համաձայնագրի անբաժանելի մասը կազմող հավելվածում:

Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն ուղղված են ՀՀ Սահմանադրության 29 հոդվածով նախատեսված` «... անվտանգության և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների» իրավունքի, 34 հոդվածով նախատեսված` բնակչության առողջության պահպանման իրավունքի իրականացման, միջազգային այլ պայմանագրերով նախատեսված էկոլոգիական խնդիրների լուծման ոլորտում միջպետական համագործակցության ուղղությունների և ձևերի հստակեցմանը և հաստատմանը:

Համաձայնագրի հոդված 5-ում նախատեսված փոփոխությունները և լրացումները Հայաստանի Հանրապետության համար կարող են ուժի մեջ մտնել սույն համաձայնագրի հոդված 7-ում սահմանված կարգով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2001 թվականի սեպտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված` Վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


22 ապրիլի 2003 թվականի
ՍԴՈ-414

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան