ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 1994 թվականի N 330
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՎԻԶՈՐՆԵՐԻ ՀԵՏԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական կրթության համակարգի բարեփոխման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական կրթության կարգը (կցվում է):
2. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու էկոնոմիկայի նախարարության հետ, և հաստատել առողջապահության պետական համակարգի համար, պետական պատվերի շրջանակներում, բժիշկների ու պրովիզորների հետդիպլոմային մասնագիտացում, կատարելագործում և լրացուցիչ մասնագիտացում իրականացնող կազմակերպություններում դասավանդող-մասնագիտացող (կատարելագործվող) հարաբերակցությունը` 1,0:3,75:
3. Սահմանել, որ առողջապահության պետական համակարգի համար անհրաժեշտ, պետական պատվերի շրջանակներում`
ա) հետդիպլոմային մասնագիտացում անցնող բժիշկներին և պրովիզորներին ուսումնառության ժամանակաշրջանում վճարվում է կրթաթոշակ` համապատասխան որակավորման մասնագետ բժշկի կամ պրովիզորի միջին ամսական աշխատավարձի չափով.
բ) հետդիպլոմային կատարելագործում, ինչպես նաև լրացուցիչ մասնագիտացում անցնող բժշկի և պրովիզորի` ուսումնառության ժամանակաշրջանում վարձատրությունն իրականացվում է հիմնական աշխատանքի վայրում:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում և առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպել պետական պատվերից դուրս, վճարովի հիմունքներով բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտացում, կատարելագործում և լրացուցիչ մասնագիտացում:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել բժշկական և դեղագործական ընդհանուր, հիմնական ու նեղ մասնագիտությունների ցանկը.
բ) մինչև 1994 թվականի սեպտեմբերի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետությունում բժիշկների և պրովիզորների ընդհանուր, հիմնական ու նեղ մասնագիտությունների գծով հետդիպլոմային մասնագիտացման, կատարելագործման և լրացուցիչ մասնագիտացման անցկացման կարգն ու պայմանները, ուսումնական ծրագրերը.
գ) մինչև 1995 թվականի հունվարի 1-ը հաստատել բժշկական և դեղագործական ընդհանուր, հիմնական ու նեղ մասնագիտությունների գծով պաշտոնային հրահանգները և որակավորման բնութագրերը.
դ) մինչև 1995 թվականի հունվարի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետությունում առողջապահության պետական համակարգում աշխատող բժիշկների և պրովիզորների ատեստավորման կարգը` ելնելով սույն որոշման պահանջներից:
6. Սույն որոշումը կիրառել 1994 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՎԻԶՈՐՆԵՐԻ ՀԵՏԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետությունում բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական ուսուցումն իրականացվում է բժիշկների ու պրովիզորների մասնագիտացման, ինչպես նաև ընտրած մասնագիտության գծով հետագա կատարելագործման և մասնագետների լրացուցիչ մասնագիտացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետությունում բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական ուսուցումն իրականացվում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով ու պայմաններով:
3. Բժիշկների և պրովիզորների առանձին հիմնական ու նեղ մասնագիտությունների գծով մասնագիտացումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գիտահետազոտական ինստիտուտներում` նախարարության կողմից սահմանված կարգով և պայմաններով:
4. Առողջապահության պետական համակարգի համար բժիշկների և պրովիզորների մասնագիտացումը, կատարելագործումն ու լրացուցիչ մասնագիտացումն իրականացվում է պետական պատվերի սկզբունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, ինչպես նաև բժիշկները և պրովիզորները կարող են հետդիպլոմային մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով, վճարովի հիմունքներով, կազմակերպել իրենց աշխատողների մասնագիտացումը, կատարելագործումը և լրացուցիչ մասնագիտացումը:
2. Բժիշկների եվ պրովիզորների հետդիպլոմային մասնագիտացումը
6. Բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտացումը կրթության հիմնական ձև է, որի նպատակը գիտության ու տեխնիկայի մշտական առաջադիմության պայմաններում մասնագետ բժշկի և պրովիզորի պաշտոնում ինքնուրույն աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքների, մասնագիտական հմտությունների ուսուցումն է:
7. Բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտացումն իրականացվում է`
ա) բժշկական մասնագիտությունների գծով`
ընդհանուր մասնագիտացում` ինտերնատուրա.
հիմնական մասնագիտացում` օրդինատուրա.
նեղ մասնագիտացում.
բ) դեղագործական մասնագիտությունների գծով` հիմնական մասնագիտացում:
8. Բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտացման հիմնական խնդիրներն են տեսական և գործնական գիտելիքների, մասնագիտական հմտությունների ձեռքբերումը`
ա) ընդհանուր մասնագետ բժշկի համապատասխան պաշտոնում ինքնուրույն աշխատելու իրավունք ստանալու նպատակով.
բ) հետագա մասնագիտացման իրավունք ստանալու նպատակով.
գ) մասնագետ պրովիզորի համապատասխան պաշտոնում ինքնուրույն աշխատելու իրավունք ստանալու նպատակով.
դ) մասնագետ բժշկի պաշտոնում համապատասխան նեղ մասնագիտացմամբ ինքնուրույն աշխատելու իրավունք ստանալու նպատակով:
9. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի շրջանավարտները դիպլոմային փուլի ավարտից հետո իրենց հետդիպլոմային մասնագիտացումն սկսում են ինտերնատուրայում, որում ուսման տևողությունը մեկ տարի է:
Ինտերնատուրայում մասնագետ բժշկի ուսուցումն իրականացվում է երկու հիմնական ծրագրով`
ա) ընդհանուր մասնագիտացում` համապատասխան մասնագետ բժշկի պաշտոնում ինքնուրույն աշխատելու իրավունքով.
բ) հիմնական մասնագիտացում` առանց ինքնուրույն բժշկական գործունեության իրավունքի:
10. Ինտերնատուրայի շրջանավարտները սահմանված կարգով ստանում են`
ա) մասնագետ բժշկի որակավորումը հավաստող փաստաթուղթ`
ընդհանուր գործունեության բժիշկ.
ընդհանուր գործունեության մանկաբույժ.
ընդհանուր գործունեության ստոմատոլոգ.
բուժ-կանխարգելիչ գործի բժիշկ.
բ) բժշկական հիմնական մասնագիտության գծով օրդինատուրայում կրթությունը շարունակելու իրավունքը հավաստող փաստաթուղթ:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի դեղագործական կրթություն ստացած շրջանավարտները դիպլոմային փուլի ավարտից հետո ստանում են ընդհանուր պրովիզորի որակավորում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ինքնուրույն աշխատելու մասնագետ պրովիզորի պաշտոնում:
11. Հիմնական բժշկական մասնագիտությունների գծով ինտերնատուրայի համապատասխան շրջանավարտները սահմանված կարգով իրենց հետդիպլոմային կրթությունը շարունակում են օրդինատուրայում, որում ուսման տևողությունը 1-3 տարի է:
Գործնական առողջապահությունում ոչ պակաս քան 3 տարի աշխատած մասնագետ բժիշկները հիմնական բժշկական մասնագիտություն ստանալու համար իրենց հետդիպլոմային կրթությունը շարունակում են օրդինատուրայում, որում ուսման տևողությունը` ըստ մասնագիտությունների 2-4 տարի է:
Օրդինատուրան ավարտած մասնագետ բժիշկներն ստանում են տվյալ մասնագիտության գծով իրենց որակավորումը հավաստող և համապատասխան մասնագետ բժշկի պաշտոնում ինքնուրույն աշխատելու իրավունք տվող համապատասխան ձևի փաստաթուղթ:
Հիմնական դեղագործական մասնագիտությունների գծով պրովիզորների հետդիպլոմային մասնագիտացման տևողությունը մեկ տարի է:
Սահմանված կարգով պրովիզորների հետդիպլոմային մասնագիտացում կարող են անցնել ոչ պակաս քան 3 տարի մասնագետ պրովիզորի պաշտոնում աշխատած անձինք` բարձրագույն դեղագործական կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) առկայության դեպքում:
Մեկից ավելի հիմնական բժշկական մասնագիտության հավակնող բժիշկը կամ պրովիզորը կարող է սահմանված կարգով, ընդհանուր հիմունքներով. օրդինատուրայում անցնել երկրորդ կամ հետագա մասնագիտացումը` անկախ նախկին մասնագիտացման ժամկետներից: Ընդ որում, նրանց ցանկությամբ երկրորդ կամ հետագա մասնագիտացման ծրագրից սահմանված կարգով կարող են հանվել տնտեսական և գործնական գիտելիքների այն բաժինները, որոնք անցել են նախորդ մասնագիտացման ժամանակ:
12. Համապատասխան հիմնական մասնագիտության գծով օրդինատուրան ավարտելուց հետո, բժշկական նեղ մասնագիտացման տևողությունը 4 ամսից մինչև 2 տարի է, որից հետո մասնագետ բժիշկը ստանում է տվյալ նեղ մասնագիտության գծով մասնագետ բժշկի որակավորումը հավաստող և համապատասխան մասնագետ բժշկի պաշտոնում և որոշակի նեղ մասնագիտությամբ ինքնուրույն աշխատելու իրավունք տվող համապատասխան փաստաթուղթ:
13. Բժիշկների և պրովիզորների մասնագիտացման անցկացման կարգը և պայմանները, ժամկետները, հետդիպլոմային մասնագիտական կրթության ուսումնական ծրագրերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
3. Բժիշկների եվ պրովիզորների ընտրած մասնագիտությամբ հետագա կատարելագործումը եվ լրացուցիչ մասնագիտացումը
14. Բժիշկների և պրովիզորների կատարելագործումը հետդիպլոմային պարբերական կրթության կարևորագույն օղակներից մեկն է, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն բժշկական և (կամ) դեղագործական գործունեության իրավունք ստացած համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պարտադիր մասնագիտական վերապատրաստումը` բժշկական և դեղագործական գիտության ու տեխնիկայի նորագույն ձեռքբերումների հիման վրա:
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն բժշկական և (կամ) դեղագործական գործունեության իրավունք ստացած բժիշկ և պրովիզոր մասնագետները պարտավոր են համապատասխան մասնագիտական որակավորում ստանալուց կամ վերջին մասնագիտական կատարելագործում անցնելուց հետո ոչ ուշ քան 5 տարվա ընթացքում անցնել տվյալ մասնագիտության գծով կատարելագործում` 2-6 ամիս տևողությամբ: Կատարելագործման ավարտից հետո մասնագետին տրվում է մասնագիտական վերապատրաստման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Նշված փաստաթղթի բացակայությունը կամ նախկինում ստացած վերապատրաստման վերաբերյալ փաստաթղթի ժամկետանցումը կարող է հիմք հանդիսանալ համապատասխան որակավորման բժիշկ կամ պրովիզոր մասնագետին տվյալ պաշտոնում ինքնուրույն աշխատանքային գործունեության իրավունքից զրկելու համար:
Մասնագիտական կատարելագործման, լրացուցիչ մասնագիտացման ծրագրերը, կարգը, պայմանները և տևողությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
Համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող բժիշկ և պրովիզոր մասնագետները, սեփական նախաձեռնությամբ, մասնագիտական կատարելագործման շրջանակներում, լրացուցիչ մասնագիտացում իրականացնող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի հիման վրա վճարովի հիմունքներով կարող են անցնել իրենց հիմնական մասնագիտությանը հարակից կամ իրենց ինքնուրույն մասնագիտական գործունեությանն օժանդակող բժշկական և (կամ) դեղագործական հիմնական, բժշկական նեղ մասնագիտությունների գծով լրացուցիչ մասնագիտացում: Նմանօրինակ մասնագիտությամբ վերապատրաստման դեպքում տրվում է տեղեկանք այն մասին, որ վերջինս մասնագիտացել է հարակից կամ օժանդակ որևէ մասնագիտությամբ, սակայն այն չի կարող հիմք հանդիսանալ տվյալ գծով ինքնուրույն մասնագիտական գործունեության համար: