ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 հունվարի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռ. Շառոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2001 թվականի օգոստոսի 24-ին Բելգրադում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դաշնային կառավարության միջև կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ծանոթանալով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրություններին, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի օգոստոսի 24-ին Բելգրադում` երկու երկրների միջև կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցությունը խորացնելու նպատակով:
2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- խրախուսել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում երկու երկրների պետական մարմինների, հաստատությունների և այլ կազմակերպությունների միջև ուղղակի համագործակցությունը,
- աջակցել կրթության բնագավառի փորձագետների, դասախոսների, ասպիրանտների, ուսանողների փոխանակմանը: Փոխադարձության հիմունքներով հատկացնել կրթաթոշակներ իրենց երկրի բարձրագույն կրթական և գիտական հաստատություններում մյուս երկրի ուսանողներին, ասպիրանտներին և դասախոսներին,
- աջակցել երկու երկրների ժողովուրդների լեզվի, գրականության, մշակույթի փոխադարձ ուսումնասիրությանը,
- փոխանակել տեղեկատվություն և փաստաթղթեր վկայագրերի, գիտական աստիճանների և կոչումների համարժեքության ճանաչման վերաբերյալ:
Համաձայնագրով նախատեսվում է նաև դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու կարգը:
3. Համաձայնագիրը կոչված է փոխադարձության հիմունքներով նպաստելու երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հիմք է հանդիսանալու կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9, 11 և 36 հոդվածների դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2001 թվականի օգոստոսի 24-ին Բելգրադում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դաշնային կառավարության միջև կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|