ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 1994 թվականի N 339
քաղ. Երևան
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԱՐՏՏՆՏԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՌԵՑՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի հաճախորդների` Հայաստանի հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց սառեցված արտարժութային հաշիվներում եղած միջոցները Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտք վերաձևակերպելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկում սառեցված արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ նախկին ԽՍՀՄ արտտնտբանկում սառեցված արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց (այսուհետև` պարտատերեր) նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի գծով ստանձնած պարտավորությունների կատարումը, համաձայն սույն որոշմամբ հաստատված կարգի, իրականացվում է երկու փուլով`
ա) առաջին փուլում` սկսած 1994 թվականի օգոստոսի 1-ից ապասառեցվում և պարտատերերին վճարվում են`
իրենց հաշվին մինչև 1000 (մեկ հազար) ԱՄՆ-ի դոլար (կամ սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան հաշվարկված` դրան համարժեք արտարժույթ) ունեցող պարտատերերին հաշվում եղած գումարները` ամբողջությամբ հաշվարկված ԱՄՆ-ի դոլարով.
իրենց հաշվին 1000 (մեկ հազար) ԱՄՆ-ի դոլարից (կամ սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան հաշվարկված արտարժույթից) ավելի գումար ունեցող պարտատերերին` 1000 (մեկ հազար) ԱՄՆ-ի դոլար.
բ) երկրորդ փուլում` սկսած 1994 թվականի դեկտեմբերի 1-ից ամբողջությամբ ապասառեցվում և պարտատերերին, համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ, հաշվի մնացորդների սահմաններում վճարումները կատարվում են առանց գումարային սահմանափակումների:
3. Սահմանել, որ ապասառեցման ենթակա են նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկում 1992 թվականի մարտի15-ի դրությամբ սառեցված`
ա) նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկում բացված և նախկին ԽՍՀՄ արտտնտբանկից տեղափոխված «Ա», «Բ» և «Վ» տիպի` ազատ փոխարկելի, փակ, սոցերկրների, քլիրինգային արտարժույթներով ֆիզիկական անձանց անվամբ բացված հաշիվներում առկա միջոցները, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի աշխատողներին պատկանող սառեցված արտարժութային միջոցները.
բ) ֆիզիկական անձանց անվամբ ստացված արտարժութային փոխանցումները.
գ) ֆիզիկական անձանցից վճարման ընդունված չեկերը, արտարժութային հնամաշ դրամանիշերը:
4. Սահմանել, որ սույն որոշմամբ պարտատեր են ճանաչվում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի հաճախորդների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց սառեցված արտարժութային հաշիվներում եղած միջոցները Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտք վերաձևակերպելու մասին» որոշման ընդունման պահին` 1994 թվականի մայիսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք:
5. Սահմանել, որ սկսած 1994 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը, սույն որոշման 2-րդ կետի համաձայն, պարտատերերի հաշիվների չապասառեցված` 1000 (մեկ հազար) ԱՄՆ-ի դոլարը (կամ սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան հաշվարկված դրան համարժեք արտարժույթը) գերազանցող մնացորդին հաշվարկվում է տոկոս` տարեկան 6 տոկոս դրույքաչափով: Ապասառեցված, սակայն պարտատերերի կողմից չպահանջված մնացորդներին տոկոս չի հաշվարկվում:
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման պահից նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց սառեցված հաշիվների գծով պարտատեր է ճանաչվում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
8. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին միջոցների հատկացումը կատարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցված ժամկետներում և սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված` մարման ենթակա գումարների չափով:
9. Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի գծով Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունները համարվում են կատարված սույն որոշման 8-րդ կետի պահանջների կատարման պահից` հատկացված գումարների չափով:
10. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման նպատակով սույն որոշման 8-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից փոխանցված, սակայն 1995 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտատերերի կողմից չպահանջված գումարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ենթակա են վերականգնման Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե: Սկսած 1995 թվականի օգոստոսի 1-ից պարտատերերին ապասառեցված հաշիվներից վճարումները կատարվում են սույն որոշմամբ հաստատված կարգով փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու օրվանից` մեկ ամսվա ընթացքում: Սույն կետով սահմանված ապասառեցված հաշիվներից վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան վճարման հանձնարարագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեում այդ նպատակով նախատեսված ծախսերի հաշվին:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման նպատակով`
ա) մինչև 1994 թվականի հուլիսի 29-ը Հայներարտբանկի ներկայացմամբ հաստատել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ֆիզիկական անձանց անվանական ցուցակը և նրանց նկատմամբ պարտքի մեծությունը.
բ) մինչև 1994 թվականի հուլիսի 29-ը ապահովել առաջին փուլում մարման ենթակա գումարների (ԱՄՆ-ի դոլարով) փոխանցումը Հայներարտբանկին.
գ) մինչև 1994 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի սպասարկման ընթացքում վիճելի հարցերի լուծման և ընդհանուր վերահսկողության իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով` նրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության (ապարատի), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայներարտբանկի մեկական ներկայացուցիչ, և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.
դ) մինչև 1994 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով ապահովել նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի դրամարկղում առկա արտարժույթի փոխանակումը ԱՄՆ-ի դոլարի.
ե) մինչև 1994 թվականի նոյեմբերի 10-ը ապահովել 2-րդ փուլում մարման ենթակա գումարների` ԱՄՆ-ի դոլարով կամ դրան համարժեք Հայաստանի Հանրապետության դրամով կամ ազատ փոխարկելի արտարժույթով փոխանցումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին.
զ) անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի մասին» որոշման 16-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, վերահաշվարկել Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեում նախատեսված ծախսերի հաշվարկային ծավալը:
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մինչև 1994 թվականի հուլիսի 29-ը Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի սպասարկման նպատակով Հայներարտբանկին վարձակալական հիմունքներով հատկացնել Հայտրանսգործակալության զբաղեցրած (քաղ. Երևան, Նալբանդյան փող. N 4) տարածքը:
13. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` 1994 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը շուրջօրյա հերթապահություն սահմանել Հայներարտբանկի շրջակայքում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԱՐՏՏՆՏԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՍԱՌԵՑՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
1. Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկում սառեցված արտարժութային հաշիվներ ունեցող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով սառեցված հաշիվների ապասառեցումը և ապասառեցված հաշիվներից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց գումարների վճարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի հաճախորդների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց սառեցված արտարժութային հաշիվներում եղած միջոցները Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտք վերաձևակերպելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 26-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի սառեցված արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման մասին» թիվ 339 որոշման և սույն կարգի համաձայն:
2. Ապասառեցված հաշիվներից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց գումարների վճարումը կատարում է Հայներարտբանկը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայներարտբանկի կողմից հաստատված պարտատերերի ցուցակի հիման վրա:
3. Ապասառեցված հաշիվներից գումարների վճարումը կատարվում է ԱՄՆ-ի դոլարով, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետով սահմանված դեպքերի:
4. Այն դեպքում, երբ ապասառեցված հաշիվներից վճարման ենթակա գումարները վերջանում են ցենտերով, ապա 1 (մեկ) ԱՄՆ-ի դոլարից պակաս գումարի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության դրամով` 1 (մեկ) ԱՄՆ-ի դոլարը 310 (երեք հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքով:
Օրինակ.
Վճարման ենթակա է 903,65 ԱՄՆ-ի դոլար:
Վճարվում է 903 ԱՄՆ-ի դոլար և 201,5 Հայաստանի Հանրապետության դրամ (0,65 x 310):
5. Ապասառեցված հաշիվներից վճարման ենթակա գումարների ԱՄՆ-ի դոլարով փոխարժեքը հաշվարկվում է`
ա) ազատ փոխարկելի արտարժույթով արտահայտված օտարերկրյա (ինվալյուտային) ռուբլին` 1991 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ նախկին ԽՍՀՄ պետբանկի ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ ռուբլու առևտրային փոխարժեքի (100 ԱՄՆ-ի դոլար : 167,13 ռուբլի) հիման վրա.
բ) փակ և քլիրինգային արտարժույթով արտահայտված օտարերկրյա ռուբլին` 2 : 1 հարաբերությամբ` վերածելով ազատ փոխարկելի արտարժույթի և ստացված գումարի նկատմամբ կիրառելով սույն կետի «ա» ենթակետով սահմանված փոխարժեքը.
գ) նախկին սոցիալիստական երկրների արտարժույթով արտահայտված արժութային ռուբլին` 5 : 1 հարաբերակցությամբ` վերածելով ազատ փոխարկելի արտարժույթի և ստացված գումարի նկատմամբ կիրառելով սույն կետի «ա» ենթակետով սահմանված փոխարժեքը:
6. Ապասառեցված հաշիվներից գումարների ստացման համար պարտատերը անձամբ Հայներարտբանկ է ներկայացնում`
ա) բանկում լրացվող դիմում (ձևը կցվում է).
բ) անձնագիր կամ քաղաքացու անձը հաստատող այլ փաստաթուղթ.
գ) գումարի առկայությունը և պատկանելությունը հաստատող փաստաթուղթ (անդորրագիր, ծանուցագիր և այլն).
դ) տեղեկանք մշտական բնակության վայրից:
7. Պարտատիրոջ մահվան դեպքում, ապասառեցված հաշիվներից ժառանգին գումարների վճարումը կատարվում է Հայներարտբանկի հետևյալ փաստաթղթերի ներկայացմամբ`
ա) ժառանգության իրավունքը հաստատող փաստաթուղթ.
բ) դիմում.
գ) գումարը ստացողի անձնագիրը.
դ) գումարի առկայությունը հաստատող փաստաթղթերը:
8. Պարտատիրոջ հիվանդության, երկարատև բացակայության և այլ դեպքերում, երբ քաղաքացին չի կարող անձամբ ներկայանալ բանկ, ապասառեցված հաշիվներից գումարները վճարվում են նրա ներկայացուցչին, հետևյալ փաստաթղթերի ներկայացմամբ`
ա) օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր.
բ) դիմում.
գ) գումարը ստացողի անձնագիրը կամ քաղաքացու անձը հաստատող այլ փաստաթուղթ.
դ) պարտատիրոջ անձնագիրը.
ե) գումարի առկայությունը հաստատող փաստաթղթեր.
զ) պարտատիրոջ անունով տրված` տեղեկանք մշտական բնակության վայրից:
9. Սույն կարգի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի պահանջների չբավարարման դեպքում, ապասառեցված հաշիվներից գումարների վճարումը կատարվում է միայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
10. Ապասառեցված հաշիվներից գումարների վճարումը սկսած 1995 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը կատարվում է բացառապես Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի թույլտվությամբ: