ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀԱՆՔԱՀՈՐԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ 176 ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
3 փետրվարի 1998 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Հ. Հակոբյանի, հրավիրված` Լեռնատեխնիկական հսկողության վարչության պետ Ա. Հակոբյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1995 թվականի հունիսի 22-ին Ժնևում ընդունված` Հանքահորերում աշխատանքի հիգիենայի և անվտանգության մասին թիվ 176 կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու մասին:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հակոբյանի բացատրությունները, Լեռնատեխնիկական հսկողության վարչության պետ Ա. Հակոբյանի պարզաբանումները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հանքահորերում աշխատանքի հիգիենայի և անվտանգության մասին թիվ 176 կոնվենցիան ընդունվել է 1995 թվականի հունիսի 22-ին` Ժնևում, Աշխատանքի միջազգային բյուրոյի վարչական խորհրդի կողմից հրավիրված Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր կոնֆերանսի կողմից:
Կոնվենցիայի նպատակն է աշխատավորների աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովմանը վերաբերող միջոցառումների մշակումը, հանքային արդյունաբերության մեջ արտադրական գործունեության հետևանքով աշխատողներին և բնակչությանը սպառնացող վտանգի ու շրջապատող միջավայրին սպառնացող վնասի կանխումը:
Համաձայն կոնվենցիայի դրույթների, յուրաքանչյուր անդամ-պետություն, հաշվի առնելով ազգային պայմանները և շահագրգիռ գործատուների ու աշխատողների առավել ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո, մշակում, իրականացնում ու պարբերաբար վերանայում է հանքահորերում աշխատանքի հիգիենայի և անվտանգության բնագավառում համաձայնեցված քաղաքականությունը:
Կոնվենցիայի կիրառումն ապահովող միջոցառումները սահմանվում են ազգային օրենսդրությամբ: Անհրաժեշտության դեպքում սահմանվում են ազգային օրենսդրությունը լրացնող միջոցառումներ:
Հանքահորերում աշխատանքի հիգիենայի և անվտանգության տարբեր ասպեկտները հսկելու և կարգավորելու համար ազգային օրենսդրությամբ նշանակվում է իրավասու մարմին:
Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր կոնֆերանսը 1995 թվականի հունիսի 22-ին նաև որոշում է կայացրել աշխատանքի հիգիենային և անվտանգությանը վերաբերող մի շարք առաջարկություններին տալ սույն կոնվենցիան լրացնող հանձնարարականի ձև, որի դրույթները պետք է կիրառվեն կոնվենցիայի դրույթներին զուգահեռ:
Վերոհիշյալ հանձնարարականում մանրամասնված են հանքահորերում ռիսկի կանխարգելման և պաշտպանության միջոցները, աշխատողների և նրանց ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները, գործատուների և աշխատողների ու նրանց ներկայացուցիչների միջև համագործակցության մեխանիզմները և այլն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1995 թվականի հունիսի 22-ին Ժնևում ընդունված` Հանքահորերում աշխատանքի հիգիենայի և անվտանգության մասին թիվ 176 կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Հովհաննիսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|