ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 1991 թվականի N 282
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ԱՐՈՏՆԵՐԻ, ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Սահմանել, որ նախկին կոլտնտեսություններին, խորհտնտեսություններին և գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող պետական այլ ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկներին ամրացված պետական ֆոնդի հեռագնաց ամառային ու ձմեռային արոտները մնում են ժողովրդական պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինության տակ:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ժողովրդական պատգամավորների շրջանային խորհուրդների գործկոմների հետ համատեղ 1992-1993 թվականների ընթացքում ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ամառային ու ձմեռային արոտների տարածությունների կազմակերպման, դրանց հետագայում արդյունավետ օգտագործման վերաբերյալ:
3. Արոտային պահվածքի համար հատկացվող արոտավայրի չափը որոշվում է մեկ գլխի համար սահմանված նորմայով:
4. Ժողովրդական պատգամավորների գյուղխորհուրդների գործկոմների տնօրինությանը հանձնված վարչական տարածքում գտնվող արոտավայրերի վարձավճարի նվազագույն չափը կիրառվում է նաև հեռագնաց արոտավայրերի նկատմամբ:
5. Արոտավայրը տասը տարով օգտագործման պայմանագիր կնքած վարձակալներն առաջին երկու տարիների ընթացքում ազատվում են վարձավճարից:
6. Հեռագնաց անասնապահության համար ամառային և ձմեռային արոտներն օգտագործման են տրվում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 166 որոշմամբ հաստատված հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին կանոնադրության համաձայն:
7. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 166 որոշմամբ հաստատված հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին կանոնադրության 30, 31, 32 և 33-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«30. Հեռագնաց անասնապահության համար պետական ֆոնդի ամառային և ձմեռային արոտները, անկախ նրանից, թե որ շրջանի վարչական տարածքում են գտնվում, օգտագործման են տրվում անասնապահական մթերքներ արտադրող գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, պետական գյուղատնտեսական ձեռնարկություններին և այլ իրավաբանական անձանց` վարձակալական հիմունքներով, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ, կարճատև` մինչև 3 տարի և երկարատև` 3-10 տարի ժամկետով:
31. Հեռագնաց անասնապահության համար ամառային և ձմեռային արոտների կարիք ունեցող գյուղատնտեսական հիմնարկ-ձեռնարկությունները, կազմակերպությունները, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, քաղաքացիները հայտերը ներկայացնում են իրենց ժողովրդական պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործկոմներին` նշելով ամառային կամ ձմեռային արոտավայրերը տեղափոխվող անասունների գլխաքանակը, տեսակը և սեռահասակային կազմը:
Ժողովրդական պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները ուսումնասիրում, ամփոփում են ստացված հայտերը և առաջարկություն ներկայացնում իրենց ժողովրդական պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին:
Ժողովրդական պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները ուսումնասիրում են ստացված հայտերը և, այն ժողովրդական պատգամավորների շրջխորհուրդների գործկոմները, որոնց վարչական տարածքում են գտնվում ամառային կամ ձմեռային արոտները, որոշում են ընդունում ու համապատասխան նյութերը ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` հետագա ընթացք տալու համար: Իսկ այն ժողովրդական պատգամավորների շրջանային խորհուրդների գործկոմները, որոնց վարչական տարածքում չկան ամառային կամ ձմեռային հեռագնաց արոտներ, կամ պակաս են պահանջվող նորմաներից, հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և ժողովրդական պատգամավորների այն շրջխորհուրդների գործկոմներ, որոնց վարչական տարածքում են գտնվում ամառային և ձմեռային արոտները: Ստացված հայտերը ուսումնասիրվում են և 10-օրյա ժամկետում սահմանված կարգով առաջարկություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
32. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ուսումնասիրում է ստացված նյութերը, այն ամփոփում և համապատասխան փաստաթղթերը որոշման նախագծի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից որոշում ընդունելուց հետո համապատասխան շրջխորհրդի գործկոմները ըստ տրամադրվող արոտների, կնքում են պայմանագրեր` վարձավճարի վերաբերյալ:
33. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի քննարկմանը ներկայացվող հողհատկացման գործում պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը`
ա) հողամասի պահանջի վերաբերյալ պատգամավորների շրջանային խորհրդի գործկոմի հայտը.
բ) արոտավայր տրամադրող շրջանի ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի գործկոմի որոշումը.
գ) տեղեկանք անասնագլխաքանակի և տեսակի մասին, որի համար անհրաժեշտ է արոտավայր հատկացնել.
դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եզրակացությունը և հողամաս հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը.
ե) հատկացվող հողամասի հատակագիծը»:
8. Արոտների վարձակալության պայմանները որոշվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և վավերացվում պայմանագրով` պահպանելով անասնագլխաքանակի նորման:
Արոտների օգտագործման ընդունված պայմանների խախտման կամ գլխաքանակի փոփոխման դեպքում պայմանագիրը պետք է վերանայվի:
9. Գյուղատնտեսական կենդանիների մեկ գլխի համար արոտավայրերի օգտագործման վարձավճարը սահմանել տարեկան արոտային շրջանում հետևյալ չափերով`
ցուլ, կով, զամբիկ, հովատակ - 30 ռուբլի
տավարի, ձիերի այլ սեռահասակային խմբեր - 15 ռուբլի
տավարի, ձիերի մինչև մեկ տարեկան մատղաշ, մաքիներ, մերուններ, խոյեր - 7 ռուբլի
ոչխարի, այծի, այլ սեռահասակային խմբեր - 5 ռուբլի
10. Արոտների վարձակալական վճարներից տեղական խորհուրդների գործկոմներում գոյացած միջոցների առնվազն 50 տոկոսը հատկացվում է ըստ նպատակային նշանակության` արոտների բարելավման համար:
11. Սահմանել, որ չսեփականաշնորհված, պետական սեփականության բնական խոտհարքները օգտագործման են տրվում անասնապահական մթերքներ արտադրող գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, պետական գյուղատնտեսական ձեռնարկություններին և այլ իրավաբանական անձանց` մինչև 3 տարի, իսկ վարելահողերը և բազմամյա տնկարկները սահմանված կարգով` 3-10 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով, տվյալ վարձակալի հետ ամեն տարի պայմանագիրը վերահաստատելու պայմանով, եթե այդ հողերից սեփականաշնորհելու կամ տնամերձ հատկացնելու հարց չի ծագում:
Չսեփականաշնորհված վարելահողերի, բազմամյա տնկարկների և բնական խոտհարքների (մեկ հեկտարի հաշվով) տարեկան վարձավճարը կազմում է հողի մասնակի հատուցման 50 տոկոսը:
Կոլեկտիվ հիմունքներով օգտագործվող խոտհարքների վարձակալման չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 165 որոշմամբ նախատեսված ձևով:
12. Արոտների, չսեփականաշնորհված խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալության վճարները թողնվում են դրանք տնօրինող գյուղական, ավանային, քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին: Ընդ որում, շրջխորհուրդների գործկոմների կողմից վարձակալության տրվող հողատեսքերի վարձավճարի 50 տոկոսը մուտք է արվում հանրապետական, իսկ 50 տոկոսը` շրջանային բյուջե: Ավանային, գյուղական և քաղաքային խորհուրդների գործկոմների կողմից վարձակալության տրվող հողատեսքերի վարձավճարի 50 տոկոսը մուտք է արվում տեղական բյուջե, իսկ մնացածը` հանրապետական բյուջե:
Վարձակալված հողերի վարձավճարը մուծվում է կանխիկ գումարով կամ փոխանցման կարգով, ընդ որում, վարձավճարի 50 տոկոսը վճարվում է պայմանագիրը կնքելու պահին, իսկ մնացածը` արոտային շրջանի առաջին երկու ամիսների ընթացքում:
13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում որոշ նպատակներով հողամասերի հատկացումները ժամանակավորապես դադարեցնելու մասին» N 490 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.04.2001, N 286 | 08.05.2001, N 282 | |
09.03.1994, N 108 | 09.03.1994, N 282 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|