ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 1991 թվականի N 208
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են`
1. Գրանցել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի մասին կանոնադրությունը (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոոպերատիվներն ու տնտեսությունները, անկախ սեփականության ձևերից ու տնտեսավարման եղանակից, անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (խմբային) աշխատանքային վարձակալության պայմաններով աշխատող, անձնական գյուղացիական տնտեսության մեջ զբաղված, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով առանձին քաղաքացիներ վարձող անձինք 1991 թվականից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ են ուղղելու պետական սոցիալական ապահովագրության համար աշխատավարձի ֆոնդին հաշվարկվող 26 տոկոս ապահովագրական մուծումների ընդհանուր գումարի 19,5 տոկոսը:
Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 10-ի N 570 որոշման 1-ին կետի 2-րդ պարբերությունը:
3. Հայաստանի տարածքում գործող բոլոր բանկերին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի եկամուտների ու ծախսերի կատարման ապահովման նպատակով ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, տնտեսություններին ու կոոպերատիվներին աշխատավարձի վճարման համար միջոցներ տրամադրել միայն սոցիալական ապահովագրության ֆոնդին վճարումներ կատարելուց հետո:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` վերահսկողություն սահմանել սոցիալական ապահովագրության համար վճարումների ամբողջության և դրանք ճյուղային արհմիությունների հանրապետական կոմիտեներին ժամանակին փոխանցելու նկատմամբ:
5. Ճյուղային արհմիությունների հանրապետական կոմիտեներին` անհրաժեշտ վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն աշխատավորների նյութական ապահովության և նրանց իրավունքների ու երաշխիքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի կանոնադրությամբ նախատեսված բոլոր ծախսերի օրինականության պահպանման ու միջոցների արդյունավետ օգտագործման նկատմամբ:
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի, Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի ու շահագրգռված մյուս կազմակերպությունների հետ համատեղ բազմակողմանիորեն ուսումնասիրել և մինչև 1991 թվականի հունիսի 1-ը առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանվածության ծախսերի ֆինանսական ապահովման միասնական ֆոնդի ստեղծման նպատակահարմարության մասին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՄԽ-Ի նախագահ |
Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ
1. Հիմնական դրույթներ
1.1. Հայաստանի Հանրապետության աշխատավորների սոցիալական պաշտպանվածության ուժեղացման և սոցիալական ապահովագրության գծով նպաստների վճարման ծախսերի ֆինանսական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թ. դեկտեմբերի 10-ի թիվ 570 որոշմամբ 1991 թ. հունվարի մեկից կազմավորվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:
1.2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը ինքնուրույն ֆինանսաբանկային համակարգ է, նրա միջոցները պետական բյուջեի կազմի մեջ չեն մտնում, եկամտահարկման, գանձույթների և մաքսավճարների ենթակա չեն, օգտագործվում են այն նպատակներով ու կարգով, որոնք որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, օրենսդրական ակտերով և սույն կանոնադրությամբ:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի հիմնական խնդիրները
2.1. Ֆոնդի հիմնական խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում աշխատավորների, նրանց ընտանիքի անդամների նյութական ապահովության, առողջարանային բուժման, հանգստի և տուրիզմի կազմակերպման ու հիվանդությունների կանխարգելման այն երաշխիքների ու իրավունքների իրականացման ֆինանսական ապահովումը, որոնք նախատեսվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, օրենսդրական ակտերով և սույն կանոնադրությամբ.
բ) առողջարանների և առողջապահական նոր հիմնարկների կառուցումը.
գ) սոցիալական ապահովագրության գծով արտերկրների արհմիությունների կենտրոնների կամ միավորումների հետ համագործակցության իրականացումը
դ) ֆոնդի դրամական միջոցների կուտակումը, կենտրոնացումը, դրանց ընդլայնված վերարտադրության կազմակերպումն ու ուղղումը սույն կետի ա-ից գ ենթակետերով նախատեսված խնդիրների և սոցիալական ապահովագրության գծով հանրապետության ազգաբնակչության կենսամակարդակի հետագա բարելավման նոր միջոցառումների իրականացմանը:
3. Ֆոնդի միջոցները և ֆոնդի ծախսերը
3.1. Ֆոնդի միջոցները կազմավորվում են`
ա) ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոոպերատիվների, տնտեսությունների, անկախ սեփականության ձևերի և տնտեսավարման եղանակների, պարտադիր ապահովագրական մուծարքներից, ինչպես նաև անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (խմբային) աշխատանքային վարձակալության պայմաններով կամ անձնական գյուղացիական տնտեսության մեջ զբաղված, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով առանձին քաղաքացիներին վարձող անձանց կողմից, կամավոր հիմունքներով կատարվող ապահովագրական վճարներից.
բ) ուղեգրերի իրացումից ստացված գումարներից.
գ) բանկային ավանդների տոկոսներից, ինչպես նաև երկարատև ներդրումներից ու առևտրատնտեսական այլ գործունեությունից ստացված եկամուտներից.
դ) այլ եկամուտներից:
3.2. Ֆոնդի միջոցները ծախսվում են`
ա) ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան միանվագ, թաղման նպաստների վճարման համար.
բ) աշխատավորների և նրանց ընտանիքի անդամների առողջարանային բուժման, հանգստի, տուրիզմի և բուժական սննդի կազմակերպման, սանատոր-պրոֆիլակտորիումների, հանգստի ու առողջարանային ճամբարների ուղեգրերի ձեռքբերման համար.
գ) ֆոնդի սեփականությունը համարվող առողջարարական հիմնարկների կառուցման, վերակառուցման պահպանման և նյութատեխնիկական բազայի զարգացման ծախսերի ֆինանսավորման համար.
դ) մանկապատանեկան մարզադպրոցների, հանգստի ու առողջարարական ճամբարների պահպանման ծախսերի մասնակի ֆինանսավորման համար.
ե) արտակարգ իրավիճակներում (բնական աղետներ, համաճարակների բռնկում և այլն) հանրապետության առանձին տարածքներին, կոլեկտիվներին ֆինանսական օգնություն ցույց տալու կենտրոնացված ռեզերվային ֆոնդի ստեղծման համար.
զ) ֆոնդի կառավարման, ինչպես նաև հավատարմատար բժիշկների, աշխատանքի տեխնիկական և իրավական տեսչությունների հաստիքային աշխատողների վարձատրման համար.
է) սոցիալական ապահովագրության գծով հանրապետության ազգաբնակչության կենսամակարդակի հետագա բարելավման և այդ նպատակով արտերկրների արհմիությունների կենտրոնների կամ նրանց միավորումների հետ ձեռնարկվող միջոցառումների ֆինանսավորման համար.
ը) ֆոնդի խնդիրների համապատասխան այլ միջոցառումների իրականացման համար (հիվանդությունների կրճատումից խնայված միջոցների հաշվին պարգևահավելումների տրման, վարչատնտեսական ծախսերի ֆինանսավորման, աշխատավորների շրջանում բացատրական, կազմ-մասսայական աշխատանքների անցկացման, հրատարակչական, գիտահետազոտական գործունեության ծավալման, կադրերի և ակտիվի ուսուցման, որակավորման բարձրացման և այլ նպատակների համար):
4. Ֆոնդի կառավարումը
4.1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ֆոնդի կառավարման կազմակերպման, սոցիալական ապահովագրության աշխատանքների կոորդինացման համար կազմավորվում է ֆոնդի կառավարչություն և գործադիր տնօրինություն: Կառավարչությունը ֆոնդի կառավարման կենտրոնական մարմինն է, օժտված իրավաբանական անձի իրավունքով, իր անվամբ ունի կլոր կնիք և ընթացիկ հաշիվ:
4.2. Ֆոնդի կառավարչության կազմում ընդգրկվում են`
- ճյուղային արհմիությունների հանրապետական մարմինների, դրանց մեջ չմտնող առանձին արհմիությունների միավորումների, Հայաստանի Հանրապետության ֆինանսների, առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների և պետբանկի մեկական ներկայացուցիչներ.
- ՀԱՄԽ-ի և անմիջապես նրա կողմից սպասարկվող արհմիությունների երեք ներկայացուցիչներ:
Կառավարչության կազմը հաստատվում է Հայաստանի արհմիությունների հանրապետական խորհրդի նախագահության կողմից:
4.3. Ֆոնդի կառավարչության նախագահը ընտրվում է կառավարչության ներկայացուցիչների հիմնադիր ժողովում և հաստատվում է Հայաստանի արհմիությունների հանրապետական խորհրդի նախագահության կողմից:
4.4. Ֆոնդի գործադիր տնօրենը, ապարատի կառուցվածքը, աշխատողների անհատական կազմը, աշխատանքի վարձատրման ֆոնդն ու պաշտոնական դրույքները հաստատվում են կառավարչության կողմից:
4.5. Ճյուղային արհմիությունների հանրապետական մարմիններում և դրանց մեջ չմտնող արհմիությունների միավորումներում սոցիալական ապահովագրության աշխատանքները կազմակերպելու, իրականացնելու ու կոորդինացնելու համար ֆոնդի կառավարչության որոշմամբ դրանցում ստեղծվում են ֆոնդի գործադիր մարմիններ` բաժանմունքներ (ծառայություններ):
Բաժանմունքների (ծառայությունների) աշխատողների և ֆոնդի հաշվին պահվող հավատարմատար բժիշկների, աշխատանքի տեխնիկական և իրավական տեսուչների հաստիքային ցուցակները, ֆոնդի կառավարչության կողմից սահմանված նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի շրջանակներում հաստատում են արհմիությունների համապատասխան հանրապետական մարմինները:
4.6. ՀԱՄԽ-ի կողմից անմիջապես սպասարկվող արհմիություններում և առանձին այլ կազմակերպություններում սոցիալական ապահովագրության աշխատանքներն իրականացվում է գործադիր տնօրինության կազմում ստեղծվող ծառայության կողմից, որի աշխատողների անհատական կազմը, աշխատավարձի ֆոնդերը և աշխատողների պաշտոնական գրքույկները սահմանվում ու հաստատվում են կառավարչության կողմից:
4.7. Անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (խմբային) աշխատանքային վարձակալության պայմաններով կամ անհատական գյուղացիական տնտեսության մեջ զբաղված և առանձին քաղաքացիներին վարձող անձինք սոցիալական ապահովագրության տեսակներից օգտվում են պայմանով, եթե ֆոնդին կատարում են ապահովագրական վճարներ: Նրանց սոցիալական ապահովագրությունն իրականացվում է ֆոնդի կառավարչության որոշմամբ, հանրապետության վարչատարածքային կենտրոններում ստեղծվող ապահովագրական դրամարկղների միջոցով:
4.8. Ֆոնդի կառավարչությունն ու գործադիր տնօրինությունը իրենց վրա դրված խնդիրները լուծում են սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կոմիտեների ու հանձնաժողովների, Հանրապետության Նախարարների խորհրդի ու աշխատավորների շահերի պաշտպանության գործունեությունը իրականացնող պետական և հասարակական կազմակերպությունների հետ:
4.9. Ֆոնդի կառավարչությունը ֆոնդի խնդիրներին համապատասխան`
- ֆոնդի բաժանմունքների համաձայնությամբ քննարկում է գործադիր տնօրինության կողմից կազմված ընդհանուր հանրապետական, ճյուղային արհմիությունների հանրապետական մարմինների, դրանց մեջ չընդգրկված արհմիությունների մարմինների, ՀԱՄԽ-ի կողմից անմիջապես սպասարկվող արհմիությունների, առանձին այլ կազմակերպությունների սոցիալական ապահովագրության ֆոնդի եկամուտների, առողջարանային բուժման ու հանգստի կազմակերպման համար միջոցների նորմատիվների, 100 աշխատողին ընկնող ժամանակավոր անաշխատունակության օրերի ցուցանիշների, ինչպես նաև սույն կանոնադրության 3.2 կետով նախատեսված վճարումների և այլ միջոցառումների իրականացման ծախսերի նախագիծը և այն ներկայացնում ՀԱՄԽ-ի նախագահության հաստատմանը.
- սահմանում է ֆոնդի ռեզերվային միջոցների ծախսման կարգը և համապատասխան որոշումներ ընդունում այդ միջոցները արտակարգ իրավիճակներում օգտագործելու մասին.
- ելնելով ճյուղային արհմիությունների առանձնահատկություններից ու ֆինանսական հնարավորություններից, մշակում և հաստատում է ֆոնդի կառավարման, ֆոնդի հաշվին պահվող այլ աշխատողների թվաքանակի նորմատիվներն ու աշխատանքի վարձատրման ֆոնդը.
- մշակում և իրավասու մարմնի հաստատմանն է ներկայացնում սոցիալական ապահովագրության ու աշխատավորության սոցիալական պաշտպանվածության վերաբերյալ օրենքների, օրենսդրական և նորմատիվային ակտերի, կանոնադրությունների ու հրահանգների նախագծեր.
- պարբերաբար հրապարակում է ֆոնդի միջոցների կազմավորման և օգտագործման մասին հաշվետվություններ:
4.10. Ֆոնդի գործադիր տնօրինությունը ֆոնդի կառավարչության մշտական գործող աշխատանքային մարմինն է և իրականացնում է նրա գործադիր-բաշխիչ ու հսկողական ֆունկցիան:
Գործադիր տնօրինությունը` ֆոնդի խնդիրներին համապատասխան`
- պատասխանատվություն է կրում սույն կանոնադրությամբ աշխատավորներին սոցիալական ապահովագրության գծով նախատեսված բոլոր վճարումների ու ծախսերի ֆինանսական ապահովման համար.
- իրականացնում է ֆոնդի միջոցների և նյութական արժեքների հաշվապահական հաշվառումը, փաստաթղթերի մշակումը և բաժանմունքներից ստացված հաշվետվությունների ամփոփումն ու քննարկումը.
- ֆոնդի սուբյեկտների համաձայնությամբ կազմակերպում է կենտրոնացված կարգով առողջարանային բուժման և հանգստի կազմակերպման ուղեգրերի ձեռքբերման ու բաշխման աշխատանքները.
- բաժանմունքների (ծառայությունների) ֆոնդի հաշվին պահվող այլ աշխատողների հետ համատեղ վերահսկողություն է սահմանում սոցիալական ապահովագրության գծով ընդունված օրենսդրական, նորմատիվ ակտերի կենսագործման ճշտության, ֆոնդի միջոցների հաշվին կատարվող ծախսերի օրինականության ապահովման, հանրապետության բուժհիմնարկներում ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության դրվածքի, առողջարաններում և առողջապահական հիմնարկներում ազգաբնակչությանը ցույց տրվող ծառայությունների լիարժեքության և որակի նկատմամբ.
- կոորդինացնում է ֆոնդի բաժանմունքների և հավատարմատար բժիշկների աշխատանքը և նրանց ցույց տալիս գործնական ու մեթոդական օգնություն.
- իրականացնում է ֆոնդի կառավարչության և գործադիր տնօրինության ֆինանսական ու վարչատնտեսական աշխատանքները.
- որոշում է ընդունում ֆոնդի միջոցների ժամանակավոր ազատ մնացորդների կայուն գումարները բանկերի ավանդային հաշիվներում պահելու և դրանց վերարտադրությունը կազմակերպելու համար:
4.11. Ֆոնդի բաժանմունքները (ծառայությունները) ֆոնդի խնդիրներին համապատասխան`
- կազմում և կոլեգիալ մարմնի հաստատմամբ սպասարկվող ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, տնտեսություններին ու կոոպերատիվներին են իջեցնում ֆոնդի առաջիկա տարվա 2 ցուցանիշները.
ա) ապահովագրական մուծարքների ծավալը.
բ) աշխատավորների, նրանց երեխաների, վետերանների ու հաշմանդամների առողջարանային բուժման, հանգստի ու տուրիզմի կազմակերպման միջոցների գումարի չափը.
- կատարում են ֆոնդի միջոցների հաշվապահական հաշվառման, փաստաթղթերի մշակման ու ապահովադիրներից ստացված հաշվետվությունների ամփոփման աշխատանքները.
- արհմիությունների սկզբնական կազմակերպությունների համաձայնությամբ, նրանց միջոցների սահմաններում, կազմակերպում են առողջարանային բուժման, հանգստի ու տուրիզմի ուղեգրերի ձեռքբերման և բաշխման աշխատանքները.
- պատասխանատվություն են կրում ֆոնդի միջոցների հաշվին կատարվող ծախսերի ժամանակին ֆինանսավորման համար.
- սկզբնական արհմիութենական մարմինների հետ համատեղ վերահսկում են ֆոնդին կատարվող ամենամսյա մուծարքների լրիվության, ծախսերի օրինականության, այդ ուղղությամբ գործող օրենսդրական ակտերի պահանջների կատարման, աշխատավորների աշխատանքային պայմանների բարելավման և կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ.
- առաջարկություն են մտցնում արհմիությունների համապատասխան կոլեգիալ մարմնի ի հաշիվ ապահովագրական մուծանքների, չընդունելու այն ծախսերը, որոնք կատարվել են սահմանված կարգի խախտումներով և արտադրական վնասվածքների ու պրոֆհիվանդությունների հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ու այլ վճարումների համար.
- կիսամյակի և տարվա կտրվածքով վերլուծում են ֆոնդի ցուցանիշների կատարման արդյունքները և ձեռնարկում համապատասխան միջոցառումներ:
4.12. Արհմիությունների սկզբնական կազմակերպությունների կոմիտեները, տեղերում, աշխատավորության սոցիալական ապահովագրության իրավունքներն ու երաշխիքները իրականացնող մարմիններ են և ֆոնդի խնդիրներին համապատասխան`
- գործող օրենսդրության համաձայն նշանակում են ֆոնդի գծով սույն կանոնադրությամբ նախատեսված նպաստներն ու որոշում դրանց չափերը.
- վերահսկողություն են սահմանում ֆոնդին մասհանվող ապահովագրական մուծարքների լրիվության և դրանց հաշվին կատարվող վճարումների օրինականության նկատմամբ.
- իրականացնում են սույն կանոնադրությամբ իրենց տնօրինության տակ թողնված միջոցների հաշվին աշխատավորության և նրանց երեխաների առողջարանային բուժման, հանգստի, տուրիզմի և բուժական սննդի կազմակերպման ուղեգրերի ձեռքբերման, տրման աշխատանքները, ինչպես նաև առողջարարական և առողջապահական հիմնարկների կառուցման, վերակառուցման, վերանորոգման և գույքահագեցման ֆինանսավորումը:
- Որոշումներ են ընդունում ապահովագրական մուծարքների գծով գոյացած պարտքերը և ձեռնարկության, կազմակերպության, հիմնարկի, տնտեսության, կոոպերատիվների մեղքով աշխատանքային խեղման կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության գծով նպաստների ծախսերը անվիճելի կարգով ֆոնդ փոխհատուցելու մասին և այլն:
4.13. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, տնտեսությունների ադմինիստրացիան ու կոոպերատիվները ֆոնդի խնդիրներին համապատասխան`
- ապահովագրական մուծարքներ են հաշվարկում բանվորների, ծառայողների, տնտեսությունների ու կոոպերատիվների, այդ թվում հաստիքային, արտահաստիքային, սեզոնային, ժամանակավոր, համատեղությամբ կամ միանգամյա, պատահական և կարճաժամկետ աշխատանքներ կատարող աշխատողների աշխատավարձի բոլոր տեսակների վրա (ներառյալ լրավճարները, հավելավճարները, պարգևատրումները և աշխատավարձի համակարգով նախատեսված լրացուցիչ այլ վճարումները), բացի աշխատավարձի ֆոնդից տրվող միանվագ և փոխհատուցման բնույթի վճարումներից.
- ապահովագրական մուծարքների հաշվին արհկոմների կողմից նշանակված չափերով կատարում են սույն կանոնադրությամբ և ֆոնդի նախահաշվով նախատեսված վճարումներն ու ծախսերը, մնացորդը ամիսը մեկ անգամ փոխանցում արհմիությունների համապատասխան հանրապետական մարմինների ընթացիկ հաշվին, իսկ դրանցում չընդգրկված արհմիությունների միավորումներն ու առանձին այլ կազմակերպությունները` ֆոնդի կառավարչության ընթացիկ հաշվին: Այն դեպքում, երբ ֆոնդի միջոցները չեն բավականացնում նպաստների վճարման համար, այն կատարվում է կենսաթոշակային ֆոնդի կամ ձեռնարկության միջոցների հաշվին, հետագա փոխհատուցման պայմանով. կիսամյակի և տարվա արդյունքներով կազմում և արհմիությունների համապատասխան հանրապետական մարմնին, իսկ դրանցում չընդգրկվածները ֆոնդի կառավարչությանն են ներկայացնում սոցիալական ապահովագրության եկամուտների ու ծախսերի մասին հաշվետվություններ.
- վերահսկիչ մարմիններին են ներկայացնում ֆոնդի գործունեությանը վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկություններ:
5. Ֆոնդի խնդիրների իրականացման հետ կապված այլ հարցեր
5.1. Աշխատավորության առողջության պահպանման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ու հիվանդությունների կրճատման շնորհիվ խնայված միջոցների 50 տոկոսը թողնվում է արհմիությունների սկզբնական կազմակերպություններին, 25 տոկոսը` ճյուղային արհմիությունների համապատասխան հանրապետական մարմինների ու դրանց մեջ չմտնող առանձին արհմիությունների միավորումների տնօրինության տակ, իսկ 25 տոկոսը փոխանցվում է ֆոնդի կառավարչությանը:
5.2. Առողջարանային բուժման, հանգստի, տուրիզմի և բուժական սննդի կազմակերպման ուղեգրերի չօգտագործված միջոցները և ուղեգրերի իրացումից ստացված գումարները ամբողջությամբ թողնվում են արհմիությունների սկզբնական կազմակերպությունների տնօրինության տակ:
5.3. Սույն կանոնադրության 5.1 և 5.2 կետերի համաձայն տնօրինված միջոցները առաջին հերթին ուղղվում են աշխատավորության և նրանց երեխաների առողջության պահպանման ու ամրապնդման լրացուցիչ միջոցառումների անցկացման, բուժսանմասերի, սանատորապրոֆիլակտորիումների, մարզադպրոցների, պիոներական ճամբարների շինարարության, վերանորոգման և գույքահագեցման, ինչպես նաև հիվանդությունների կրճատման գործում ներդրումներ ունեցած բուժպրոֆիլակտիկ հիմնարկների, տնտեսական և արհմիութենական մարմինների աշխատողներին խրախուսելու համար:
Այդ միջոցները արհմիությունների սկզբնական կազմակերպությունների, հանրապետական մարմինների համաձայնությամբ կարող են կենտրոնացվել ֆոնդի կառավարչությունում և ուղղվել բաժնետիրական հիմունքով առողջապահական հիմնարկների կառուցման, դրանց վերակառուցման, վերականգնման, լրացուցիչ ուղեգրերի ձեռքբերման և այլ նպատակներով:
5.4. Ֆոնդի միջոցների հաշվին կառուցված առողջարարական և առողջապահական հիմնարկները և ձեռքբերված հիմնական միջոցներն ու գույքը ֆոնդի սուբյեկտների համատեղ սեփականությունն են և բռնագանձման ենթակա չեն:
Դրանց տնօրինման և հետագա օգտագործման կարգը որոշվում է ֆոնդի սուբյեկտների համաձայնությամբ, Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի նախագահության կողմից:
5.5. 1991 թ. հունվարի 1-ի դրությամբ ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կոոպերատիվներում և դրանց արհմիութենական մարմիններում պետական սոցիալական ապահովագրության միջոցների մնացորդները ամբողջովին համարվում են ֆոնդի եկամուտները և օգտագործվում ու տնօրինվում են սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով:
5.6. Արհմիութենական մարմինները հանրապետության ֆինանսական մարմինների հետ համատեղ վերահսկողություն են իրականացնում ֆոնդին մասհանվող ապահովագրական մուծարքների ստացման ժամանակի և լրիվության նկատմամբ:
5.7. Ֆոնդին վերաբերող բոլոր կարևոր հարցերը քննարկվում են կառավարչության նիստերում և ընդունվում համապատասխան որոշումներ: Որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և պարտադիր են ֆոնդի աշխատանքներն իրականացնող բոլոր ծառայությունների ու կազմակերպությունների համար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, N 208 | |
12.08.1998, N 493 | 13.09.1998, N 208 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|