Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-222
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2001/3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.03.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2000

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ ԴՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՁԵՎԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԵՐԿԻՐԱՅՈՒՄ (ՀՈՒՆԱՍՏԱՆ) ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

24 մարտի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցավորության և հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին 1998 թվականի հոկտեմբերի 2-ին Կերկիրայում (Հունաստան) ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի հոկտեմբերի 2-ին Կերկիրայում (Հունաստան)` հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունն ընդլայնելու, համընդհանուր և տարածաշրջանային մակարդակներով ձեռնարկվող համապատասխան գործողությունները համակարգելու նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի համագործակցությունը հանցավորության դեմ պայքարում` հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման և քննության հարցերում, ինչպես նաև սահմանվում են հանցավորության դեմ պայքարում Կողմերի համագործակցության ոլորտները և դրա իրականացման ձևերը:

Համաձայնագրով սահմանվում է համագործակցության վերաբերյալ հարցումների ներկայացման կարգը և նախատեսվում են դրանց ներկայացվող պահանջները:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` կապված համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացած ծախսերն ինքնուրույն հոգալու հետ:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են լրացումներ և փոփոխություններ մտցվել: Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն համաձայնագրից` ոչ ուշ, քան երեք ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցավորության և հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին 1998 թվականի հոկտեմբերի 2-ին Կերկիրայում (Հունաստան) ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


24 մարտի 2000 թվականի
ՍԴՈ-222