ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունվարի 1994 թվականի N 1
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրման ժամանակավոր կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության ստուգման-բացթողման կետերում ստեղծել վիզային ծառայություններ:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ստուգման-բացթողման կետերի ցանկը:
4. Հաստատել օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրման հյուպատոսական գանձումների սակագինը (կցվում է):
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում և Հայաստանի Հանրապետության ստուգման-բացթողման կետերում ստեղծված վիզային ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրման դիմաց տարադրամով գանձվող գումարները մուտքագրվում են հանրապետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հանրապետական բյուջե մուտքագրվող Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրման դիմաց տարադրամով գանձվող գումարներից հաջորդ տարվա հանրապետական բյուջեում նախատեսել մասհանումներ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համար:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` «Զվարթնոց» օդանավակայանում ստուգման-բացթողման կետին կից առանձնացնել շենքային տարածք` Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի ժամանած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր գտնվելու համար, որոնց մուտքը Հայաստանի Հանրապետություն այս կամ այն պատճառով արգելված է:
Նկատի ունենալ, որ նշված անձանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն նրանց հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ
(կարգը, բացառությամբ 8-րդ կետի, ուժը կորցրել է 23.09.94 N 459)
8. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներ անվճար տրվում են`
ա) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով այցի եկող պաշտոնական անձանց կամ պատվիրակությունների անդամներին.
բ) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներին և նրանց ընտանիքի անդամներին.
գ) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց.
դ) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին.
ե) մարդասիրական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց.
զ) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին.
է) օտարերկրյա այն պետությունների քաղաքացիներին, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կնքել է մուտքի վիզաների փոխադարձ անվճար տրման համաձայնագիր.
ը) մինչև 15 տարեկան երեխաներին:
Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ անվճար կարող են տրվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի թույլտվությամբ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ս Ա Կ Ա Գ Ի Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ
Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար գանձվում է.
1. Մեկ անգամվա մուտքի վիզա`
ա) հրավեր ներկայացնելու դեպքում գանձվում է տվյալ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկության կողմից համապատասխան վիզայի տրման դիմաց գանձվող գումարի 150 տոկոսի չափով, իսկ այն պետություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկություններ չկան` Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական հիմնարկությունների կողմից սահմանված գումարի 50 տոկոսի չափով.
բ) առանց հրավերի ներկայացման զբոսաշրջիկային վիզա 21 օր ժամկետով` 100 ԱՄՆ-ի դոլար:
2. Բազմակի մուտքի վիզա` մինչև 6 ամիս ժամկետով` 100 ԱՄՆ-ի դոլար.
3. Տարանցիկ վիզա` 15 ԱՄՆ-ի դոլար:
4. Տուգանք ժամկետանց վիզայի համար` օրական 3 ԱՄՆ-ի դոլար:
5. Վիզայի գործողության ժամկետը երկարաձգելու համար`
մինչև 15 օր` օրական 2 ԱՄՆ-ի դոլար
15-30 օր` օրական 3 ԱՄՆ-ի դոլար.
30 օրից ավելի` օրական 5 ԱՄՆ-ի դոլար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 1 | |
04.05.1998, N 270 | 09.06.1998, N 1 | |
23.09.1994, N 459 | 23.09.1994, N 1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|