ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 1994 թվականի N 61
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 93 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» N 93 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերի առաջին պարբերություններում, 2-րդ կետի «ա» ենթակետի 1-ին պարբերությունում և 4-րդ կետում «առևտրի» ու «առևտրական» բառերից հետո ավելացնել «և հասարակական սննդի» բառերը.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» ենթակետի 1-ին պարբերությունը, իսկ 2-րդ պարբերության մեջ «առևտրական ձեռնարկություններում» բառերը փոխարինել «պետական և Հայկոոպի համակարգի առևտրի ու հասարակական սննդի օբյեկտներում» բառերով.
գ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ձեռնարկություն (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից), ինչպես նաև հիմնարկ, կազմակերպություն, անհատ ձեռներեց պարտավոր են ապրանքների ձեռքբերումը ձևակերպել համապատասխան հաշիվ-ապրանքագրերով և այլ փաստաթղթերով, որոնցում պարտադիր պետք է նշվեն`
ձեռք բերված ապրանքի քանակը և գինը.
ձեռքբերման ամսաթիվը, մատակարարի (կոմիտենտի) տվյալները (անվանումը, հասցեն, հաշվարկային հաշիվը և այլն), իսկ քաղաքացիներից ապրանքներ ընդունելիս` նրանց անձնագրային տվյալները (այդ թվում` գրանցման հասցեն).
հասարակական սննդի գործունեության գծով` սեփական արտադրության կարիքների համար անհատներից (շուկաներից) ապրանքների ձեռքբերումը թույլատրվում է ձևակերպել միակողմանի ակտով».
դ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «առևտրական ձեռնարկություններն ապրանքների» բառերը փոխարինել «առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և անհատ ձեռներեցներն ապրանքների ձեռքբերման և» բառերով, իսկ «պետական հարկային» բառերը փոխարինել «հարկային պետական» բառերով.
ե) որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) մանրածախ առևտրի և հասարակական սննդի գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից բոլոր ապրանքները պետք է պիտակավորվեն, իսկ ապրանքների վաճառքի գործարքը կատարվի դրամարկղային հաշվիչ ապարատների միջոցով: Նշված ապարատների չաշխատելու դեպքում նրանք պարտավոր են ձեռագրով դուրս գրել իրացված ապրանքի համապատասխան կտրոն-չեկ».
զ) որոշման 6-րդ կետում «առևտրական ձեռնարկություններում (անկախ դրանց սեփականության ձևից)» բառերը փոխարինել «առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից), հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության, Հայկոոպի վարչության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելով, սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի N 93 որոշման 4-րդ կետի համաձայն ընդունված նորմատիվ ակտերում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|