Ե Ր Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 34320/04)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2012 թվականի ապրիլի 10
Վերջնական
10/07/2012
Սույն վճիռը վերջնական է դարել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Հակոբյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Ջուսեփ Կասադևայ [Josep Casadevall]` Նախագահ,
Կորնելիու Բիրսան [Corneliu Bîrsan],
Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],
Էխբերտ Մայեր [Egbert Myjer],
Ինետա Զիմելե [Ineta Ziemele],
Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra],
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos]՝ դատավորներ,
և Սանտիագո Կեսադա [Santiago Quesada]՝ Բաժանմունքի քարտուղար,
2012 թվականի մարտի 20-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի երեք քաղաքացիներ պրն Հակոբ Հակոբյանի (առաջին դիմումատու), պրն Գոռ Մարտիրոսյանի (երկրորդ դիմումատու) և պրն Համլետ Պետրոսյանի (երրորդ դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2004 թվականի օգոստոսի 25-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 34320/04) հիման վրա:
2. Դիմումատուներին ներկայացրել են Լոնդոնում գործող՝ Մարդու իրավունքների քրդական ծրագրի (ՄԻՔԾ) [Kurdish Human Rights Project (KHRP)] իրավաբաններ պրն Մ. Մյուլլերը, պրն Թ. Օթթին, պրն Կ. Յիլդիզը, տկն Լ. Քլարիջը և տկն Ա. Սթոքը և Երևանում գործող իրավաբաններ պրն Տ. Տեր-Եսայանը և տկն Ն. Գասպարյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. Դիմումատուները մասնավորապես պնդել են, որ իրենց ձերբակալությամբ և կալանավորմամբ խախտվել են Կոնվենցիայի 5-րդ, 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներով երաշխավորված իրենց իրավունքները, իսկ իրենց նկատմամբ հարուցված վարչական վարույթն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի խախտմամբ:
4. 2005 թվականի դեկտեմբերի 6-ին Երրորդ բաժանմունքի նախագահը որոշել է գանգատի մասին ծանուցել Կառավարությանը: Որոշվել է նաև գանգատի ըստ էության քննությունն իրականացնել դրա ընդունելիության հարցն ուսումնասիրելու հետ միաժամանակ (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ): 2009 թվականի ապրիլի 14-ին Պալատը որոշել է գանգատի մասին կրկին ծանուցել և կողմերից պահանջել, որպեսզի նրանք ներկայացնեն լրացուցիչ դիտարկումներ:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1967 թվականին, 1969 թվականին և 1956 թվականին և ապրում են համապատասխանաբար Հայաստանի Արմավիր մարզի Արմավիր քաղաքում, Նաիրի գյուղում և Նալբանդյան գյուղում:
Ա. Գործի նախապատմությունը
6. Տվյալ ժամանակահատվածում դիմումատուները եղել են Հայաստանում հիմնական ընդդիմադիր կուսակցությունների անդամներ: Առաջին դիմումատուն «Ազգային միաբանություն» կուսակցության՝ Արմավիր քաղաքի գրասենյակի տնօրենն է եղել: Երկրորդ դիմումատուն «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել: Երրորդ դիմումատուն «Ազգային միաբանություն» կուսակցության՝ Արմավիրի տարածքային մասնաճյուղի անդամ է եղել:
7. 2003 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում անցկացվել են նախագահական ընտրություններ, որի ժամանակ հաղթանակ է տարել գործող նախագահը: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը եզրակացրել է, որ ընդհանուր ընտրական գործընթացը չի համապատասխանել միջազգային չափանիշներին: Պարզվում է, որ ընտրություններին հաջորդել են զանգվածային բողոքի ցույցերը: Հիմնական ընդդիմադիր թեկնածուն բողոքարկել է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարան, որը 2003 թվականի ապրիլի 16-ին առաջարկել է Հայաստանում մեկ տարվա ընթացքում անցկացնել վերընտրված նախագահի վստահության հանրաքվե:
8. Քանի որ 2004 թվականի ապրիլին լրանում էր մեկ տարվա վերջնաժամկետը, վերընտրված նախագահի օրինականությունը վիճարկելու նպատակով միավորված ընդդիմությունը ծավալում է իր քարոզչությունը: 2004 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Երևանում կազմակերպվել են մի շարք բողոքի ցույցեր՝ կոչ անելով վստահության հանրաքվե անցկացնել: Ըստ դիմումատուների՝ 2004 թվականի ապրիլի 5-ին, 9-ին և 12-ին ծրագրվել էին մի քանի ցույցեր, որոնց իրենք մտադիր էին մասնակցել:
Բ. Առաջին և երրորդ դիմումատուները
1. Առաջին դիմումատուի առաջին վարչական կալանքը
9. Առաջին դիմումատուն պնդել է, որ 2004 թվականի մարտի 30-ին՝ ժամը 8-ի սահմաններում, իր բնակարան է այցելել քաղաքացիական հագուստով ոստիկան, որը տեղեկացրել է, որ Արմավիր քաղաքի ոստիկանության բաժնի պետը ցանկանում է զրուցել իր հետ: Ինքը ենթարկվել է կարգադրությանը, և իրեն տարել են ոստիկանության բաժին: Ըստ առաջին դիմումատուի՝ ինքը չի քննարկել ոստիկանի պահանջները, քանի որ դեռևս երեք շաբաթ առաջ Արմավիր քաղաքի ոստիկանության բաժնի պետը, որը ցանկանում էր ծանոթանալ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, հրավիրել էր իրեն:
10. Առաջին դիմումատուի ձերբակալման արձանագրությունների և ոստիկանության կողմից կազմված այլ նյութերի համաձայն՝ առաջին դիմումատուն 2004 թվականի մարտի 30-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, մի քանի ոստիկանների կողմից բերվել է ոստիկանության բաժին: Ձերբակալման արձանագրության մեջ նշված էր, որ առաջին դիմումատուն ոստիկանության բաժին է բերվել նրան պատկանող ապօրինի զենքի առգրավման նպատակով զննություն անցկացնելու համար:
11. Ոստիկանության բաժնում ոստիկանների օրինական կարգադրություններին չենթարկվելու համար առաջին դիմումատուի նկատմամբ վարչական գործ է հարուցվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) 182-րդ հոդվածով:
12. Ձերբակալումն իրականացնող ոստիկաններից մեկը զեկուցել է ոստիկանության բաժնի պետին հետևյալը.
«... 2004 թվականի մարտի 30-ին ... [առաջին դիմումատուն] որը, ձեռք բերված տեղեկությունների համաձայն, տանն ապօրինի զենք էր պահում, բերվել է [ոստիկանության բաժին]: [Ոստիկանության բաժին բերելու ժամանակ առաջին դիմումատուն] չի ենթարկվել մեր օրինական կարգադրությանը, կտրականապես հրաժարվել է ներկայանալ բաժին և զազրախոսել է մեր և ռեժիմի հասցեին: Վեճը շարունակվել է մոտ հինգ րոպե, որից հետո [առաջին դիմումատուն] բերվել է [ոստիկանության բաժին]: [Առաջին դիմումատուն] բերվել է [ոստիկանության բաժին]՝ կանխարգելիչ նպատակներից ելնելով և նրան պատկանող զենքը հանձնելու համար»:
13. Առաջին դիմումատուն անձնական զննության է ենթարկվել, սակայն նրա մոտ անօրինական ոչինչ չի հայտնաբերվել: Նա պնդել է, որ իրեն գրավոր ցուցմունք է ներկայացվել, որում նշված է եղել, որ ինքը հրաժարվել է ենթարկվել ոստիկանության բաժին գնալու վերաբերյալ ոստիկանների կարգադրություններին, զայրացել է նրանց վրա, վիրավորանքներ է հասցրել նրանց և խափանել է նրանց աշխատանքը մոտավորապես երեքից հինգ րոպե: Վերջինս հրաժարվել է ստորագրել այդ ցուցմունքը:
14. Դրանից կարճ ժամանակ անց առաջին դիմումատուին ներկայացրել են Արմավիրի մարզային դատարանի դատավոր Ա.-ին, որը կարճատև դատական նիստից հետո առաջին դիմումատուին ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով դատապարտել է վարչական կալանքի՝ յոթ օր ժամկետով: Դատավորի ամբողջ եզրակացությունը հանգել է հետևյալին.
«2004 թվականի մարտի 30-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, [առաջին դիմումատուն] չի ենթարկվել ոստիկանների՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով իրենց հետ Արմավիր քաղաքի ոստիկանության բաժին գնալու օրինական կարգադրություններին, ինչի հետևանքով էլ վերջինս նույն օրը՝ ժամը 14:00-ին, տեղափոխվել է Արմավիր քաղաքի ոստիկանության բաժին: [Առաջին դիմումատուի] կողմից հանցանքի կատարումը հաստատվել է [ոստիկանության] կողմից կազմված արձանագրությամբ, [ձերբակալման արձանագրությամբ], վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությամբ և այլ համապատասխան տեղեկություններով»:
15. Այդ որոշման համաձայն՝ առաջին դիմումատուի կալանքի ժամկետը պետք է հաշվարկվեր 2004 թվականի մարտի 30-ից՝ ժամը 14:00-ից:
16. Դատական նիստի արձանագրության համաձայն՝ դատավորը առաջին դիմումատուին տեղեկացրել է դատավորին և նիստերի քարտուղարին բացարկ հայտնելու և իրավաբան ունենալու իր իրավունքի մասին: Առաջին դիմումատուն չի հայտնել բացարկ ներկայացնելու կամ իրավաբան ունենալու ցանկություն։ Դատավորն այնուհետև անցել է գործի նյութերի ուսումնասիրությանը: Դատավորը լսել է գործը զեկուցող ոստիկանին և առաջին դիմումատուին, որը պնդել է, որ որևէ վարչական իրավախախտում չի կատարել և հրաժարվել է հետագայում որևէ հայտարարություն անելուց: Դատավորը շարունակել է ապացույցների ուսումնասիրությունը և որոշել է վարչական տույժ նշանակել:
17. Ըստ առաջին դիմումատուի՝ դատական նիստը տևել է մոտ մեկ րոպե. որևէ վկա չի քննվել և իրեն չի տրվել որևէ հայտարարությամբ հանդես գալու և իրավաբանի կողմից ներկայացվելու հնարավորություն, իրավաբանի հետ հանդիպելու նրա պահանջը մերժվել է:
18. Իր պատիժը կրելու համար առաջին դիմումատուն տեղափոխվել է Արմավիր քաղաքի ոստիկանության բաժնի՝ կալանավորվածներին պահելու վայր: Վարչական կալանքի գրանցամատյանի համաձայն՝ առաջին դիմումատուն կալանավորվածներին պահելու վայր է ընդունվել ժամը 16:00-ին:
2. Երրորդ դիմումատուի առաջին վարչական կալանքը
19. Երրորդ դիմումատուն պնդել է, որ 2004 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 6:30-ին, իր բնակարան են այցելել չորս ոստիկան, որոնք պահանջել են հետևել իրենց՝ գնալ Արմավիր քաղաքի ոստիկանության բաժին: Երրորդ դիմումատուն պահանջել է ներկայացնել պատճառները, որին ի պատասխան ոստիկանները նշել են, որ լիազորված չեն պարզաբանումներ տալու, և պատճառների մասին երրորդ դիմումատուն կտեղեկանա ոստիկանության բաժնում: Երրորդ դիմումատուն այնուհետև հետևել է ոստիկաններին՝ գնալով ոստիկանության բաժին:
20. Երրորդ դիմումատուի ձերբակալման արձանագրության և գործի այլ նյութերի համաձայն՝ նա 2004թ. ապրիլի 2-ին՝ չպարզված ժամին, բերվել է ոստիկանության բաժին ճանապարհային պատահարի մեջ ներգրավված լինելու կասկածանքով: Ձերբակալման արձանագրությամբ ավելացվել է նաև, որ ոստիկանության բաժին բերելիս երրորդ դիմումատուն մոտ հինգից յոթ րոպե խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողությունները:
21. Երրորդ դիմումատուն պնդել է, որ ոստիկանության բաժնում խնդրել է ոստիկանության բաժնի պետի հետ հանդիպում: Երեք ժամ անց վերջինս հանդիպել է ոստիկանության բաժնի պետին, որը հաղորդել է, որ իրեն պետք է կալանավորեն, և ոչինչ հնարավոր չէ փոխել, քանի որ հրամանը վերևից էր տրված: Ապա նա տեղափոխվել է քննչական վարչություն, որտեղ ոստիկանների օրինական կարգադրություններին հինգից յոթ րոպե չենթարկվելու համար նրա նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով: Միայն այդ ժամանակ է երրորդ դիմումատուն պարզել իր ձերբակալման պատճառը:
22. Կառավարությունը վիճարկել է վերոնշյալ պնդումը: Նրանք պնդել են, որ երրորդ դիմումատուն բանավոր տեղեկացվել է իր ձերբակալման պատճառի մասին, մասնավորապես՝ ձերբակալման ժամանակ հնչեցրած զազրախոսությունները և ոստիկանների օրինական կարգադրություններին չենթարկվելը:
23. Ձերբակալումն իրականացնող ոստիկաններից մեկը զեկուցել է ոստիկանության բաժնի պետին, որ՝
«...2003 թվականի հունիսի 29-ին՝ ժամը մոտ 11:00-ին, Մարգարա-էջմիածին խճուղու 17-րդ կմ-ին մեքենայի վարորդը, որի մակնիշը և պետական համարանիշը անհայտ են, վրաերթի է ենթարկել [երրորդ անձի՝ Ա.Ա.-ին]՝ հասցնելով ծանր մարմնական վնասվածքներ։
Ստուգման նկատառումներով, հիմնվելով ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների վրա՝ այցելել ենք Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղ՝ այդ նույն գյուղի բնակչին՝ [երրորդ դիմումատուին], և նրա մեքենան ոստիկանության բաժին տանելու համար:
Պարզվել է՝ մեքենան այնտեղ չէ, իսկ [երրորդ դիմումատուն] անհարգալից վերաբերմունք է դրսևորել, սկսել է վիճել և զազրախոսել՝ Հայաստանը կոչելով բռնատիրական երկիր: Ի վերջո, մեզ հաջողվել է հանգստացնել նրան և բերել ոստիկանության բաժին»:
24. Երրորդ դիմումատուն նշել է իր ձերբակալման արձանագրության մեջ և գրավոր ցուցմունքում, որ նա «որևէ հանցանք չի կատարել»: Նա հրաժարվել է ստորագրել մնացած նյութերից որևէ մեկը: Երրորդ դիմումատուի վարչական գործի նյութերից ոչ մեկում մատնանշված չէ նրա ձերբակալման ժամանակը:
25. Դրանից կարճ ժամանակ անց երրորդ դիմումատուն ներկայացել է Արմավիրի մարզային դատարանի դատավոր Հ.-ին, որը կարճատև դատական նիստից հետո երրորդ դիմումատուին ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով դատապարտել է վարչական կալանքի՝ չորս օր ժամկետով: Դատավորի ամբողջ եզրակացությունը հանգել է հետևյալին.
«Ձեռք բերված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնց համաձայն [ճանապարհային պատահարի ժամանակ մարդ է վրաերթի ենթարկվել]՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ, [ոստիկանները] այցելել են Նալբանդյան գյուղ... [երրորդ դիմումատուին և նրա մեքենան] ոստիկանության բաժին բերելու նպատակով... [Այցի ընթացքում [երրորդ դիմումատուն] անհարգալից վերաբերմունք է դրսևորել և սկսել է վիճել ու զազրախոսել, անհարգալից վերաբերմունք է դրսևորել Հայաստանի պետական իշխանության նկատմամբ՝ մոտավորապես երեքից հինգ րոպե խոչընդոտելով ոստիկանների աշխատանքը: Ոստիկաններին հաջողվել է հանգստացնել [երրորդ դիմումատուին] և բերել նրան Արմավիր քաղաքի ոստիկանության բաժին: [Երրորդ դիմումատուն] ժխտել է հանցանքի կատարումը: [Երրորդ դիմումատուի] կողմից հանցանքի կատարումը հաստատվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, [ոստիկանների] ցուցմունքով և [ձերբակալման արձանագրությամբ]»:
26. Այդ որոշման համաձայն՝ երրորդ դիմումատուի կալանքի տակ գտնվելու ժամկետը պետք է հաշվարկվեր 2004 թվականի ապրիլի 2-ից՝ ժամը 17:00-ից:
27. Դատական նիստի արձանագրության համաձայն՝ դատավորը երրորդ դիմումատուին տեղեկացրել է դատավորին բացարկ հայտնելու և իրավաբան ունենալու իր իրավունքների մասին: Երրորդ դիմումատուն չի հայտնել որևէ բացարկ ներկայացնելու և իրավաբան ունենալու ցանկություն: Դատավորն այնուհետև անցել է գործի նյութերի ուսումնասիրությանը: Դատավորը լսել է երրորդ դիմումատուին, որը պնդել է, որ չի կատարել որևէ վարչական իրավախախտում և իրեն մեղավոր չի ճանաչում: Նա ժխտել է զազրախոսելու և պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու փաստը: Դրանից հետո դատավորն ուսումնասիրել է ոստիկանության կողմից պատրաստված նյութերը: Ոչ մի լրացուցիչ ապացույց և միջնորդություն չի ներկայացվել երրորդ դիմումատուի կողմից: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, որից հետո վերադարձել և հրապարակել է որոշումը:
28. Ըստ երրորդ դիմումատուի՝ դատական նիստը տևել է մոտ երկու րոպե, և դատավորը հրաժարվել է լսել իր կողմից ներկայացված որևէ փաստարկ:
29. Իր պատիժը կրելու նպատակով երրորդ դիմումատուն տեղափոխվել է Արմավիր քաղաքի ոստիկանության բաժնի՝ կալանավորվածներին պահելու վայր՝ խցում գտնվելով առաջին և երկրորդ դիմումատուների հետ: Վարչական կալանքի գրանցամատյանի համաձայն՝ երրորդ դիմումատուն կալանավորվածներին պահելու վայր է ընդունվել ժամը 17։00-ին:
3. Առաջին և երրորդ դիմումատուների երկրորդ վարչական կալանքը
30. Առաջին և երրորդ դիմումատուները պնդել են, որ 2004 թվականի ապրիլի 6-ին՝ իրենց կալանքի վերջին օրը՝ ժամը 14:00-ին, իրենց միասին տարել են Արմավիրի մարզային դատարան: Դատարանի շենքի միջանցքում 10-20 րոպե սպասելուց հետո նրանց երկուսին տեղափոխել են ոստիկանության բաժնի՝ ժամանակավոր կալանքի տակ պահելու վայր: Երկու ժամ անց նրանց նորից տարել են Արմավիրի մարզային դատարան, և նրանք համապատասխանաբար ներկայացել են դատավորներ Հ.-ին և Ա.-ին: 2004 թվականի մարտի 30-ին և ապրիլի 2-ին կայացած դատական նիստերի ձևով անցկացված կարճ նիստերի արդյունքում ոստիկանների օրինական կարգադրություններին չենթարկվելու համար նրանք ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով դատապարտվել են վարչական կալանքի՝ յոթ օր ժամկետով:
31. Կառավարությունը վիճարկել է այս պնդումը՝ հիմնվելով գործի հետևյալ նյութերի վրա։
32. Վարչական կալանքի գրանցամատյանի համաձայն՝ նրանց պատժի ժամկետը լրանալուն պես՝ 2004 թվականի ապրիլի 6-ին՝ համապատասխանաբար ժամը 14:00-ին և 17:00-ին, առաջին և երրորդ դիմումատուներն ազատ են արձակվել կալանքից:
33. Ձերբակալման արձանագրությունների և ոստիկանության այլ նյութերի համաձայն՝ առաջին և երրորդ դիմումատուները համապատասխանաբար ժամը 16:30-ին և 17:30-ին ոստիկանության բաժնի առջև կրկին ձերբակալվել են զազրախոսելու և նրանց հանգստացնել փորձող ոստիկանների օրինական կարգադրություններին չենթարկվելու համար: Ոստիկանության բաժնում ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով վարչական գործեր են հարուցվել նրանց նկատմամբ:
34. Առաջին դիմումատուի գործի շրջանակներում ոստիկանի կողմից կազմված արձանագրության մեջ նշվում էր, որ՝
«... 2004 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 16։30-ին, ես մոտենում էի Արմավիրի ոստիկանության բաժնի շենքին[: Մի մարդ բաժնի բակում կանգնած] հայհոյանքներ էր հնչեցնում: Ես մոտեցա նրան՝ կարգի հրավիրելու համար, սակայն [նա] չարամտորեն չէր ենթարկվում իմ օրինական կարգադրություններին [: Ես] երկուսից երեք րոպե փորձում էի նրան կարգի հրավիրել: Նշված [անձը] բերվեց ոստիկանության բաժին, որտեղ հաստատվեց, որ ... [առաջին դիմումատուն] է, որը հենց նոր էր ազատ արձակվել վարչական կալանքից...»:
35. Երրորդ դիմումատուի գործի շրջանակներում ոստիկանի կողմից կազմված արձանագրության մեջ նշվում էր, որ՝
«... 2004 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 17։30-ին, ես մոտենում էի Արմավիրի ոստիկանության բաժնի շենքին[։ Մի մարդ կանգնել էր բաժնի բակում] և տարբեր հայհոյանքներ էր հնչեցնում: Ես մոտեցա նրան՝ կարգի հրավիրելու համար, սակայն [նա] չարամտորեն չէր ենթարկվում իմ օրինական կարգադրություններին՝ երկուսից երեք րոպե շարունակ զազրախոսելով: Նշված [անձը] բերվեց ոստիկանության բաժին, որտեղ հաստատվեց, որ ... [երրորդ դիմումատուն] է, որը հենց նոր էր ազատվել վարչական կալանքից...»:
36. Կառավարության դիրքորոշման համաձայն՝ առաջին դիմումատուն ժամը 17:30-ին տարվել է Արմավիրի մարզային դատարան, որտեղ նրա նկատմամբ նոր պատիժ է նշանակվել: Երրորդ դիմումատուն նրա ձերբակալությունից կարճ ժամանակ անց նույնպես տարվել է Մարզային դատարան և նրա նկատմամբ նշանակվել է նոր վարչական տույժ:
37. Երկու դիմումատուների վերաբերյալ դատավորների եզրահանգումներն ըստ էության նույնն էին, և նշվում էր, որ 2004 թվականի ապրիլի 6-ին առաջին և երրորդ դիմումատուները համապատասխանաբար ժամը 16:30-ին և 17:30-ին Արմավիր քաղաքի ոստիկանության բաժնի դիմաց անկանոն հայհոյանքներ են հնչեցրել: Ոստիկանները փորձել են կարգի հրավիրել նրանց, բայց առաջին և երրորդ դիմումատուները չարամտորեն չեն ենթարկվել նրանց օրինական կարգադրություններին և մոտ երեք րոպե զազրախոսել են: Առաջին և երրորդ դիմումատուները հերքել են իրենց մեղքը, որը, սակայն, հաստատված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, ոստիկանի կողմից կազմված արձանագրությամբ և ձերբակալման արձանագրությամբ:
38. Դատարանի համապատասխան որոշումների համաձայն՝ առաջին դիմումատուի կալանքի ժամկետը պետք է հաշվարկվեր 2004 թվականի ապրիլի 6-ից՝ ժամը 19։00-ից, իսկ երրորդ դիմումատուի կալանքի ժամկետը պետք է հաշվարկվեր նույն օրը՝ ժամը 17։30-ից:
39. Դատական նիստերի արձանագրությունների համաձայն՝ դատական վարույթներն անցկացվել են 2004 թվականի մարտի 30-ին և ապրիլի 2-ին կայացած դատական նիստերի արձանագրություններում արտացոլված համանման ձևով (տե՛ս վերևում՝ 16-րդ և 27-րդ պարբերությունները):
40. Առաջին և երրորդ դիմումատուններն այնուհետև տեղափոխվել են Արմավիր քաղաքի ոստիկանության բաժնի՝ կալանավորվածներին պահելու վայր, որտեղ նրանք ամբողջությամբ կրել են իրենց պատիժը՝ գտնվելով երկրորդ դիմումատուի հետ միևնույն խցում: Վարչական կալանքի գրանցամատյանի համաձայն՝ առաջին դիմումատուն կալանավորվածներին պահելու վայր է ընդունվել 2004 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 19։00-ին, իսկ երրորդ դիմումատուն՝ նույն օրը՝ ժամը 17:30-ին: Նրանց ազատ արձակման ժամանակը նշվել է 2004 թվականի ապրիլի 13-ին՝ համապատասխանաբար ժամը 19:00-ին և ժամը 17:30-ին:
Գ. Երկրորդ դիմումատուն
1. Առաջին վարչական կալանքը
41. 2004 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 7:30-ից 8:00-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դիմումատուի բնակարան են այցելել մի քանի ոստիկան: Երկրորդ դիմումատուին ոստիկանները տեղեկացրել են, որ նա կասկածվում է հետախուզման մեջ գտնվող անձին իր տանը թաքցնելու մեջ: Ոստիկաններն անցել են երկրորդ դիմումատուի բնակարանի զննությանը: Փնտրվող անձին ոստիկանները չեն հայտնաբերել:
42. Երկրորդ դիմումատուն պնդել է, որ զննությունից հետո ոստիկանության կապիտանը հրավիրել է հետևել իրենց՝ գնալ գյուղապետարան: Նա պատասխանել է, որ գյուղապետարանի աշխատանքը սկսվում է ժամը 09:00-ին, և որ ինքը կգնա այնտեղ ոտքով: Ապա ոստիկանները փորձել են իրեն հարկադրաբար նստեցնել մեքենա և տարել են Արմավիր քաղաքի ոստիկանության բաժին:
43. Ոստիկանության բաժնում երկրորդ դիմումատուի նկատմամբ վարչական գործ է հարուցվել ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով: Ոստիկանները կազմել են երկրորդ դիմումատուի ձերբակալման արձանագրությունը, ըստ որի «նա 2004 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08:00-ին, ոստիկանների օրինական կարգադրություններին չենթարկվելու, զազրախոսելու և մոտավորապես հինգ րոպե ոստիկանների աշխատանքը խոչընդոտելու համար բերվել է ոստիկանության բաժին»:
44. Ձերբակալումն իրականացնող ոստիկաններից մեկը զեկուցել է ոստիկանության բաժնի պետին, որ՝
«... 2004 թվականի ապրիլի 2-ին ... ես և [երկու այլ ոստիկան] այցելել ենք Նաիրի գյուղ ... որտեղ, համաձայն ստացված տեղեկության, [հետախուզման մեջ գտնվող անձը] թաքնվել է [երկրորդ դիմումատուի] տանը: [Երկրորդ դիմումատուի] տուն մեր այցի ժամանակ [երկրորդ դիմումատուն] չի ենթարկվել մեր օրինական կարգադրություններին, զազրախոսել է, մեր հարցերին հարցով է պատասխանել և մոտ հինգ րոպե խոչընդոտել է մեր աշխատանքը»:
45. Երկրորդ դիմումատուն գրավոր ցուցմունք է տվել, որում փաստել է հետևյալը.
«... զննության ժամանակ իմ և ոստիկանի միջև ծագել է անհամաձայնություն. ոստիկանները հրավիրում էին ինձ գյուղապետարան, այդ հրավերին ես պատասխանել եմ, որ ուզում եմ ոտքով գնալ, ինչը նրանք չեն ընդունել: Դրանից հետո ես հետևել եմ նրանց [ոստիկանության բաժին]: Իմ և ոստիկանների միջև ծագած անհամաձայնությունը շարունակվել է երկուսից երեք րոպե»:
46. Նույն օրը՝ ժամը 17:00-ին, երկրորդ դիմումատուն ներկայացել է Արմավիրի մարզային դատարանի դատավոր Հ.-ին, որը կարճ դատական նիստից հետո ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով դատապարտել է նրան վարչական կալանքի՝ յոթ օր ժամկետով: Դատավորի ամբողջ եզրակացությունը հանգել է հետևյալին.
«2004 թվականի ապրիլի 2-ին [ոստիկանները] այցելել են [երկրորդ դիմումատուի] բնակարան, որտեղ, ստացված տեղեկությունների համաձայն, [հետախուզման մեջ գտնվող անձ] էր թաքնվում: Այցի ժամանակ [երկրորդ դիմումատուն] երեքից հինգ րոպե խոչընդոտել է ոստիկանների աշխատանքին՝ չենթարկվելով նրանց օրինական կարգադրություններին և զազրախոսել է, ինչի համար էլ նրան տեղափոխել են Արմավիր քաղաքի ոստիկանության բաժին: [Երկրորդ դիմումատուն] ընդունել է իրավախախտում կատարելու փաստը և զղջացել դրա համար: [Երկրորդ դիմումատուի] կողմից իրավախախտում կատարելու փաստը հաստատված է նաև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, [ոստիկանի] կազմած արձանագրությամբ և [ձերբակալման արձանագրությամբ]»:
47. Այդ որոշման համաձայն՝ երկրորդ դիմումատուի կալանքի ժամկետը պետք է հաշվարկվեր 2004 թվականի ապրիլի 2-ից՝ ժամը 17.00-ից:
48. Դատական նիստի արձանագրության համաձայն՝ դատական վարույթն անցկացվել էր մյուս նիստերի նույն ձևով (տե՛ս վերևում՝ 16-րդ, 27-րդ և 39-րդ պարբերությունները): Երկրորդ դիմումատուն ընդունել է վարչական իրավախախտում կատարելու փաստը և իրեն մեղավոր է ճանաչել:
49. Երկրորդ դիմումատուն վիճարկել է դատական վարույթի արձանագրության վերոնշյալ տարբերակը և պնդել է, որ դատական նիստի ժամանակ ոչ մի վկա չի հրավիրվել, և իրավաբանի կողմից ներկայացվելու իր պահանջը մերժվել է: Ինքը երբևէ չի ընդունել իր կողմից իրավախախտում կատարելու փաստը:
50. Պատիժը կրելու նպատակով երկրորդ դիմումատուն տեղափոխվել է Արմավիր քաղաքի ոստիկանության բաժնի՝ կալանավորվածներին պահելու վայր՝ առաջին և երրորդ դիմումատուների հետ գտնվելով նույն խցում: Ըստ վարչական կալանքի գրանցամատյանի՝ առաջին դիմումատուն կալանավորվածներին պահելու վայր է ընդունվել ժամը 17:00-ին:
2. Երկրորդ վարչական կալանքը
51. Երկրորդ դիմումատուն պնդել է, որ 2004 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ին, իր պատժի ժամկետը լրանալուց մեկ ժամ առաջ նրան տարել են քննիչի սենյակ: Այստեղ երկրորդ մեղադրանքն են ներկայացրել նրան: Ժամը 17:05-ին նրան տեղափոխել են կալանավորվածներին պահելու վայրի խցից և ներկայացրել Արմավիրի մարզային դատարանի դատավոր Ս.-ին: Կարճատև դատական նիստ է անցկացվել՝ 2004 թվականի ապրիլի 2-ին կայացած նիստի նույն ձևով:
52. Կառավարությունը վիճարկել է այս պնդումը: Նրանք փաստել են, որ երկրորդ դիմումատուն իր կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ 2004 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 17:00-ին, ազատ է արձակվել կալանքից: Ժամը 17:10-ին նրան նորից ձերբակալել են Հանրապետության և Շահումյան փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության այն բաժնից 50-100 մետր հեռավորության վրա, որտեղ նա կրել էր իր առաջին պատիժը: Ժամը 18:00-ին նրան ներկայացրել են դատավոր Ս.-ին:
53. Վարչական կալանքի գրանցամատյանի համաձայն՝ երկրորդ դիմումատուն իր պատժի ժամկետը լրանալուն պես 2004 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 17:00-ին, ազատ է արձակվել կալանքից: Երկրորդ դիմումատուի ձերբակալման արձանագրության համաձայն՝ «2004 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 17:10-ին, նրան տեղափոխել են ոստիկանության բաժին՝ ոստիկանների հասցեին զազրախոսելու և դիտավորյալ հինգից յոթ րոպե նրանց օրինական կարգադրություններին չենթարկվելու համար»: Դիմումատուն հրաժարվել է ստորագրել այդ արձանագրությունը և տալ գրավոր ցուցմունք:
54. Ոստիկանի կողմից կազմված արձանագրության մեջ նշվում էր, որ՝
«... 2004 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 17.10-ի սահմաններում, Հանրապետության և Շահումյան փողոցների խաչմերուկում ... նկատել եմ բարձրաձայն հայհոյող քաղաքացու: Ես մոտեցել եմ նրան կարգի հրավիրելու համար, սակայն նա սկսել է հայհոյել ինձ և ոստիկանությանը: Երեքից հինգ րոպե ես փորձում էի կարգի հրավիրել նրան, սակայն վերջինս չէր ենթարկվում իմ օրինական կարգադրություններին, ինչի համար էլ ես բերման եմ ենթարկել նրան ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ նա [երկրորդ դիմումատուն է], որը նոր էր ազատ արձակվել վարչական կալանքից»:
55. Դատավոր Ս.-ն ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով դատապարտել է նրան վարչական կալանքի՝ չորս օր ժամկետով: Դատավորի ամբողջ եզրակացությունը հանգել է հետևյալին.
«2004 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Հանրապետության փողոցում ... [երկրորդ դիմումատուն] երեքից հինգ րոպե չարամտորեն չի ենթարկվել [ոստիկանի] օրինական կարգադրությանը ... [Երկրորդ դիմումատուն] չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները: Նա հայտարարել է, որ չի զազրախոսել և հայհոյանքներ չի հնչեցրել: [Երկրորդ դիմումատուին] առաջադրված մեղադրանքները հաստատվել են [ոստիկանի կողմից կազմված արձանագրությամբ, ձերբակալման արձանագրությամբ և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ]»:
56. Այդ որոշման համաձայն՝ երկրորդ դիմումատուի կալանքի ժամկետը պետք է հաշվարկվեր 2004 թվականի ապրիլի 9-ից՝ ժամը 17:10-ից:
57. Երկրորդ դիմումատուն տեղափոխվել է Արմավիր քաղաքի ոստիկանության բաժնի՝ կալանավորվածներին պահելու վայր, որտեղ նա ամբողջությամբ կրել է իր պատիժը: Վարչական կալանքի գրանցամատյանի համաձայն՝ երկրորդ դիմումատուն ընդունվել է կալանավորվածներին պահելու վայր 2004 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 18:30-ին, և պատժի ժամկետը լրանալուն պես ազատ է արձակվել 2004 թվականի ապրիլին (հստակ օրն անընթեռնելի է)՝ ժամը 17:10-ին:
Դ. Հետագա զարգացումները
58. Դիմումատուներն իրենց պատիժը կրելու ընթացքում բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին այն մասին, որ 2004 թվականի մարտի 30-ից ապրիլի 3-ը՝ վաղ առավոտյան, իրենց ապօրինի կերպով տեղափոխել են Արմավիր քաղաքի ոստիկանության բաժին, որտեղ շինծու մեղադրանք ներկայացնելուց հետո իրենց տեղափոխել են Արմավիրի մարզային դատարան։ Դատավորներ Ա.-ն և Հ.-ն, չփորձելով պարզել որևէ հանգամանք կամ իրենց դեմ ներկայացված «մեղադրանքի» կապակցությամբ քննել որևէ վկայի, նախապես պատվիրված որոշումներ են կայացրել՝ դատապարտելով իրենց վարչական կալանքի՝ չորս և յոթ օր ժամկետով: Դիմումատուների համապատասխան վարչական կալանքի ժամկետները լրանալուց հետո նրանք ազատ չեն արձակվել, այլ փոխարենը նոր շինծու մեղադրանք է առաջադրվել նրանց, որից հետո դատավորներ Ա.-ն, Հ.-ն և Ս.-ն դատապարտել են նրանց վարչական կալանքի ևս չորս և յոթ օր ժամկետով: Դիմումատուները պնդել են, որ իշխանությունների այս գործողություններն ուղղակիորեն կապված են եղել Երևանում տեղի ունեցած ցույցերի հետ, և իրենց կալանավորել են իրենց քաղաքական հայացքների համար:
59. Ըստ դիմումատուների՝ իրենց ազատ արձակումից հետո ոստիկանները շարունակում էին հաճախակի այցելել իրենց: Ազատ արձակվելուց մի քանի օր անց Արմավիր քաղաքի ոստիկանության բաժնի պետն այցելել է նրանցից յուրաքանչյուրին և փորձել է համոզել, որ վերջիններս ակտիվորեն չներգրավվեն ընդդիմադիր քաղաքականության մեջ: Դիմումատուները հրավիրվել են ոստիկանության բաժին այս առիթով և դրանից հետո պարբերաբար, երբ պետք է անցկացվեին քաղաքական բնույթի հավաքներ: Նրանք չէին ընդունում այդ հրավերները՝ վախենալով, որ իրենց նորից կկալանավորեն ենթադրյալ շինծու մեղադրանքով:
60. Դիմումատուները պնդում են, որ ոստիկանների հաճախակի այցելությունների պատճառով առաջին դիմումատուն ստիպված է եղել հեռանալ իր տանից: Երկրորդ դիմումատուին ոստիկաններն այցելել են գրեթե ամեն օր, ինչը մեծ լարվածություն է առաջացրել նրա ընտանիքի համար: 2004 թվականի մայիսի 22-ին՝ կեսօրին, ոստիկանները շներով շրջափակել են նրա բնակարանը: Նա աննկատ լքել է իր բնակարանը, որից հետո ոստիկանները մուտք են գործել բնակարան և զննություն իրականացրել: Այս այցերի հետևանքով երկրորդ դիմումատուն հնարավորություն չի ունեցել իր հողատարածքում շարունակելու գյուղատնտեսական աշխատանքները, զբաղվելու ամենօրյա աշխատանքով կամ մասնակցելու հասարակական կյանքին՝ իր ժամանակի մեծ մասը թաքնվելով ոստիկաններից:
61. 2004 թվականի ապրիլի 20-ին առաջին և երրորդ դիմումատուները բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին՝ ոստիկանների կողմից իրենց շարունակաբար հետևելու վերաբերյալ: 2004 թվականի ապրիլի 27-ին և մայիսի 24-ին երկրորդ դիմումատուն նույնպես բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին նույն հիմքով, ինչպես նաև 2004 թվականի մայիսի 22-ի դեպքերի վերաբերյալ:
62. 2004 թվականի ապրիլի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է քննության առնել դիմումատուների գործը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈԻԹՅՈԻՆԸ
63. ՎԻՎՕ-ի համապատասխան դրույթների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համար տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Galstyan v. Armenia] գործով վճիռը (թիվ 26986/03, § 26, 2007 թվականի նոյեմբերի 15): Վերը նշված վճռում չհիշատակված ՎԻՎՕ-ի դրույթները տվյալ ժամանակահատվածում գործող խմբագրությամբ սահմանում են.
Հոդված 182. Միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը
«Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը կամ ուղղիչ աշխատանքների նշանակում մեկից մինչև երկու ամիս ժամանակով՝ վաստակի քսան տոկոսի պահումով, իսկ այն դեպքում, երբ ըստ գործի հանգամանքների, հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար՝ վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով»:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ
Ա. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) թիվ 1374(2004) բանաձևը. Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին, 2004 թվականի ապրիլի 28
64. Բանաձևի համապատասխան քաղվածքներով նախատեսվում է հետևյալը.
«1. 2004 թվականի մարտ ամսվա վերջից սկսած՝ Հայաստանում ընդդիմադիր ուժերը կազմակերպել էին մի շարք բողոքի ցույցեր՝ կոչ անելով անցկացնել «վստահության հանրաքվե» նախագահ Քոչարյանին: Նման հանրաքվեի հնարավորության մասին առաջին անգամ հիշատակել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն անցյալ տարվա փետրվար և մարտ ամիսների նախագահական ընտրություններից հետո: Հետագայում Սահմանադրական դատարանը պարզաբանեց իր առաջարկը, և ընդդիմության պահանջներն ու բողոքի ցույցերն իշխանությունները որակեցին որպես բռնի իշխանափոխության փորձ:
2. Չնայած ցույցերը հայտարարված էին, դրանք թույլատրված չէին իշխանությունների կողմից, որոնք սպառնում էին քրեական գործ հարուցել կազմակերպիչների դեմ: Ապրիլի 5-ի ցույցերից հետո գլխավոր դատախազը քրեական գործ հարուցեց ընդդիմության որոշ ներկայացուցիչների դեմ՝ ընդդիմության կուսակցությունների հանրահավաքների կապակցությամբ, և շատերը ձերբակալվեցին: Նույն ցույցի ժամանակ անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի քանի լրագրողների և քաղաքական գործիչների, մինչդեռ ներկա գտնվող ոստիկանները ոչ մի գործողություն չեն ձեռնարկել:
3. Ապրիլի 9-ին, 10-ին և 12-ին Երևանում տեղի ունեցան նոր ցույցեր: Ապրիլի 13-ին՝ վաղ առավոտյան, օրինապահ մարմինները բռնությամբ ցրել են մոտ 2000-3000 ցուցարարների, որոնք փորձում էին շարժվել դեպի նախագահական նստավայր՝ պահանջելով նախագահ Քոչարյանի հրաժարականը: Մեր տեղեկությունների համաձայն՝ ոստիկանները կիրառել են մահակներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ արդյունքում պատճառելով տասնյակ վնասվածքներ: Մի շարք ցուցարարներ ձերբակալվել են, այդ թվում՝ Խորհրդարանի պատգամավորներ, ներառյալ՝ Վեհաժողովի անդամներ, ընդ որում, ձերբակալվածներին պահելու վայրում ոմանք ոչ պատշաճ վերաբերմունքի են արժանացել ոստիկանության կողմից: Անվտանգության ուժերը նաև ֆիզիկական ուժ են կիրառել ընդդիմության հանրահավաքը լուսաբանող մի քանի լրագրողների նկատմամբ և ձերբակալել նրանց:
4. Հայաստանում լարվածությունը շարունակում է մնալ բարձր. նոր բողոքի ցույցեր են նախատեսված ապրիլի 26-ից մեկ շաբաթվա ընթացքում: Առայժմ իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության բավարար հիմքեր կարծես չկան, չնայած որ որոշ առաջարկներ արվել են, և իշխող մեծամասնության որոշ անդամներ, օրինակ՝ ՀՀ խորհրդարանի խոսնակը, սկսել են քննադատել ցույցերի բռնի ճնշումը:
5. Ինչ վերաբերում է իշխանությունների գործելակերպին՝ Խորհրդարանական վեհաժողովը ... մասնավորապես մտահոգություն է հայտնել հետևյալ փաստերի շուրջ.
i. ձերբակալությունները, այդ թվում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիման վրա, անտեսել են վարչական կալանքի պրակտիկային անհապաղ վերջ տալու և այդ պրակտիկայի համար իրավական հիմք ծառայող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջը, ...
9. Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ ...
iii. անհապաղ ազատ արձակել այն անձանց, որոնք ձերբակալվել են ցույցերին մասնակցելու համար, և անհապաղ դադարեցնել վարչական կալանքի կիրառման պրակտիկան և համապատասխան փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ...»:
Բ. ԵԽԽՎ-ի Կոմիտեի՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին զեկույց, Փաստաթուղթ թիվ 10163, 2004 թվականի ապրիլի 27
65. Զեկույցը պարունակում է ԵԽԽՎ-ի թիվ 1374 բանաձևի նախագծի վերաբերյալ բացատրական հուշագիր: Բացատրական հուշագրի համապատասխան քաղվածքով նախատեսվում է հետևյալը.
«Մարտի վերջից Հայաստանում ընդդիմադիր ուժերը որոշեցին կազմակերպել զանգվածային բողոքի ցույցեր՝ ստիպելու համար անցկացնել նախագահ Քոչարյանի «վստահության հանրաքվե»: Անցյալ տարվա փետրվարին և մարտին անցկացված՝ միջազգային հանրության կողմից խիստ քննադատության արժանացած նախագահական ընտրություններից հետո այդպիսի հանրաքվեի հնարավորության մասին առաջին անգամ հիշատակեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը: ...
Հայաստանի իշխանություններն ընդդիմության՝ բողոքի ցույցեր անցկացնելու կոչերին արձագանքեցին քաղաքական ահաբեկումներով և վարչական ու դատական հետապնդումներով: Բողոքի ցույցերն սկսելուն պես արձագանքն ավելի դաժան էր: Ցույցերը դաժանաբար ցրվել են, ծեծի են ենթարկվել լրագրողներ, ընդդիմության մեծ թվով աջակիցներ ձերբակալվել են և ընդդիմադիր կուսակցության շենքեր են ներխուժել ոստիկանները:
...
2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից հետո 2004 թվականի հունվարին Վեհաժողովն ընդունեց մոնիթորինգի իր երկրորդ զեկույցը: Այս առիթով ընդունված թիվ 1361 բանաձևում նշվել է վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած մի շարք հուսադրող զարգացումների մասին...
Այնուամենայնիվ, Բանաձևում ... խստորեն քննադատվում են 2003 թվականին տեղի ունեցած [նախագահական և խորհրդարանական] ընտրությունները: Ավելին, դրանում թվարկվել են Հայաստանի իշխանությունների՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ վարքագծի վերաբերյալ մի շարք մտահոգություններ և հույս է հայտնվել, որ այս խնդիրները հրատապ լուծում կստանան Եվրոպայի խորհրդի չափանիշներին և սկզբունքներին համապատասխան:
Ցավոք, 2004 թվականի մարտին և ապրիլին տեղի ունեցած իրադարձություններին Հայաստանի իշխանությունների արձագանքը ցույց է տալիս, որ Վեհաժողովի՝ ավելի մեծ առաջընթաց գրանցելու պահանջը անտեսվել է, և Վեհաժողովի որոշ առանցքային մտահոգությունների մասով իրավիճակը նույնիսկ վատթարացել է:
Վարչական կալանքը
Ինչ վերաբերում է վարչական կալանքի խայտառակ և շարունակական կիրառմանը, թիվ 1361 բանաձևում իշխանություններին կոչ է արվում փոփոխել Վարչական օրենսգիրքը՝ կազմակերպության չափանիշներին չհամապատասխանող այս պրակտիկային վերջ դնելու համար: Վեհաժողովը պահանջել է նաև մինչև 2004 թվականի ապրիլ ամիսն այդ նոր նախագիծը ներկայացնել Եվրոպայի խորհրդի փորձագետներին:
Այդ պրակտիկային անմիջապես վերջ դնելու և դրա հետ կապված անհրաժեշտ օրենսդրական նախագծեր կազմելու փոխարեն Հայաստանի իշխանությունները վերջին իրադարձությունների ընթացքում դիմեցին վարչական կալանքի լայն կիրառմանը: Չնայած շատ դժվար է ճշտել ձերբակալված անձանց հստակ թիվը և նրանց կալանքի համար կիրառված իրավական հիմքը, շատ զեկույցներում նշվում է, որ նրանց թիվը տատանվել է երկուսից երեք հարյուրի սահմաններում:
Վեհաժողովը կրկնում է վարչական կալանքի կիրառման պրակտիկային անմիջապես վերջ դնելու իր պահանջը: Վարչական օրենսգիրքը պետք է անհապաղ վերանայվի: ...»:
Գ. «Հյուման Րայթս Ուոթչ» [Human Rights Watch] կազմակերպության ամփոփաթերթը, 2004 թվականի մայիսի 4, Ճնշումների շրջանը. Հայաստանում մարդու իրավունքների խախտումները
66. Ամփոփաթերթի համապատասխան քաղվածքներում ասվում է հետևյալը.
«2004 թվականի մարտի վերջին Հայաստանի քաղաքական ընդդիմությունը միավորվեց զանգվածային խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու գաղափարի շուրջ՝ ստիպելու համար անցկացնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վստահության հանրաքվե», ինչպես նաև նրա հրաժարականը պահանջելու համար: Ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, զանգվածային ձերբակալություններով, ցույցեր ցրելու նպատակով բռնի ուժ կիրառելով, քաղաքական ընդդիմության շտաբներ ներխուժելով, լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրելով և ցույցերին ժողովրդի մասնակցությունը կանխելու նպատակով տեղաշարժը սահմանափակելով, սկսեց արշավ՝ քաղաքական ընդդիմությանը ժողովրդի աջակցությունը դադարեցնելու համար: Հարյուրավոր մարդիկ կալանավորվեցին, շատերը՝ մինչև տասնհինգ օր ժամկետով, ոմանք ձերբակալվածներին պահելու վայրերում ենթարկվեցին խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի...
Ընդդիմության պահանջը պայմանավորված էր Կառավարության կողմից 2003 թվականի խորապես խեղաթյուրված նախագահական ընտրությունների արդյունքները մինչ այդ պահը չուղղելու փաստով. ըստ այդ արդյունքների՝ հաղթել էր գործող նախագահ Քոչարյանը: Մտահոգիչ է այն, որ Կառավարությունն այժմ էլ, ավելի մեծ բռնություն կիրառելով, կրկնում է անցյալ տարվա ընտրություններն ուղեկցած ճնշումները: Այդ ժամանակ միջազգային հանրությունը զգուշացրել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որ պետք է դադարեցվի ձերբակալությունների և վարչական կալանքների միջոցով ընդդիմությանն ահաբեկելը: Այնուամենայնիվ, 2004 թվականի մարտին և ապրիլին Հայաստանի կառավարությունը ոչ միայն սկսեց կալանքների նոր արշավ, այլև ահաբեկելու դեպքերին ավելացրեց նաև անվտանգության ուժերի կողմից բռնությունները:
2004 թվականի մարտի վերջին հիմնական ընդդիմադիր խմբակցություններից երկուսը՝ «Արդարություն» դաշինքը, որը կազմված է 9 կուսակցություններից, ներառյալ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը» և «Ազգային միաբանություն» կուսակցությունը, միավորեցին իրենց ուժերը և հայտարարեցին իրենց գործողությունների արշավի մասին: Այս քայլից հետո ընդդիմությունն ավելի շատ ջանք ներդրեց՝ հայտարարություններ անելով և Հայաստանի մարզերում ուժերը մոբիլիզացնելով: Իշխանությունները դրան պատասխանեցին ազատ տեղաշարժման սահմանափակմամբ, կալանավորումներով և ընդդիմության արշավի կազմակերպիչներին քրեական հետապնդման սպառնալիքներով: ...
[Ապրիլի 5-ից] Երևանում կայուն կերպով աճեց հանրահավաքների, ինչպես նաև ընդդիմության կալանավորված կամ այլ կերպ ահաբեկված աջակիցների թիվը: «Հանրապետություն» կուսակցության հաշվարկներով, մարտի վերջից մինչև [ապրիլի 12-ը] ոստիկանությունը ձերբակալել, խուզարկել կամ ճնշել է իր աջակիցներից ավելի քան 300 հոգու: ...
2004 թվականի մարտի վերջից ապրիլի կեսն ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը, ճանապարհներին արգելափակոցներ տեղադրելով, մեքենաները կանգնեցնելով, ուղևորներին հարցաքննելով և չթույլատրելով տեղաշարժվել նրանց, ում կարծում էր ընդդիմության աջակից, սահմանափակեց դեպի Երևան հանրահավաքներին մասնակցելու նպատակով երթևեկելու փորձեր կատարող ընդդիմության համակիրների տեղաշարժը: ...
[Ապրիլի 5-ի] առավոտյան՝ ժամը [10.30 - 12.00-ն ընկած ժամանակահատվածում], ոստիկանությունն անցակետում կանգնեցրել է «Ազգային միաբանություն» կուսակցության ինն անդամների երեք մեքենան այն պահին, երբ նրանք Հայաստանի երրորդ մեծ քաղաքից՝ Վանաձորից, հիմնական ճանապարհով ուղևորվում էին դեպի Երևան: Նրանք մտադիր էին մասնակցել Երևանում [ժամը 15.00-ին] անցկացվելիք հանրահավաքին: Ոստիկանությունը պահեց ինը տղամարդկանց Վանաձորի ոստիկանության բաժնում՝ ենթադրաբար ասելով, որ «մենք ձեզ փրկել ենք Երևանում ծեծի ենթարկվելուց»: Ոստիկանությունը տղամարդկանցից երեքին ներկայացրեց տեղական դատարան, որը նրանց դատապարտեց հնգօրյա վարչական կալանքի՝ ոստիկանի կարգադրություններին չենթարկվելու համար: ...
Դժվար է հստակ նշել 2004 թվականի ապրիլի սկզբից կալանավորված ընդդիմության աջակիցների ընդհանուր թիվը: Մինչև ապրիլի 17-ը «Արդարություն» դաշինքը փաստել էր ընդդիմության 327 աջակիցների կալանավորման մասին, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հաշվարկել է, որ իր անդամներից մոտ 300 հոգի կա՛մ կալանավորվել են, կա՛մ ճնշումների ենթարկվել, կա՛մ էլ ենթարկվել խուզարկությունների: ...
[Ընդդիմության որոշ աջակիցներ] կալանավորվել և պահվել են մի քանի ժամից մինչև տասնհինգ օր ժամկետով: Շատերը պահվել և ազատ են արձակվել առանց փաստաթղթային ձևակերպման կամ առանց կատարված ձերբակալության գրանցման: Մյուսները տարվել են դատարան և նրանց նկատմամբ սահմանվել է պատիժ՝ արգելանք, մինչև տասնհինգ օր ժամկետով՝ Վարչական օրենսգրքով նախատեսված մանր իրավախախտումների համար:
Դատաքննությունները մակերեսային են եղել, անտեսվել են արդար դատաքննության միջազգային բոլոր երաշխիքները և կրկնվել են 2003 թվականի նախագահական ընտրություններին գրանցված վարչական կալանքի չարաշահման օրինակները: Վարչական գործերով մեղադրյալներին չէր թույլատրվում օգտվել իրավաբանի ծառայություններից, նրանք ապացույց ներկայացնելու հնարավորություն չեն ունեցել և որպես կանոն, մեղադրվել են ոստիկանների՝ արձանագրություններում ներկայացված ապացույցների հիման վրա: Բողոքարկման գործնական արգելքները փաստացիորեն անհնարին են դարձնում գործերը բարձր ատյաններում ներկայացնելը: ...»
Դ. Եվրոպա և Կենտրոնական Ասիա. «Amnesty International» կազմակերպության՝ տարածաշրջանում մտահոգությունների ամփոփ նկարագիրը, 2004 թվականի հունվար-հունիս
67. Զեկույցը բովանդակում է Հայաստանին նվիրված գլուխ, որի համապատասխան քաղվածքներով նախատեսվում է հետևյալը.
«[2004 թվականի] ապրիլին ընդդիմության ցույցերը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից սկսած զանգվածային հրապարակային բողոքի ցույցերի երկամսյա արշավի մի մասն էին: ... Ըստ ստացված տեղեկությունների՝ իրենց արշավի ընթացքում ամբողջ երկրով մեկ ընդդիմության հարյուրավոր աջակիցներ, ներառյալ՝ ընդդիմադիր կուսակցության ականավոր անդամները կամայականորեն կալանավորվել են, իսկ տասնյակները դատապարտվել են 15-օրյա վարչական կալանքի՝ դատաքննություններից հետո, որոնք, ըստ պնդումների, շատ հեռու էին արդար դատաքննության միջազգային չափանիշներին համապատասխանելուց:...»
Ե. Տարեկան զեկույց. 2004 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին
68. Զեկույցի համապատասխան քաղվածքներով նախատեսվում է հետևյալը.
«3.4 Ազատ տեղաշարժման իրավունք
Պաշտպանի գործողունեության սկիզբը համընկել է 2004 թվականի մարտ- ապրիլ ամիսներին հանրապետությունում անցկացվող հանրահավաքների հետ:
Ընդդիմությունը սկսել է ցույցեր և ժողովներ անցկացնել տարբեր մարզերում դեռևս փետրվարի սկզբներից: Այդ ժողովներին իշխանությունների կողմից միջամտություն չի եղել:
Իշխանությունների առաջին միջամտությունը ցույցերին տեղի է ունեցել մարտի վերջին՝ Գյումրիում, որի արդյունքում ձերբակալվել են ցույցի մասնակիցներ և հարուցվել են քրեական գործեր: ...
Ապրիլին մայրաքաղաքում անցկացված ցույցերի առնչությամբ Պաշտպանը ոստիկանության գործողություններում արձանագրել է մարդու իրավունքների մի շարք խախտումներ:
Ցույցերի օրերին արձանագրվել են մարզերից դեպի մայրաքաղաք հասարակական տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումներ ոստիկանության կողմից, որով խախտվել է հանրապետությունում քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը: ...
Այդ օրերին հաճախակի են դարձել վարչական իրավախախտումների համար անձանց ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու և դատարանի որոշմամբ վարչական կարգով կալանավորելու դեպքերը։
Նման գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նաև չարաշահվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության պահանջները. «զազրախոսելը» գնահատվել է որպես վարչական կարգով անձին կալանքով պատժելու հիմք: ...
3.5 Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք
«Պաշտպանի կողմից դատարաններից վերցվել և ուսումնասիրվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր: Դրանց արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին, և հաշվի առնելով այդ գործերով պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահումների հանգամանքը՝ առաջարկվել է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Պաշտպանի հայտնաբերած փաստերի մի մասն առանձնացվել և ուղարկվել է Արմավիրի մարզի դատախազին՝ դրանք ստուգելու և ընթացք տալու համար: Մարզի դատախազը հետագայում հաղորդել է, որ հանցագործության նշաններ չեն հայտնաբերվել, իսկ որոշ ոչ էական խախտումների համար ոստիկանության համապատասխան աշխատակիցները ստացել են դիտողություն»:
Զ. «Այբ-Ֆե» շաբաթաթերթում տպագրված հոդվածը, 2004 թվականի մայիսի 14-ից 20-ը
69. Տեղական «Այբ-Ֆե» շաբաթաթերթը տպագրել է Հայաստանի փաստաբանների միջազգային ասոցիացիայի նախագահ պրն Տ. Տեր-Եսայանի հարցազրույցը (ՀՓՄԱ), որը ներառում էր ընդդիմադիր ուժերի և ՀՓՄԱ-ի համատեղ ջանքերով կազմված այն ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների ցուցակը, որոնք 2004 թվականի ապրիլին և մայիսին ենթադրաբար կալանավորվել են իշխանությունների կողմից: Ցուցակը ներառում էր ընդհանուր առմամբ 476 անուն և 98-րդ, 190-րդ և 100-րդ համարների տակ ներկայացված էին համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ դիմումատուների անունները:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՍՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՉՍՊԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
70. Կառավարությունը պնդել է, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածի հիման վրա Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահին իրենց դատապարտման մասով բողոք չներկայացնելով՝ դիմումատուները չեն սպառել իրենց գանգատում բարձրացված բոլոր բողոքների մասով իրավական պաշտպանության ներպետական միջոցները:
71. Դիմումատուները վիճարկել են Կառավարության առարկությունը:
72. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է այս հարցը և գտել է, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված վերանայման հավանականությունը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէ (տե՛ս վերևում հիշատակված՝ Գալստյանի գործը, § 42): Հետևաբար Կառավարության առարկությունը պետք է մերժվի:
II. ԲՈՂՈՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
73. Դատարանը նպատակահարմար է հարմարում դիմումատուների ամբողջական բողոքի լույսի ներքո առաջին հերթին ուսումնասիրել արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքների ենթադրյալ խախտումների կապակցությամբ դիմումատուների բողոքները:
74. Դատարանը նաև հնարավոր է համարում երեք դիմումատուների կողմից ներկայացված՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի, 6-րդ, 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածների և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի կապակցությամբ բողոքների համատեղ ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով դրանցում առկա փաստերի նմանությունը և դրանցում արված պնդումների՝ գործնականում նույնական բնույթը:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
75. Դիմումատուները բողոքում են, որ իրենց ձերբակալությունները և կալանքը միջոցներ էին, որոնք իշխանությունները կիրառել են քաղաքական հայացքների համար իրենց պատժելու և 2004 թվականի ապրիլի սկզբին Երևանում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերին մասնակցությունը կանխելու նպատակով: Նրանք վկայակոչել են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածները, որոնցով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը.
Հոդված 10
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:
Հոդված 11
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության... իրավունք...
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: ...»:
Ա. Ընդունելիությունը
76. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Մասնավորապես, եթե դիմումատուները համարել են, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված իրենց իրավունքների խախտում, ապա նրանք իրավունք ունեին պատասխանատու անձանց նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջ ներկայացնելու:
77. Այս առումով դիմումատուները որևէ մեկնաբանություն չեն արել:
78. Դատարանն անհրաժեշտ է համարում միացնել այս առարկությունը բողոքի ըստ էության քննությանը:
79. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուները
80. Դիմումատուները նշել են, որ իրենց ձերբակալությունները և կալանքը նպատակ էին հետապնդում լռեցնելու իրենց քաղաքական ընդդիմությունը, որն իրենք արտահայտում էին, inter alia (ի թիվս այլնի), քաղաքական հանրահավաքներին մասնակցելու միջոցով: Հայտնի էր, որ նրանք քաղաքական կուսակցությունների անդամներ էին, և 2004 թվականի մարտի վերջին և ապրիլի սկզբին ենթադրյալ վարչական իրավախախտումների համար նրանց կալանավորելու ժամանակահատվածի ընտրությունը նպատակ էր հետապնդում կանխելու, և իրոք կանխվեց, այդ ժամանակ կազմակերպված իրենց կուսակցությունների կողմից հրապարակային ցույցերին նրանց մասնակցությունը և այդ ցույցերին այլոց մասնակցության խրախուսումը, հանրաքվե անցկացնելու կոչեր անելը և գործող նախագահին անվստահություն հայտնելը: Սա միջամտություն էր իրենց՝ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքներին:
81. Դիմումատուներն այնուհետև նշել են, որ իրենց իրավունքներին միջամտությունը սահմանված չէր օրենքով: Մասնավորապես, ընդդիմադիր քաղաքական դաշտում ակտիվ մասնակիցների ձերբակալումը և կալանքը՝ ոստիկանության կարգադրություններին չենթարկվելու հետ կապված վարչական իրավախախտում կատարելու պատրվակով, սակայն իրականում ընդդիմության կազմակերպած երթերին մասնակցությունը կանխելու համար, չէր կարող դիտվել օրենքով սահմանված միջոց: Ավելին, միջամտությունը իրավաչափ նպատակ չէր հետապնդում, քանի որ այդ վարչական կալանքի նպատակն անկարգությունները կանխելը չէր, այլ գործող նախագահին փոխելու ընդդիմության կոչերին խոչընդոտելն էր: Ընդդիմության անցկացրած նախկին ցույցերի ժամանակ հասարակական կարգը խախտելու որևէ դեպք չէր գրանցվել, և որևէ արգելք չկար 2004 թվականի ապրիլին անցկացված ցույցերի համար, որոնք ընդհանուր առմամբ խաղաղ ցույցեր էին: Այսպիսով, նրանց կալանքը սոսկ պատրվակ էր ընդդիմության խաղաղ բողոքի ակցիաների արշավին անօրինական միջամտություն ցուցաբերելու համար:
82. Դիմումատուներն ի վերջո նշել են, որ խաղաղ քաղաքական ցույցերին մասնակցությունը կանխելու համար ընդդիմադիր ակտիվիստների և նրանց աջակիցների զանգվածային ձերբակալությունները չեն կարող համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»: Քաղաքական բանավեճի և խաղաղ հավաքների ազատությունն առանցքային է ժողովրդավարական հասարակությունում: Հաշվի առնելով նախկինում և 2004 թվականի ապրիլին տեղի ունեցած ցույցերի խաղաղ բնույթը՝ իշխանությունները չեն կարող համոզիչ ձևով հիմնավորել, որ նրանց ձերբակալելու և հետևաբար վարչական կալանքի ենթարկելու համար եղել է «խիստ հանրային անհրաժեշտություն»: Բացի այդ, միջամտությունը համաչափ չի եղել, քանի որ իրենք երկու անգամ դատապարտվել են այդ ժամանակ նախատեսված ամենախիստ պատժով, որն այդ ժամանակ վարչական կալանքն էր: Ավելին, իրենց կալանքը եղել է նախնական արգելք, քանի որ այն կիրառվել է քաղաքական ցույցերին իրենց մասնակցությունը կանխելու համար: Այսպիսով, կարելի է ասել, որ կալանքը եղել է զսպող գործոն, քանի որ այն ուներ այդ ցույցերին ընդդիմության այլ աջակիցների մասնակցությունը կամ ընդդիմության քաղաքականության դաշտում իսկապես ակտիվ ներգրավվածությունը զսպելու լուրջ հնարավորություն:
83. Ի հաստատումն իրենց պնդումների՝ դիմումատուները հղում են կատարում «Հյուման Րայթս Ուոթչ» կազմակերպության զեկույցին: Նրանք նաև ներկայացրել են «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահի և «Հանրապետություն» կուսակցության նախագահի՝ Դատարանին հասցեագրված նամակները, որտեղ նշված է, որ դիմումատուներն իրենց կուսակցությունների անդամներ են և ակտիվորեն մասնակցել են ընդդիմության կազմակերպած ցույցերին: Նամակներում այնուհետև նշվում էր, որ դիմումատուները 2004 թվականի ապրիլ և մարտ ամիսներին ենթարկվել են վարչական կալանքի իրենց քաղաքական հայացքների համար և իրենց առաջին պատժի ժամկետը լրանալուց հետո երբևէ ազատ չեն արձակվել:
բ) Կառավարությունը
84. Կառավարությունը նշել է, որ դիմումատուների ձերբակալման, այնուհետև կալանավորման միակ պատճառը նրանց նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերում նշված պատճառներն են: Երեք դիմումատուներն էլ վարչական կալանքի են ենթարկվել զազրախոսելու և ոստիկանների օրինական կարգադրություններին չենթարկվելու համար: Այս պատճառներն են նշվել դատարանի համապատասխան որոշումներում, որոնք հիմնված են եղել ոստիկանության կողմից ներկայացված ապացույցների վրա: Դիմումատուները չեն ապացուցել 10-րդ և 11-րդ հոդվածների հետ կապված իրենց պնդումները «ողջամիտ կասկածից վեր» չափանիշին համապատասխան: Այն փաստը, որ դիմումատուները քաղաքական կուսակցությունների անդամներ են, բավարար չէ պնդելու համար, որ դիմումատուների իրավունքներին ենթադրյալ միջամտությունն ունեցել է քաղաքական դրդապատճառներ: Դիմումատուների նկատմամբ ցուցաբերվել է նույն վերաբերմունքը, ինչ նույն իրավիճակում հայտնված ցանկացած այլ անձի՝ անկախ քաղաքական և այլ հայացքներից:
2. Դատարանի գնահատականը
ա) Դիմումատուների բողոքների շրջանակը
85. Դատարանը նշել է, որ դիմումատուների՝ 10-րդ և 11-րդ հոդվածների մասով բողոքների հիմքում հիմնականում ընկած է այն պնդումը, որ վարչական կալանքը ցույցերին նրանց մասնակցությունը կանխելու միջոց է եղել: Նման հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտարկվի lex generalis (ընդհանուր օրենք) 11-րդ հոդվածի նկատմամբ՝ lex specialis (հատուկ օրենք): Հետևաբար չկա 10-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքն առանձին քննելու անհրաժեշտություն (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի [Ezelin v. France], 1991 թվականի ապրիլի 26, § 35, շարք Ա թիվ 202):
86. Մյուս կողմից, չնայած իր ինքնուրույն դերին և կիրառության հատուկ ոլորտին, 11-րդ հոդվածը սույն գործում պետք է դիտարկվի 10-րդ հոդվածի լույսի ներքո: 10-րդ հոդվածով երաշխավորված անձնական կարծիքի պաշտպանությունը 11-րդ հոդվածով նախատեսված խաղաղ հավաքների ազատության նպատակներից մեկն է (նույն տեղում, § 37):
բ) Արդյո՞ք եղել է միջամտություն դիմումատուների՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը
87. Դատարանը նշում է, որ կողմերը վիճարկում են այն հարցը, թե արդյոք դիմումատուների՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն եղել է, թե՝ ոչ: Դիմումատուները պնդել են, որ իրենց դատապարտման իրական պատճառը եղել է ընդդիմության ցույցերին իրենց մասնակցությունը խոչընդոտելը: Կառավարությունը վիճարկել է այդ պնդումը և հայտարարել է, որ դիմումատուների դատապարտման միակ հիմքը դատարանի համապատասխան որոշումներում նշված հիմքերն են, այն է՝ ցույցերի հետ չկապված հանգամանքներում ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին չենթարկվելը:
88. Դատարանը նշում է, որ ըստ էության կողմերը վիճարկում են դատապարտման համար սահմանված փաստական հիմքերը: Այս առումով Դատարանը բազմիցս նշել է, որ այն զգայուն է իր դերի երկրորդական բնույթի նկատմամբ և ընդունում է, որ պետք է զգույշ լինել առաջին ատյանի դատարանի դերը ստանձնելիս, եթե դա անխուսափելի չէ տվյալ գործի հանգամանքներում (Մաքքերն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [McKerr v. the United Kingdom (dec.)], թիվ 28883/95, 2000 թվականի ապրիլի 4 և Խաշիևը և Ակաևան ընդդեմ Ռուսաստանի [Khashiyev and Akayeva v. Russia], թիվ 57942/00 և թիվ 57945/00, § 135, 2005 թվականի փետրվարի 24): Եթե իրականացվել են ներպետական վարույթները, ապա Դատարանի խնդիրը ներպետական դատարանների կողմից փաստերի գնահատումն իր կողմից արված գնահատմամբ փոխարինելը չէ, և որպես ընդհանուր կանոն, ներկայացված ապացույցների գնահատումն այդ դատարանների խնդիրն է: Դատարանը, այնուամենայնիվ, կաշկանդված չէ ներպետական դատարանների եզրակացություններով, չնայած սովորական հանգամանքներում անհրաժեշտ են ծանրակշիռ հիմքեր, որպեսզի Դատարանը հրաժարվի այդ դատարանների կողմից փաստերի հիման վրա արված եզրակացություններից (տե՛ս Կլաասն ընդդեմ Գերմանիայի [Klaas v. Germany], 1993 թվականի սեպտեմբերի 22-ի վճիռ, շարք Ա թիվ 269, 17-18 էջ, §§ 29-30 և Ավշարն ընդդեմ Թուքիայի [Avşar v. Turkey], թիվ 25657/94, § 283, ՄԻԵԴ 2001-VII (քաղվածքներ)): Դատարանը կարծում է, որ այս հիմնավորումը կիրառելի է նաև Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների համատեքստում (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), «Յուրոպապրեսս Հոլդինգ» ՍՊԸ-ն ընդդեմ Խորվաթիայի [Europapress Holding d.o.o. v. Croatia], թիվ 25333/06, § 62, 2009 թվականի հոկտեմբերի 22):
89. Դատարան այնուհետև կրկին նշում է, որ ապացույցները գնահատելիս կիրառել է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցելիության չափանիշը: Սակայն այդ չափանիշները կիրառող ազգային իրավական համակարգերից փոխառելը երբեք չի եղել Դատարանի նպատակը: Դատարանի դերը հանցանքի համար մեղավորությունը սահմանելը կամ քաղաքացիական պատասխանատվության հետ կապված հարցերը որոշելը չէ, այլ Կոնվենցիային համապատասխան Պայմանավորվող պետությունների պատասխանատվությունը սահմանելն է: Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն՝ իր խնդրի առանձնահատկությունը սույն Կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների պաշտպանության մասով Պայմանավորվող պետությունների ստանձնած պարտավորության կատարումն ապահովելն է, որով էլ պայմանավորվում է ապացույցի և փաստի հետ կապված հարցերի նկատմամբ իր մոտեցումը: Դատական քննության շրջանակներում չկան ապացույցի թույլատրելիության համար դատավարական արգելքներ և գնահատման կանխորոշված բանաձև: Դատարանը կայացնում է այն եզրակացությունները, որոնք իր կարծիքով հաստատված են բոլոր ապացույցների անկախ գնահատմամբ, ներառյալ այն եզրահանգումները, որոնք կարող են բխել փաստերից և կողմերի հայտարարություններից: Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ ապացույցը կարող է ի հայտ գալ բավականին ծանրակշիռ, հստակ և ներդաշնակ եզրահանգումների կամ փաստի այդպիսի անհերքելի կանխավարկածների գոյակցությունից (տե՛ս Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nachova and Others v. Bulgaria [GC]], թիվ. 43577/98 և թիվ 43579/98, § 147, ՄԻԵԴ 2005-VII):
90. Դատարանը նշում է, որ 2004 թվականի մարտ և ապրիլ ամիսներն ընդգրկող ժամանակահատվածը Հայաստանում բարձր քաղաքական զգայունության ժամանակահատվածներից մեկն է եղել: Քաղաքական ընդդիմությունն ավելի հաճախակի էր դարձրել հանրահավաքներն ընդդեմ նախագահական ընտրությունների արդյունքների, որը տեղի էր ունեցել նախորդ տարի, և որը, ըստ նրանց պնդումների, անցկացվել էր խախտումներով և անարդար: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ մի շարք միջազգային և ներպետական զեկույցներ փաստել են, որ նույն ժամանակահատվածում իշխանությունները դիմել են տարատեսակ առերևույթ կամայական միջոցների՝ ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը ճնշելու նպատակով (տե՛ս վերևում՝ 64-68-րդ պարբերությունները): Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարման հարցերով ԵԽԽՎ կոմիտեն, մասնավորապես՝ իր 2004 թվականի ապրիլի 27-ի թիվ 10163 զեկույցում նշել է, որ «Հայաստանի իշխանություններն ընդդիմության՝ բողոքի ցույցեր անցկացնելու կոչերին արձագանքել են քաղաքական ահաբեկման և վարչական ու դատական հետապնդումների արշավով» (տե՛ս վերևում՝ 65-րդ պարբերությունը): Այս նյութերից նաև հետևում է, որ ՎԻՎՕ-ն և դրա՝ զանցանքի համար կարճ ժամկետով վարչական կալանք նախատեսող դրույթներն այդ նպատակով լայնորեն կիրառվել են իշխանությունների կողմից: Այլ միջոցներ, ինչպիսիք են տեղաշարժման ազատության սահմանափակումը, նույնպես կիրառվել են ցույցերին մարդկանց մասնակցությունը խոչընդոտելու նպատակով: Դեռ ավելին, մի շարք աղբյուրներ վկայում են, որ ընդդիմության ակտիվիստների կալանավորման համար կիրառված օրենսդրական հիմքերը բավականին տարբեր են եղել և ներառել են այնպիսի հիմքեր, ինչպիսիք էին զազրախոսելը և ոստիկանության աշխատակցի պահանջները չկատարելը (տե՛ս, մասնավորապես, Հյուման Րայթս Ուոթչի և Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները վերևում՝ 66-րդ և 68-րդ պարբերությունները):
91. Դատարանն այնուհետև նշել է, որ իր վարույթում արդեն եղել են մի շարք գործեր, որոնցում դիմումատուները կատարել են գրեթե նույնաբովանդակ պնդումներ (տե՛ս Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի [Kirakosyan v. Armenia], թիվ 31237/03, § 87, 2008 թվականի դեկտեմբերի 2, Մխիթարյանն ընդդեմ Հայաստանի [Mkhitaryan v. Armenia], թիվ 22390/05, § 87, 2008 թվականի դեկտեմբերի 2, Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի [Tadevosyan v. Armenia], թիվ 41698/04, § 81, 2008 թվականի դեկտեմբերի 2, Գասպարյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 2) [Gasparyan v. Armenia (no. 2)], թիվ 22571/05, § 38, 2009 թվականի հունիսի 16, Կարապետյանն ընդդեմ Հայաստանի [Karapetyan v. Armenia], թիվ 22387/05, §§ 75-76, 2009 թվականի հոկտեմբերի 27 և Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի [Stepanyan v. Armenia], թիվ 45081/04, § 22, 2009 թվականի հոկտեմբերի 27): Բոլոր այդ գործերում ոստիկանության աշխատակիցները մոտեցել են դիմումատուներին կամ այցելել են նրանց տուն հետագայում իրենց ներկայացված մեղադրանքներին, այն է՝ ոստիկանության կարգադրություններին չենթարկվելը և զազրախոսելը, չառնչվող հիմքերով կամ կասկածանքով, ինչն ի վերջո հիմք է դարձել նրանց նկատմամբ կարճ ժամկետով պատիժ սահմանելու համար:
92. Տարբեր աղբյուրներից ստացված այդպիսի բազմաթիվ և միանման պնդումների առկայությունից կարելի է եզրակացնել, որ տվյալ ժամանակահատվածում գոյություն է ունեցել ընդդիմության ակտիվիստներին ցույցերին մասնակցելուց հետ պահելու կամ դրան խոչընդոտելու վարչական պրակտիկա կամ այդպիսի գործողության համար նրանց պատժելու պրակտիկա` կիրառելով ՎԻՎՕ-ի տարբեր դրույթներով նախատեսված վարչական կալանքի ընթացակարգը: Չնայած Հայաստանի նկատմամբ հարուցված վերը նշված գործերում բավարար հիմքեր չեն եղել եզրակացնելու համար, որ դիմումատուները նման վարչական պրակտիկայի զոհ են դարձել, սակայն տվյալ գործում առկա են մի շարք հիմքեր, որոնք կարող են Դատարանին թույլ տալ այլ եզրակացություն անել:
93. Դատարանը նախևառաջ նշում է, որ բոլոր դիմումատուները եղել են ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամներ: Երեքն էլ Երևանին հարակից Արմավիրի մարզի բնակիչներ են, մոտավորապես նույն ժամանակահատվածում, երբ բողոքի ցույցեր էին անցկացվում Հայաստանում, առանձին-առանձին տարվել են նույն ոստիկանության բաժին, և նույն դատարանի կողմից բացարձակապես նույնանման հանգամանքներում նրանք փաստացի երկու անգամ անընդմեջ ենթարկվել են վարչական կալանքի:
94. Առաջին, բոլոր երեք դեպքերում ոստիկանությունը նախապես այցելել էր դիմումատուներին՝ հետագայում նրանց առաջադրված հասարակական կարգի խախտման մեղադրանքի հետ առնչություն չունեցող կասկածանքով: Մասնավորապես, առաջին դիմումատուին խնդրել էին ներկայանալ ոստիկանության բաժին «զննության նպատակով՝ իր մոտ առկա անօրինական զինամթերքն առգրավելու համար», երկրորդ դիմումատուի տուն ոստիկանության աշխատակիցները այցելել են այն հիմքով, որ նա կասկածվում էր հետախուզման մեջ գտնվող անձին թաքցնելու մեջ, իսկ երրորդ դիմումատուին հրավիրել են ոստիկանության բաժին՝ ճանապարհային պատահարի մասնակից լինելու կասկածանքով (տե՛ս վերևում՝ 10-րդ, 20-րդ և 41-րդ պարբերությունները): Այս կասկածներից ոչ մեկն այդպես էլ չի հաստատվել, և դրանք անմիջապես մոռացվել են, երբ դիմումատուներին մեղադրանք է առաջադրվել զազրախոսելու և ոստիկանության կարգադրություններին չենթարկվելու համար: Որևէ կոնկրետ աղբյուր կամ պատճառ երբևէ չի մատնանշվել այս նախնական կասկածների համար, որոնք մշտապես հիմնավորվել են ընդհանրական ձևով՝ վկայակոչելով «ստացված տեղեկատվությունը»: Ավելին, առաջին դիմումատուի մոտ որևէ զինամթերք չի հայտնաբերվել ոստիկանության բաժին իր ժամանումից հետո, ինչպես և երկրորդ դիմումատուի տանը չի հայտնաբերվել հետախուզման մեջ գտնվող անձը, իսկ երրորդ դիմումատուի առնչությունը ճանապարհային պատահարին, որը տեղի էր ունեցել ոստիկանության այցելությունից գրեթե մեկ ամբողջ տարի առաջ, մնացել է անորոշ և անբացատրելի:
95. Երկրորդ, բոլոր երեք դեպքերում դիմումատուները մեղադրվել, այնուհետև նրանց նկատմամբ պատիժ է սահմանվել գործնականում միանման արարքների կատարման համար, այն է՝ ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին չենթարկվելը և մի քանի րոպե շարունակ զազրախոսելը: Հատկանշական է, որ որևէ մեղադրանքում ու մեղադրական դատավճռում բավականաչափ մանրամասն չեն նկարագրվել այդ արարքները, և դրանք ձևակերպվել են միօրինակ ու անորոշ ձևով:
96. Երրորդ, բոլոր երեք դեպքերում էլ դիմումատուները, կալանքի իրենց առաջին ժամկետը կրելուց հետո ենթադրաբար ազատ են արձակվել և գրեթե անմիջապես կատարել են նոր իրավախախտումներ գործնականում նույնանման հանգամանքներում. բոլոր երեք դեպքերում էլ դիմումատուն կանգնած է եղել փողոցում և առանց որևէ ակնհայտ պատճառի՝ օգտագործել է անկանոն և որևէ մեկին չուղղված հայհոյանքներ, ինչը ստիպել է ոստիկանության աշխատակցին նրան կարգի հրավիրել, սակայն դիմումատուն չի ենթարկվել նրա կարգադրությանը: Դատարանը մասնավորապես մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ նույնիսկ ոստիկանության համապատասխան արձանագրությունների տեքստերը, հատկապես առաջին և երրորդ դիմումատուների առնչությամբ, գրեթե բառ առ բառ վերարտադրված են (տե՛ս վերևում՝ 34-րդ, 35-րդ և 54-րդ պարբերությունները):
97. Բոլոր վերը նշված նմանությունները և համընկնումները, որոնք դժվար թե կարելի է համարել պարզապես պատահականություն, մատնանշում են անձանց վարչական կալանքի ենթարկելու կրկնվող իրավիճակը, ինչը համապատասխանում է վերը նշված վարչական պրակտիկայի բնութագրին (տե՛ս վերևում՝ 92-րդ պարբերությունը): Ավելին, ոստիկանության նախնական այցելությունների համար որևէ իրական և հիմնավոր պատճառի բացակայությունը ստիպում է Դատարանին լրջորեն կասկածել, թե արդյոք այդպիսի այցելությունների իրական պատճառները համապատասխան փաստաթղթերում մատնանշվածներն են եղել: Սա, իր հերթին, լուրջ կասկածներ է առաջացնում ոստիկանության ամբողջ նյութերի հավաստիության, այդ թվում՝ դիմումատուների նկատմամբ մեղադրանքի առաջադրման փաստական հիմքերի վերաբերյալ և միայն հաստատում է Դատարանի դիրքորոշումը դիմումատուների գործերի վերաբերյալ, ինչը համապատասխանում է վերը նշված բնութագրին:
98. Ի վերջո, Դատարանը կցանկանար ընդգծել, որ դիմումատուների գործերով ներպետական դատարանների կողմից արձանագրված փաստերի վրա հիմնված եզրակացությունները կայացվել են դատական վարույթից հետո՝ րոպեների ընթացքում: Այս ձևով հաստատված փաստերը հիմնված են եղել միայն ոստիկանության կողմից տրամադրված նյութերի վրա և, ինչպես և այդ նյութերը, չեն պարունակել մանրամասներ և չափազանց հակիրճ են եղել: Դատարանի վերջնական որոշումները ոստիկանության համապատասխան արձանագրությունների մեջ ներկայացված հանգամանքների և մեղադրանքների բացահայտ ու չվիճարկվող կրկնություն են եղել, այլ ոչ թե ընդունվել են օբյեկտիվ և բազմակողմանի դատական քննության արդյունքում:
99. Հաշվի առնելով բոլոր վերը նշված գործոնները՝ Դատարանը գտնում է, որ այս գործում առկա են անվիճելի տարրեր, որոնք ստիպում են կասկածի տակ դնել դիմումատուների նկատմամբ հարուցված վարչական վարույթների անաչառությունը: Դատարանը նաև նշում է, որ ներկայացված նյութերի ամբողջ ծավալը թույլ է տալիս Դատարանին ծանրակշիռ, պարզ և համաձայնեցված հետևություն անել առ այն, որ դիմումատուների նկատմամբ հարուցված վարչական վարույթները և դրանց հաջորդող կալանավորումը եղել են միջոց՝ կանխելու կամ խափանելու դիմումատուների մասնակցությունն ընդդիմադիր ցույցերին, որոնք անվիճելիորեն կրել են խաղաղ բնույթ և տվյալ ժամանակահատվածում ընթացել են Երևանում: Դատարանը կարծում է, որ այս միջոցառումը, անկասկած, դիմումատուների՝ խաղաղ հավաքների իրավունքին միջամտություն է:
100. Հանգելով այսպիսի եզրակացության՝ Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավական պաշտպանության ներպետական միջոցների չսպառման վերաբերյալ Կառավարության պնդմանը: Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու վերաբերյալ կանոնը պարտավորեցնում է այն անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ բողոք ներկայացնել միջազգային դատական ատյան, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից՝ դրանով իսկ պետություններին ազատելով միջազգային ատյանի առջև իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրելուց՝ նախքան իրենց իրավական համակարգերի շրջանակներում խնդիրները լուծելու հնարավորություն ունենալը: Այս կանոնին համապատասխանելու համար դիմումատուն պետք է օգտվի այնպիսի իրավական պաշտպանության միջոցներից, որոնք հասանելի և բավարար են ենթադրյալ խախտման դիմաց փոխհատուցում տրամադրելու համար (տե՛ս Ասսանովը և այլք ընդդեմ Բուլղարիայի [Assenov and Others v. Bulgaria], թիվ 24760/94, § 85, ՄԻԵԴ 1999-VIII):
101. Ավելին, 35-րդ հոդվածին համապատասխան՝ իրավական պաշտպանության հասանելի և բավարար միջոցների առկայությունը պետք է բավականաչափ որոշակի լինի ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում, ինչի բացակայության պարագայում դրանք չեն ունենա համապատասխան մատչելիության և արդյունավետության մակարդակ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Դե Յոնգը, Բալժեն և Վան դեն Բրինկն ընդդեմ Նիդեռլանդների [De Jong, Baljet and Van den Brink v. the Netherlands], 1984 թվականի մայիսի 22, § 39, շարք Ա թիվ 77, և Վերնիլլոն ընդդեմ Ֆրանսիայի [Vernillo v. France], 1991 թվականի փետրվարի 20, § 27, շարք Ա թիվ 198): Իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ պնդում ներկայացնող Կառավարությունը պարտավոր է Դատարանում ապացուցել այն փաստը, որ այդ միջոցը եղել է արդյունավետ, տվյալ ժամանակահատվածում՝ տեսականորեն ու գործնականում՝ հասանելի, այսինքն՝ այն եղել է մատչելի, հնարավորություն է տվել դիմումատուին հատուցում ստանալու իր բողոքների մասով և երաշխավորել է հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար (տե՛ս Ակդիվարը և այլք ընդդեմ Թուրքիայի [Akdivar and Others v. Turkey], 1996 թվականի սեպտեմբերի 16, § 68, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-IV).
102. Դատարանը նշում է, որ Կառավարությունը մանրամասներ չի ներկայացրել առաջարկվող պաշտպանության միջոցի առնչությամբ՝ սահմանափակելով իր փաստարկներն այն հայտարարությամբ, որ դիմումատուները կարող էին պահանջել պատասխանատուների նկատմամբ քրեական գործի հարուցում: Նրանք չեն նշել Քրեական օրենսգրքի հոդվածը, որը դիմումատուները պետք է ենթադրաբար հիմք ընդունեին, ոչ էլ ներկայացրել են մանրամասներ գործի տվյալ հանգամանքների դեպքում դրանով առաջարկվող հատուցման տեսակի առնչությամբ: Կառավարությունը նաև չի պարզաբանել, թե արդյոք դիմումատուները պետք է փորձեին քրեական գործ հարուցել ոստիկանության աշխատակիցների, դատավորների, թե երկուսի նկատմամբ էլ: Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ չնայած դիմումատուների նկատմամբ վարչական վարույթը հարուցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, սակայն վարչական կալանքը, որպես այդպիսին, կիրառվել է դատավորների որոշմամբ: Ինչ վերաբերում է այդ որոշումներին, ապա դիմումատուները չեն ունեցել սպառման ենթակա իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոց (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը):
103. Ավելին, Դատարանը հաշվի է առնում իր նախկին եզրակացությունն առ այն, որ դիմումատուները դարձել են վարչական պրակտիկայի զոհեր (տե՛ս վերևում՝ 97-րդ պարբերությունը): Այսպիսի հանգամանքներում կասկածելի է, թե արդյոք իրավասու մարմին ներկայացված առանձին բողոքը՝ քրեական կամ այլ բնույթի, կունենար հաջողության հասնելու որևէ ողջամիտ հեռանկար: Կառավարությունը նաև չի ներկայացրել որևէ օրինակ, որով կմատնանշվեր հակառակը, և կփարատվեին այդ կասկածները: Ավելին, ինչպես երևում է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից, մի շարք գործերով, որոնց դեպքում ենթադրաբար ակնհայտ էր, որ ցույցերի համատեքստում տեղի է ունեցել ՎԻՎՕ-ի ընթացակարգերի սխալ կիրառում, քրեական վարույթ հարուցելու փորձը չի տվել որևէ արդյունք (տե՛ս վերևում՝ 68-րդ պարբերությունը):
104. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը համոզիչ չէ, և որոշում է մերժել այն:
գ) Արդյոք միջամտությունը եղել է արդարացված
105. 11-րդ հոդվածի հիմնական նպատակն անձի պաշտպանված իրավունքների իրականացումը պետական իշխանությունների կամայական միջամտությունից պաշտպանելն է (տե՛ս Էլեկտրաքարշների ինժեներների և հրշեջների միավորված համայնքն (ԷԻՀՄՀ) ընդդեմ Միացյալ Թագավորության [Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom],թիվ 11002/05, § 37, 2007 թվականի փետրվարի 27): Համապատասխանաբար, եթե պետությունն իսկապես միջամտում է, ապա այդպիսի միջամտությունը 11-րդ հոդվածի խախտում կլինի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջամտությունը «սահմանված է օրենքով», 2-րդ կետի համաձայն հետապնդում է մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ կամ «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակներին հասնելու համար:
i) Սահմանված է օրենքով
106. Դատարանի կողմից քննության առաջին քայլով պետք է որոշվի, թե արդյոք դիմումատուների նկատմամբ կիրառված միջոցը 11-րդ հոդվածի իմաստով «սահմանված է օրենքով»: Այս արտահայտությունն առաջին հերթին ենթադրում է ներպետական օրենսդրության մեջ տվյալ միջամտության համար որոշ հիմքերի առկայություն (տե՛ս Սիլվերը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Silver and Others v. the United Kingdom], 1983 թվականի մարտի 25, § 86, շարք Ա թիվ 61).
107. Դատարանը նշում է, որ սույն գործով միջամտությունը դիմումատուներին կարճ ժամկետով կալանավորելուն է հանգեցրել՝ ցույցերին նրանց մասնակցությունը կանխելու կամ խանգարելու նպատակով: Այդ միջոցի կիրառման իրավական հիմք է համարվել ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածը, որով ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին չենթարկվելու համար սահմանվում է վարչական տուգանք: Այսպիսով, տվյալ միջոցը կիրառվել է այն իրավական դրույթի հիման վրա, որը որևէ առնչություն չունի այդ միջոցի ուղղակի նպատակի հետ: Դատարանը չի կարող չհամաձայնվել դիմումատուների հետ, որ այսպիսի իրավական հիմքով խաղաղ հավաքների իրենց ազատությանը միջամտությունը կարող է միայն բնութագրվել որպես կամայական և անօրինական:
108. Դատարանը, հետևաբար, եզրակացնում է, որ տվյալ միջամտությունը չի բավարարում Կոնվենցիայով սահմանված օրինականության պահանջները: Այսպիսով, չի պահանջվում որոշել, թե արդյոք միջամտությունը հետապնդում էր օրինական նպատակ, և եթե այդպես է՝ արդյո՞ք դա համաչափ էր հետապնդվող նպատակին:
109. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
110. Դիմումատուները մի քանի բողոք են ներկայացրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի մասով: Այս առնչությամբ 5-րդ հոդվածի համապատասխան դրույթներով սահմանվում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
ա) անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,
…
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
…
2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:
…
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:
Ա. Ընդունելիությունը
111. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը
ա) Կողմերի փաստարկները
i) Դիմումատուները
112. Դիմումատուները նշել են, որ իրենց վարչական կալանքն անօրինական է եղել և չի հետապնդել 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նպատակը: Իրենց կալանավորման պատճառ դարձած ենթադրյալ իրավախախտումները շինծու են եղել: Դիմումատուները ոստիկանություն բերման են ենթարկվել նրանց առաջադրված վերջնական մեղադրանքի հետ կապ չունեցող հիմքերով: Այս սկզբնական կասկածներից ոչ մեկը չի ունեցել որևէ շարունակություն և դիմումատուներից ոչ ոք չի հարցաքննվել այդ կասկածների առնչությամբ: Նրանց երկրորդ անգամ առաջադրված մեղադրանքները շինծու են եղել, քանի որ նրանց նույնիսկ կալանքից ազատ չեն արձակել, իսկ այնուհետև նրանց նկատմամբ սահմանել են հերթական պատիժը՝ պարզապես ցույցերին նրանց մասնակցությունը կանխելու համար:
113. Ավելին, նրանց կալանավորելու դրդապատճառը և նպատակը կամայական են եղել, և այն կիրառվել է անբարեխղճորեն: Չնայած այն հանգամանքին, որ նրանց կալանավորումը ենթադրաբար ուղղված է եղել ոստիկանության օրինական կարգադրություններին չենթարկվելու համար ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով պատասխանատվության ենթարկելուն, նրանց կալանավորումն իրականում ունեցել է քաղաքական կողմնորոշման համար նրանց պատժելու և տվյալ ժամանակահատվածում Երևանում անցկացվող ցույցերին նրանց մասնակցությունը կանխելու միտում: Իշխանությունների կողմից այդպիսի մասշտաբների հասնող և այդ ձևով կալանավորումների ալիքը 2004 թվականի մարտ և ապրիլ ամիսներին ցույց է տալիս, որ ընդդիմության աջակիցների շտամպային ձերբակալությունները կարգադրված են եղել վարչական օրենսդրությամբ նախատեսված կալանքի ձևով՝ նպատակ ունենալով կանխել մարդկանց մասնակցությունը քաղաքական ցույցերին կամ ահաբեկել նրանց, որպեսզի նրանք չմասնակցեն դրանց՝ այդպիսով կանխելով ընդդիմադիր կուսակցությունների՝ հանրաքվե անցկացնելու կոչերը և գործող նախագահին անվստահություն հայտնելը: Այդ ժամանակահատվածում ՎԻՎՕ-ի համաձայն իրականացված ձերբակալությունները և կալանքը, դիտարկելով 2003 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում ընդդիմության հարյուրավոր աջակիցների և ակտիվիստների կալանավորման համար ՎԻՎՕ-ի կիրառման համատեքստում, ապացուցումն է այն անօրինական նպատակի, որին հասնելու համար կիրառվել են ներպետական օրենսդրության այս դրույթները:
114. Ավելին, նրանց նկատմամբ կալանքի կիրառումն անհամաչափ է եղել, քանի որ ՎԻՎՕ-ով պահանջվում է վարչական կալանքի կիրառում միայն բացառիկ դեպքերում: Նրանք չեն կատարել այն իրավախախտումները, որոնց համար դատապարտվել են, սակայն նույնիսկ եթե նրանք կատարած լինեին դրանք, այդ դեպքերն այնքան բացառիկ չեն եղել, որ արդարացվեր ամենախիստ պատժի սահմանումը:
115. Դիմումատուները, ի վերջո, նշել են, որ ցանկացած դեպքում ՎԻՎՕ-ի դրույթները հակասում են միջազգայնորեն ընդունված չափանիշներին, հետևաբար չեն համապատասխանում 5-րդ հոդվածի պահանջներին:
ii) Կառավարությունը
116. Կառավարությունը նշել է, որ դիմումատուների վարչական կալանքը կիրառվել է 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիման վրա և համապատասխանում է այդ դրույթի պահանջներին: Նրանց գործերը քննվել են առաջին ատյանի դատարանի կողմից, որն այդպիսի գործերով միակ իրավասու մարմինն է եղել: Պատիժները սահմանվել են օրենքով սահմանված ընթացակարգով՝ դատավարական կանոններին համապատասխան:
117. Կառավարությունն այնուհետև նշել է, որ ոստիկանությունը ողջամիտ հիմքեր է ունեցել դիմումատուներին ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման կատարման կասկածանքով ձերբակալման համար, քանի որ նրանք այդ իրավախախտումների կատարման ականատեսն են եղել: Ավելին, իրավախախտումներն ուղղված են եղել ոստիկանության աշխատողների դեմ, որոնք գործում էին իրենց լիազորությունների շրջանակներում՝ հանրային կարգը պահպանելու և իրավախախտումների կատարումը կանխելու նպատակով: Այսպիսով, ոստիկանությունը սկզբնաղբյուրից տեղեկատվություն է ունեցել այն մասին, որ դիմումատուներն իրավախախտում են կատարել, և դիմումատուները զրկվել են ազատությունից՝ համապատասխան իրավասու մարմին ներկայացվելու համար: Դիմումատուների պնդումներն այն մասին, որ իրենց կալանավորումը հետապնդում էր որևէ այլ նպատակ, քան ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով սահմանված իրավախախտում կատարելու համար պատիժ կրելը, չի համապատասխանում իրականությանը: Եթե իրական նպատակը լիներ դիմումատուների՝ ցույցերին մասնակցությունը կանխելը, ապա դատարանները կարող էին անմիջապես սահմանել ամենախիստ պատիժը՝ կալանք տասնհինգ օր ժամկետով, այլ ոչ թե ենթադրաբար կխախտեին ընթացակարգը և դիմումատուներին նորից կկալանավորեին:
բ) Դատարանի գնահատականը
118. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորվում է ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքը: Այդ իրավունքը Կոնվենցիայի իմաստով «ժողովրդավարական հասարակության» մեջ առաջնային կարևորություն ունի (տե՛ս Դե Վիլդեն, Օօմսը և Վերսեյպն ընդդեմ Բելգիայի [De Wilde, Ooms and Versyp v. Belgium], 1971 թվականի հունիսի 18, § 65, շարք Ա թիվ 12, և Վինթերվերպն ընդդեմ Նիդեռլանդների [Winterwerp y. the Netherlands], 1979 թվականի հոկտեմբերի 24, § 37, շարք Ա թիվ 33):
119. Բոլոր անձինք ունեն այդ իրավունքի պաշտպանության իրավունք, այն է` իրենց ազատությունից զրկված չլինելու կամ չշարունակել ազատությունից զրկված լինելու իրավունք` բացառությամբ 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների համաձայն ազատությունից զրկելու դեպքերի (տե՛ս Մեդվեդևը և այլք ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Medvedyev and Others v. France [GC]] թիվ 3394/03, § 77, ՄԻԵԴ 2010-...): 5-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված ազատության իրավունքի բացառությունների շարքը սպառիչ է (տե՛ս Կուինն ընդդեմ Ֆրանսիայի [Quinn v. France], 1995 թվականի մարտի 22-ի վճիռ, § 42, շարք Ա թիվ 311, և Լաբիթանն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Labita v. Italy [GC]], թիվ 26772/95, § 170, ՄԻԵԴ 2000-IV), և այդ բացառությունների միայն նեղ իմաստով մեկնաբանությունն է համապատասխանում այդ դրույթի նպատակներին (տե՛ս Էնգելը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [Engel and Others v. the Netherlands], 1976 թվականի հունիսի 8, § 58, շարք Ա թիվ 22, և Ա.-ն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [A. and Others v. the United Kingdom [GC]], թիվ 3455/05, § 171, ՄԻԵԴ 2009-...):
120. Ցանկացած ազատազրկում, բացի նրանից, որ պետք է դասվի «ա»-«զ» ենթակետերով սահմանված բացառությունների շարքին, պետք է նաև լինի «օրինական»: Եթե քննարկման առարկա է դարձել կալանավորման «օրինականության» հարցը, ներառյալ՝ «օրենքով սահմանված կարգով» լինելու հարցը, Կոնվենցիան հիմնականում հիմնվում է ներպետական օրենսդրության վրա, և դրանով ամրագրվում է ներպետական օրենսդրության նյութաիրավական և դատավարական կանոններին ենթարկվելու պարտավորությունը (տե՛ս Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Saadi v. the United Kingdom [GC]], թիվ 13229/03, § 67, 2008 թվականի հունվարի 29): Ներպետական օրենսդրությանը համապատասխանելը, այնուամենայնիվ, բավարար չէ. 5-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվում է նաև, որ ազատությունից ցանկացած զրկում իրականացվի անձին կամայականությունից պաշտպանելու նպատակին համապատասխան (տե՛ս Բոզանոն ընդդեմ Ֆրանսիայի [Bozano v. France],1986 թվականի դեկտեմբերի 18 , § 54, շարք Ա թիվ 111, և Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ] [Kafkaris v. Cyprus [GC]], թիվ 21906/04, § 116, ՄԻԵԴ 2008-...):
121. Հիմնարար սկզբունք է, որ կամայական որևէ կալանավորում չի կարող համապատասխանել 5-րդ հոդվածի 1-ին կետին, և որ 5-րդ հոդվածի 1-ին կետով «կամայականություն» հասկացությունը չի սահմանափակվում ներպետական օրենսդրությանը համապատասխանության բացակայությամբ, այսպիսով՝ ազատությունից զրկելը կարող է լինել օրինական ներպետական օրենսդրության շրջանակներում, սակայն ամեն դեպքում՝ կամայական, հետևաբար՝ Կոնվենցիային հակասող (տե՛ս վերևում հիշատակված՝ Սաադիի գործը, § 67): Թեև Դատարանը նախկինում ընդհանուր ձևակերպում չի նախատեսել այն մասով, թե 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով իշխանությունների որ գործողությունները կարող են «կամայականություն» համարվել, այնուամենայնիվ, հիմնական սկզբունքները մշակվել են յուրաքանչյուր դեպքին համապատասխան: Ավելին, կիրառված կալանքի տեսակով պայմանավորված՝ կամայականություն հասկացությունը 5-րդ հոդվածի իմաստով որոշ չափով տարբերվում է (տե՛ս Մուրենն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Mooren v. Germany [GC]], թիվ 11364/03, § 77, ՄԻԵԴ 2009-...):
122. Ավելին, կալանավորումը կհամարվի «կամայական» այն դեպքում, երբ, չնայած ներպետական օրենսդրությանը համապատասխանելու հանգամանքին, առկա լինի իշխանությունների կողմից դրսևորված անբարեխղճության կամ խաբեության տարր (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Բոզանոյի գործը, § 59, և վերևում հիշատակված՝ Սաադիի գործը, § 69), կամ երբ ներպետական իշխանությունները չեն փորձել ճշգրտորեն կիրառել համապատասխան օրենսդրությունը (տե՛ս Բենհամն ընդդեմ Միացյալ Թագավորության [Benham v. the United Kingdom], 1996 թվականի հունիսի 10, § 47, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-III, և Լյուն ընդդեմ Ռուսաստանի [Liu v. Russia],թիվ 42086/05, § 82, 2007 թվականի դեկտեմբերի 6): Կամայականություն չդրսևորելու պայմանով նաև պահանջվում է, որ թե՛ կալանքի մասին որոշումը, թե՛ կալանքի կիրառումը իսկապես համահունչ լինեն 5-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան ենթակետով թույլատրված սահմանափակումների նպատակներին (տե՛ս վերևում հիշատակված՝ Վինթերվերպի գործը, § 39, Բուամարն ընդդեմ Բելգիայի [Bouamar v. Belgium],1988 թվականի փետրվար 29-ի վճիռ, շարք Ա թիվ 129, § 50, և Օ՛Հարան ընդդեմ Միացյալ Թագավորության [O’Hara v. the United Kingdom], թիվ 37555/97, § 34, ՄԻԵԴ 2001-X):
123. Սույն գործով Դատարանը չի մոռանում իր՝ վերևում հիշատակված եզրակացությունն առ այն, որ դիմումատուները դարձել են վարչական պրակտիկայի զոհ. երկու անգամ անընդմեջ նրանց նկատմամբ կիրառվել է միջոց, մասնավորապես՝ ձերբակալում, որին հաջորդել է կարճ ժամկետով դատապարտումը (տե՛ս վերևում՝ 97-րդ և 107-րդ պարբերությունները): Դա հետապնդել է նպատակներ, որոնք որևէ առնչություն չեն ունեցել ազատությունից զրկելը հիմնավորող պաշտոնական հիմքերի հետ, և այն միանշանակ ներառել է ոստիկանության աշխատակիցների կողմից անբարեխղճության դրսևորման տարր: Ավելին, չնայած այն հանգամանքին, որ բավարար հիմքեր չկան եզրակացնելու, որ կալանավորումը կիրառած ներպետական դատարանը նույնպես անբարեխիղճ է գործել, այն անկասկած անփութություն է ցուցաբերել դիմումատուների կալանավորման համար փաստական և իրավական հիմքերը վերանայելու հարցում (տե՛ս վերևում՝ 98-րդ պարբերությունը): Այսպիսի հանգամանքներում Դատարանին այլ բան չի մնում, քան եզրակացնել, որ դիմումատուներին ազատությունից զրկելն ընդհանուր առմամբ եղել է կամայական և հետևաբար 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով՝ անօրինական: Հանգելով այս եզրակացության՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում լուծել այն հարցը, թե արդյոք դիմումատուները կալանքից ազատ էին արձակվել իրենց սկզբնական պատժի ժամկետի ավարտից հետո, և եթե ոչ, ապա արդյոք դա համարվում է նրանց ազատության իրավունքի խախտում:
124. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
2. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը
125. Դիմումատուները նշել են, որ, խախտելով 5-րդ հոդվածի 2-րդ կետը, նրանց չեն տեղեկացրել իրենց երկրորդ անգամ ձերբակալելու ենթադրյալ պատճառների մասին, քանի որ իրականում առաջին պատժի ժամկետը լրանալուց հետո իրենք կալանքից երբեք ազատ չեն արձակվել: Նրանք նաև նշել են, որ իշխանությունների կողմից իրավաբանի ծառայություններից օգտվելու հնարավորություն չապահովելու արդյունքում խախտվել են 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված երաշխիքները: Ի վերջո, երրորդ դիմումատուն նշել է, որ, խախտելով 5-րդ հոդվածի 2-րդ կետը, իրեն ձերբակալելու ժամանակ ոստիկանության աշխատակիցներն իրեն չեն բացատրել պատճառները, և ինքը տեղեկացվել է դրա իրավական և փաստական հիմքերի մասին ոստիկանության բաժին տարվելուց միայն երեք ժամ հետո:
126. Կառավարությունը վիճարկել է դիմումատուների պնդումները: Նրանք պնդել են, որ առաջին պատժի ժամկետը լրանալուց հետո դիմումատուներն անմիջապես ազատ են արձակվել կալանքից, սակայն նրանց ազատ արձակելուց որոշ ժամանակ անց նրանք կատարել են նոր իրավախախտումներ և նորից ձերբակալվել են: Կառավարությունը նաև նշել է, որ քանի որ դիմումատուների նկատմամբ վարչական կալանքը կիրառվել է 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն, 5-րդ հոդվածի 4-րդ կետով պահանջվող դատական վերահսկողությունը ներառվել է առաջին ատյանի դատարանի որոշումների մեջ: Կառավարությունը, ի վերջո, նշել է, որ երրորդ դիմումատուն ոստիկանության աշխատակիցների կողմից բանավոր տեղեկացվել է իր ձերբակալման պատճառների մասին, և ցանկացած դեպքում երեքժամյա ուշացումը չի կարող համարվել 5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին անհամապատասխանություն:
127. Հաշվի առնելով վերևում հիշատակված իր եզրակացությունն առ այն, որ դիմումատուներին ազատությունից զրկելն ընդհանուր առմամբ եղել է կամայական և անօրինական (տե՛ս վերևում՝ 123-րդ պարբերությունը)՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին քննել այդ հարցերը:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
128. Դիմումատուները մի քանի բողոք են ներկայացրել իրենց նկատմամբ հարուցված երկու վարչական վարույթների մասով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «ա»-«դ» ենթակետերի կապակցությամբ, որոնցով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը՝
«1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի ... անկախ և անաչառ տրիբունալի կողմից ... արդարացի և հրապարակային լսումների իրավունք:
...
3. Քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,
բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ՝ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով ... ,
դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, ...»:
Ա. Ընդունելիությունը
129. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
130. Կառավարությունը նշել է, որ դիմումատուների նկատմամբ իրականացվել են արդարացի և հրապարակային լսումներ: Նրանք չեն ներկայացրել որևէ ապացույց, որով կհաստատվեր նրանց գործը քննող դատավորների անաչառ չլինելու մասին իրենց պնդումները: Դատարանը հանգել է իր եզրակացություններին՝ հիմք ընդունելով ոչ միայն ոստիկանության կողմից պատրաստված նյութերը, այլև դատարանում դիմումատուների կողմից արված հայտարարությունները: Դիմումատուներին տրվել է հնարավորություն՝ հրավիրելու և հարցաքննելու վկաներին, ներկայացնելու ապացույցներ, բերելու միջնորդություններ և բացարկներ հայտնելու, ինչը նրանք չեն արել: Ավելին, նրանք տեղեկացվել են իրավաբան ունենալու իրենց իրավունքի մասին և՛ ոստիկանության աշխատակիցների կողմից, և՛ դատական վարույթի ընթացքում, սակայն նրանք չեն ցանկացել օգտվել այդ իրավունքից: Դիմումատուներն ունեցել են բավարար ժամանակ և հնարավորություններ՝ իրենց պաշտպանությունը նախապատրաստելու համար:
131. Դիմումատուները վիճարկել են Կառավարության փաստարկները՝ պնդելով, որ Կառավարությունը պարզապես մեջբերել է ներպետական օրենսդրությունը և արել է չհիմնավորված հայտարարություններ այն մասին, որ այդ օրենսդրության պահանջները պահպանվել են: Դատական նիստերի արձանագրությունները փաստացի միանման ձևաթղթեր են եղել և չեն ներկայացրել դեպքերի իրական պատկերը: Իրականում յուրաքանչյուր դեպքում հրաժարվել են իրենց տրամադրել իրավաբանի ծառայություններից օգտվելու հնարավորություն թե՛ դատական քննությունից առաջ, թե՛ դրա ընթացքում: Դատավորները չեն ուսումնասիրել նրանց գործերով ապացույցները և փաստական հանգամանքները: Այդ ընթացակարգի արդյունքում ընդունված վճիռները եղել են կամայական և չպատճառաբանված:
132. Դատարանն ի սկզբանե նշում է, որ նմանատիպ փաստեր և բողոքներ արդեն իսկ քննվել են Հայաստանի դեմ հարուցված մի շարք գործերով, որոնց դեպքում Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի խախտում՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ համակցությամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Գալստյանի գործը, §§ 86-88, Աշուղյանն ընդդեմ Հայաստանի [Ashughyan v. Armenia], թիվ 33268/03, §§ 66-67, 2008 թվականի հուլիսի 17, վերևում հիշատակված՝ Կիրակոսյանի գործը, §§ 78-79, վերևում հիշատակված՝ Մխիթարյանի գործը, §§ 78-79, վերևում հիշատակված՝ Թադևոսյանի գործը, §§ 72-73, վերևում հիշատակված՝ Գասպարյանի գործը (թիվ 2), §§ 29-30, և վերևում հիշատակված՝ Կարապետյանի գործը, §§ 66-67): Սույն գործի հանգամանքները գրեթե միանման են: Ճիշտ է, որ սույն գործով դիմումատուները մեկի փոխարեն ենթարկվել են երկու՝ գրեթե իրար հաջորդող ժամկետներով վարչական կալանքի, և իրենց առաջին ժամկետների ավարտից հետո ենթադրաբար երբևէ ազատ չեն արձակվել կալանքից: Դատարանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ չի համարում պարզել, թե արդյոք դիմումատուները իսկապես ազատ չեն արձակվել, քանի որ չնայած այդ հանգամանքին, նրանց նկատմամբ հարուցված երկու վարույթներն էլ իրականացվել են շատ նմանատիպ ձևով և չեն համապատասխանել 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության պահանջներին:
133. Մասնավորապես, դիմումատուների նկատմամբ հարուցված երկու վարչական գործերն էլ քննվել են ՎԻՎՕ-ի 277-րդ հոդվածով սահմանված արագացված կարգով: Այլ վարչական կալանքներով գործերի համանմանությամբ դիմումատուներին մեղադրանք է առաջադրվել նրանց դատարան տանելուց և նրանց նկատմամբ պատիժ սահմանելուց մեկից մի քանի ժամ առաջ՝ ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու և արտաքին աշխարհի հետ որևէ շփում չունենալու պայմաններում: Այդ իսկ պատճառով Դատարանը չի տեսնում սույն գործով մեկ այլ եզրակացության հանգելու որևէ պատճառ և եզրակացնում է, որ երկու վարչական վարույթների ընթացքում էլ յուրաքանչյուր դիմումատուի դեպքում չի իրականացվել արդար դատաքննություն, մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց չի տրամադրվել բավարար ժամանակ և հնարավորություններ՝ իրենց պաշտպանությունը նախապատրաստելու համար:
134. Համապատասխանաբար, դիմումատուներից յուրաքանչյուրի նկատմամբ իրականացված երկու վարույթների մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ համակցությամբ:
135. Հաշվի առնելով նախորդ պարբերությունում բերված եզրակացությունները՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում նաև քննել 6-րդ հոդվածի մյուս ենթադրյալ խախտումները (տե՛ս վերևում հիշատակված՝ Աշուղյանի գործը, § 68, և այլ գործեր՝ վերևում՝ 91-րդ պարբերության մեջ հիշատակված):
VI. ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
136. Դիմումատուները Կոնվենցիայի 13-րդ հոդվածի մասով բողոք են ներկայացրել այն մասին, որ իրենք չեն ունեցել իրենց նկատմամբ կայացված վճիռները բողոքարկելու իրավունք: Դատարանն անհրաժեշտ է համարում քննել այս հարցը Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն, որով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը.
«1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ՝ դրա իրականացման հիմքերը կարգավորվում են օրենքով»։
Ա. Ընդունելիությունը
137. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
138. Կառավարությունը նշել է, որ դիմումատուներն ունեցել են ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված՝ իրենց վճիռները բողոքարկելու իրավունք:
139. Դիմումատուները նշել են, որ բողոքարկման իրավունքի վերաբերյալ բոլոր օրենսդրական դրույթներն անհամարժեք և շփոթեցնող են:
140. Դատարանը նշում է, որ սույն գործով դիմումատուները երկու դեպքում էլ դատապարտվել են այն նույն ընթացակարգով, ինչ վերը նշված Գալստյանի գործի դեպքում, որտեղ Դատարանը եզրակացրել է, որ դիմումատուի համար հասանելի չի եղել Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող բողոքարկման ընթացակարգը (տե՛ս վերևում հիշատակված՝ Գալստյանի գործը, §§ 124-27, և այլ գործեր՝ վերևում՝ 91-րդ պարբերության մեջ հիշատակված): Դատարանը չի տեսնում որևէ պատճառ սույն գործով մեկ այլ եզրակացության հանգելու համար:
141. Հետևաբար, յուրաքանչյուր դիմումատուի առնչությամբ կայացված յուրաքանչյուր վճռի մասով տեղի է ունեցել Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում:
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈԻՄԸ՝ ՎԵՐԵՎՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ
142. Դիմումատուները նշել են, որ նրանք քաղաքական կարծիքի հիմքով խտրականության զոհ են դարձել, քանի որ իրենց գործով տեղի ունեցած Կոնվենցիայի բոլոր խախտումները կապված են եղել այն հանգամանքի հետ, որ նրանք քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ են եղել: Իրենք վկայակոչել են Կոնվենցիայի 14-րդ հոդվածը, որով սահմանվում է հետևյալը.
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
143. Կառավարությունը վիճարկել է այս պնդումը:
144. Հաշվի առնելով Կոնվենցիայի այլ հոդվածներով Դատարանի` վերևում հիշատակված եզրակացությունները` այն անհրաժեշտ չի համարում առանձին քննել ենթադրյալ քաղաքական հայացքների հիմքով խտրականության հարցը:
VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
145. Վերջապես, դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ, խախտելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները, կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց չի թույլատրվել որևէ կերպ կապ հաստատել իրենց ընտանիքների կամ իրավաբանների հետ:
146. Հաշվի առնելով առկա բոլոր նյութերը, և այնքանով, որքանով այս բողոքներն իր իրավասության շրջանակում են՝ Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով ամրագրված իրավունքների և ազատությունների որևէ այլ խախտում: Հետևաբար գանգատն այս մասով պետք է մերժվի՝ որպես ակնհայտ անհիմն՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:
IX. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
147. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
148. Դիմումատուները պահանջել են համապատասխանաբար 4 400 ԱՄՆ դոլար, 9 570 ԱՄՆ դոլար և 9 120 ԱՄՆ դոլար՝ որպես նյութական վնասի հատուցում: Մասնավորապես, դիմումատուները նշել են, որ իրենց դատապարտելու պատճառով նրանք ենթադրաբար չեն կարողացել կատարել իրենց գյուղատնտեսական աշխատանքները, ինչի հետևանքով էլ եկամտի կորուստ են ունեցել: Երկրորդ և երրորդ դիմումատուները նաև նշել են, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց ընտանիքներն ապահովել են իրենց ուտելիքով և ծխախոտով: Դիմումատուները նաև պահանջել են յուրաքանչյուրը 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
149. Կառավարությունը նշել է, որ դիմումատուները չեն ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց՝ ի հաստատումն իրենց կրած նյութական վնասի: Ավելին, այս պահանջների և ենթադրյալ խախտումների միջև չկա որևէ պատճառահետևանքային կապ: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջներին, Կառավարությունը նշել է, որ եթե Դատարանը գտնի, որ տեղի է ունեցել խախտում, դա կլինի բավարար արդարացի փոխհատուցում: Ցանկացած դեպքում դիմումատուների կողմից պահանջվող գումարները չափազանցված են:
150. Դատարանը նշում է, որ դիմումատուները որևէ փաստաթղթային ապացույցով չեն հիմնավորել նյութական վնասի վերաբերյալ իրենց պահանջները. այդ իսկ պատճառով Դատարանը մերժում է այդ պահանջները: Մյուս կողմից՝ Դատարանը համարում է, որ դիմումատուները, անկասկած, կրել են ոչ նյութական վնաս: Դատարանը, որոշում կայացնելով արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհում է 7 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
151. Դիմումատուները նաև պահանջել են 21 650 ԱՄՆ դոլար և 3 319.99 ֆունտ ստեռլինգ (ՄԲՖ)` որպես հատուցում Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար: Որպես իրենց պահանջների հիմնավորում՝ դիմումատուները ներկայացրել են մանրամասն ժամանակացույցներ, որոնցում նշվում են ժամավճարի դրույքաչափերը:
152. Կառավարությունը նշել է, որ ներպետական և օտարերկրյա իրավաբանների մասով պահանջները պատշաճ հիմնավորված չեն փաստաթղթային ապացույցներով, քանի որ դիմումատուները չեն ներկայացրել որևէ պայմանագիր, որը կվկայեր իրավաբանների հետ ենթադրյալ ժամավճարով իրավաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ համաձայնության առկայության մասին: Չի ներկայացվել նաև վարչական ծախսերը հիմնավորող որևէ փաստաթղթային ապացույց: Ավելին, դիմումատուներն օգտվել են չափից ավելի շատ իրավաբանների ծառայություններից՝ չնայած այն հանգամանքին, որ գործն այնքան ծավալուն չի եղել նման անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Ընդ որում, ներպետական իրավաբանների կողմից ենթադրաբար պահանջված ժամավճարների դրույքաչափերը չափազանց բարձր են եղել: Ինչ վերաբերում է բողոքը և կից փաստաթղթերը թարգմանելու հետ կապված ծախքերին, ապա այս ծախքերն անհրաժեշտ չեն եղել, քանի որ դիմումատունները կարող էին այդ փաստաթղթերը ներկայացնել հայերենով:
153. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ, ու դրանց չափը ողջամիտ է: Սույն գործով Դատարանն ի սկզբանե նշում է, որ թարգմանչական ծախքերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չի ներկայացվել: Ինչ վերաբերում է իրավաբանների վարձատրությանը, Դատարանը գտնում է, որ ոչ բոլոր պահանջվող դատական ծախսերն են եղել անհրաժեշտ և ողջամիտ, ներառյալ՝ օտարերկրյա և ներպետական իրավաբանների կողմից կրկնակի կատարած աշխատանքը, ինչն արտացոլված է համապատասխան ժամանակացույցներում: Դատարանը, կատարելով իր սեփական գնահատումն առկա տեղեկությունների հիման վրա, դիմումատուներին միասին շնորհում է 7 000 եվրո գումար՝ որպես կրած ծախսերի և ծախքերի հատուցում, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով և փոխանցվի Միացյալ Թագավորությունում դիմումատուների ներկայացուցիչների բանկային հաշվեհամարներին:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
154. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի, 6-րդ հոդվածի 1-ին կետի, 3-րդ կետի «ա»-«դ» ենթակետերի և 14-րդ հոդվածի, ինչպես նաև Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի մասով բողոքներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուների վարչական կալանքի առնչությամբ.
3. Վճռում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մասով բողոքն առանձին քննելու անհրաժեշտություն չկա.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում այն առումով, որ դիմումատուներին ազատությունից զրկելը եղել է կամայական և անօրինական.
5. Վճռում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի մասով բողոքներն առանձին քննելու անհրաժեշտություն չկա.
6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ 6-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համակցությամբ, այն առումով, որ դիմումատուների նկատմամբ չի իրականացվել արդար դատաքննություն, մասնավորապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրանց դեմ հարուցված երկու վարչական վարույթների ժամանակ էլ նրանց չի տրամադրվել բավարար ժամանակ և հնարավորություններ՝ իրենց պաշտպանությունը նախապատրաստելու համար.
7. Վճռում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մասով մյուս բողոքները քննելու անհրաժեշտություն չկա.
8. Վճռում է, որ դիմումատուներից յուրաքանչյուրի դատապարտումների առումով տեղի է ունեցել Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում.
9. Վճռում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի մասով բողոքն առանձին քննելու անհրաժեշտություն չկա.
10. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 7 000 եվրո (յոթ հազար եվրո) յուրաքանչյուր դիմումատուի՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի ՀՀ դրամի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 7 000 եվրո (յոթ հազար եվրո) բոլոր դիմումատուներին միասին՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի ֆունտ ստեռլինգի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, և փոխանցվի Միացյալ Թագավորությունում դիմումատուների ներկայացուցիչների բանկային հաշվեհամարներին.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
11. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի ապրիլի 10-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Սանտիագո Կեսադա Քարտուղար |
|
Ջուսեփ Կասադևայ Նախագահ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|