ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ԵՐԵԽԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
14 հունվարի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1999 թվականի հունիսի 17-ին Ժնևում ընդունված` Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետև` Կազմակերպություն) Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1999 թ. հունիսի 17-ին Ժնևում` երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման և վերացման նպատակով:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2000 թ. նոյեմբերի 19-ին:
2. Կոնվենցիայի 3-րդ հոդվածը մանրամասնում է «երեխայի աշխատանքի վատթարագույն ձևեր» հասկացության բովանդակությունը:
Կոնվենցիան վավերացնող` Կազմակերպության անդամ պետությունները պարտավորվում են ձեռնարկել անհապաղ և արդյունավետ միջոցներ` նպատակաուղղված երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելմանն ու վերացմանը: Պայմանավորվող պետությունները երաշխավորում են, որ իրենց ներպետական օրենսդրությամբ կսահմանվեն այն աշխատանքի տեսակները, որն իր բնույթով կամ կատարման պայմաններով կարող է վնասել երեխաների առողջությանը, անվտանգությանը կամ բարոյականությանը: Այդ աշխատանքի տեսակները սահմանելիս պետք է հաշվի առնվեն Կազմակերպության` Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին 1999 թ. հանձնարարականի համապատասխան դրույթները:
Պայմանավորվող պետությունները պարտավորվում են մշակել և իրականացնել գործողության ծրագրեր` երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերն առաջնային կարգով վերացնելու համար:
Պայմանավորվող պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների արդյունավետ կիրառումն ու կատարումն ապահովելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն նշանակում է իրավասու մարմին, որը պատասխանատու է կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների կիրառման համար:
Պայմանավորվող կողմերն ստանձնում են նաև միմյանց համապատասխան օգնություն տրամադրելու պարտավորություն:
3. Քննության առարկա կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության կողմից այլ միջազգային պայմանագրերով, մասնավորապես, ՄԱԿ-ի` Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման և պատժի մասին» արձանագրությամբ, 2000 թ. մայիսի 25-ին Նյու Յորքում ընդունված` Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի` մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությամբ ստանձնված պարտավորություններին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1999 թվականի հունիսի 17-ին Ժնևում ընդունված` Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|