Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
09.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.1997

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

9 ապրիլի 1997 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Լ.Բարխուդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996 թվականի պետական վարկի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` 1996 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996 թվականի պետական վարկի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ.Բարխուդարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996 թվականի պետական վարկի մասին համաձայնագրով Ռուսաստանյան կողմը պարտավորվում է մինչև 98,3 մլրդ ռուբլու չափով պետական վարկ տրամադրել Հայկական կողմին, որից մինչև 39 մլրդ ռուբլի գումարը նախատեսված է 1995 թվականի ընթացքում Հայկական ԱԷԿ-ին միջուկային վառելիք մատակարարելու և ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի համար Ռուսաստանի կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց պարտքը մարելու, մինչև 59,3 մլրդ ռուբլին` ատոմակայանին միջուկային վառելիքի ամենամյա վերաբեռնում իրականացնելու նպատակով վառելիքի մատակարարումը ֆինանսավորելու, Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման միջոցառումներն ավարտելու, ինչպես նաև ԱԷԿ-ի 1-ին էներգաբլոկի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար` համաձայն համաձայնագրին կից հավելվածի:

Վարկային միջոցները Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվեն նախկինում ստորագրված համաձայնագրերով Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի տոկոսները վճարելու պայմանով:

Պետական վարկը տրամադրվում է մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ մարումը նախատեսված է 1998-2002 թվականներին` տարեկան 4 տոկոս դրույքաչափով: Վարկի վերադարձնելիությունն ապահովվում է Հայկական ԱԷԿ-ի բաժնետոմսերի 5 տոկոսը կազմող գրավով:

Համաձայնագրում հստակեցված են Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պետական վարկի մարման պայմանները, ընդ որում, հաշիվների և հաշվարկների վարման, գրավի ձևակերպման, պետական վարկով բաժնետոմսերի փոխանցման, տոկոսների հաշվարկման ու վճարման պայմանները և կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև` առանձին արձանագրությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1996 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996 թվականի պետական վարկի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


9 ապրիլի 1997 թվականի
ՍԴՈ-45