Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-548
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.01.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2005/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

11 հունվարի 2005 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիայի նպատակը Կողմերի ռեզիդենտների եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու միջոցով երկու պետությունների միջև տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային հարաբերությունները զարգացնելն է:

Գույքի և եկամուտների կրկնակի հարկումը կանխելու ընթացակարգը սահմանված է կոնվենցիայի 23 հոդվածում, ընդ որում, Կողմերի ռեզիդենտների նկատմամբ այն իրականացվում է անխտրականության սկզբունքով:

2. Կոնվենցիայի շրջանակներում կիրառման ենթակա հարկատեսակները, ինչպես նաև հարկվող սուբյեկտները սահմանված են 2 և 4 հոդվածներում: Կոնվենցիան կիրառելի չէ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հաստատությունների անդամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դրանց մարմինների, պաշտոնատար անձանց նկատմամբ: Կոնվենցիայի կիրառման այլ սահմանափակումները նախատեսված են 28 հոդվածում:

3. Կոնվենցիայի մի շարք հոդվածներում սահմանված են հարկման հետևյալ օբյեկտները.

- անշարժ գույքից ստացված եկամուտը, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճը,

- ձեռնարկատիրական գործունեությունից, ինչպես նաև փոխկապակցված ձեռնարկություններից ստացված շահույթը,

- միջազգային փոխադրումներից` նավերի կամ օդանավերի շահագործման արդյունքում, ստացված շահույթը,

- շահաբաժինները, տոկոսները, ռոյալթին,

- անկախ և կախյալ անհատական ծառայությունները, ռեզիդենտ հանդիսացող ընկերությունների տնօրենների հոնորարները,

- արտիստների և մարզիկների գործունեությունից ստացված եկամուտը,

- կենսաթոշակները, պետական ծառայության դիմաց վճարված աշխատավարձը,

- ուսանողին կամ ստաժորին տրված վճարումները, ինչպես նաև այլ եկամուտներ` 20 և 21 հոդվածներում սահմանված կարգով:

4. Բացի կոնվենցիայի կիրառումն ապահովող վերոհիշյալ հիմնական պարտավորություններից, Հայաստանի Հանրապետությունը նաև պարտավորվում է.

- մյուս Կողմի ռեզիդենտ հանդիսացող կամ մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը մյուս Կողմի ռեզիդենտ հանդիսացած ուսանողին կամ ստաժորին ազատել ապրելու, ուսանելու, մասնագիտանալու համար ստացած վճարումների հարկումից (20 հոդված),

- կրկնակի հարկումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի` մյուս Կողմում հարկվող եկամուտ ստանալիս թույլատրել այդ եկամտի կամ գույքի հարկի նվազեցում մյուս Կողմում վճարված հարկին հավասար գումարի չափով (23 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետ),

- կոնվենցիայի 26 հոդվածում նախատեսված պայմաններին համապատասխան մյուս Կողմի իրավասու մարմիններին ապահովել այնպիսի տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է կոնվենցիայի և դրանում ընդգրկված հարկերի վերաբերյալ ներպետական օրենսդրության նորմերի կիրառման համար:

5. Կոնվենցիայում նախատեսված են Կողմերի պարտականությունների համաձայնեցված կատարման առնչությամբ ծագած խնդիրների լուծման, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարեցնելու ընթացակարգեր (25, 29 և 30 հոդվածներ):

6. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 4, 8, 9 հոդվածների դրույթներին, քանի որ կոչված են Կողմերի միջև զարգացնելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ինչպես նաև ստեղծելու բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


11 հունվարի 2005 թվականի
ՍԴՈ-548