ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԳՐԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԵՐԿԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1886 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲԵՌՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 հունվարի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի ազգային գործակալության պետ Վ. Կոստանդյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Գրական և գեղարվեստական երկերի պահպանության մասին 1886 թվականի սեպտեմբերի 9-ին Բեռնում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված` 22.12.1999 թ.):
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Կոստանդյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն կոնվենցիան ստորագրվել է 1886 թվականի սեպտեմբերի 9-ին` Բեռնում: Կոնվենցիայի նպատակն է հնարավորին չափ արդյունավետ և միասնական ձևով պահպանել հեղինակների իրավունքները նրանց գրական և գեղարվեստական երկերի նկատմամբ:
Կոնվենցիայի համաձայն` այն երկրները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն կոնվենցիան, ստեղծում են Միություն` գրական և գեղարվեստական երկերի նկատմամբ հեղինակների իրավունքները պահպանելու համար:
Կոնվենցիայով սահմանվում են պահպանվող երկերի ցանկը, երկերի պահպանության օրենսդրական կարգավորման մեխանիզմը, պահպանության նախատեսման չափանիշները, երկերի հեղինակների երաշխավորված իրավունքները, երկերի պահպանության ծավալը և դրանց հեղինակների իրավունքների պաշտպանության միջոցները, որոշակի երկերի պահպանության հնարավոր սահմանափակումները և այլն:
Կոնվենցիան կանոնակարգում է նաև երկերի պահպանության ժամկետներին, դրանց ազատ օգտագործման հնարավոր դեպքերին, ինչպես նաև Միության Ընդհանուր ժողովի և Գործադիր կոմիտեի կազմավորման և գործունեության, կոնվենցիայում փոփոխություններ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու կարգին վերաբերող հարցերը:
Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում երկերի ավելի լայն պահպանությանը, որը կարող է նախատեսվել Միության անդամ այս կամ այն երկերի օրենսդրությամբ: Միության անդամ երկրների կառավարություններն իրավասու են կնքել հատուկ համաձայնագրեր, եթե դրանք հեղինակին կապահովեն ավելի լայն իրավունքներ, քան սահմանվում են սույն կոնվենցիայով:
Կոնվենցիայի անօտարելի մասն է կազմում Լրացուցիչ բաժինը, որը բովանդակում է հատուկ դրույթներ զարգացող երկրների վերաբերյալ, որոնք սահմանում են որոշակի արտոնություններ` կապված այդ պետությունների տնտեսական վիճակի և սոցիալ-մշակութային պահանջների հետ, և որի վերաբերյալ կոնվենցիային միացող երկիրը պետք է հանդես գա հայտարարությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Գրական և գեղարվեստական երկերի պահպանության մասին 1886 թվականի սեպտեմբերի 9-ին Բեռնում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|