Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.02.20/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.02.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.02.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.1997

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

3 փետրվարի 1997 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Հ.Խաչատրյանի, Վ.Հովհաննիսյանի, Հ.Նազարյանի, Վ.Պողոսյանի, Վ.Սահակյանի, Մ.Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ.Ավանեսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1996 թվականի հունիսի 9-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1996 թվականի հունիսի 9-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա.Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ.Ավանեսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1996 թվականի հունիսի 9-ին Երևանում ստորագրված համաձայնագրի նպատակն է ներդրումների խրախուսման և պաշտպանության փոխադարձ բարենպաստ պայմանների ստեղծումը:

Համաձայնագրով սահմանվում են ներդրողներին պատճառված վնասների փոխհատուցման և վեճերի լուծման կարգը, ինչպես նաև սեփականազրկման հիմքերն ու փոխհատուցման պայմանները:

Համաձայնագրի 4 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով ոչ միայն չի բացառվում իշխանությունների կողմից ներդրողների ունեցվածքի ոչնչացում, այլև ենթադրվում է դրա հետևանքով պատճառված վնասի համար համապատասխան փոխհատուցում չապահովելու հնարավորություն:

Համաձայնագրի 5 հոդվածով նախատեսվում է ներդրումների ազգայնացում, բռնագրավում կամ ազգայնացմանը համարժեք այլ միջոցառումների իրականացում` ի շահ հասարակության, ելնելով այդ Կողմի ներքին կարիքներից, հետագայում արագ, համարժեք և շահավետ փոխհատուցման պայմանով: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածը սահմանում է, որ սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը, հասարակության և պետության կարիքների համար, բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Համաձայնագրով, փաստորեն, հնարավոր է համարվում սեփականության օտարումը ոչ բացառիկ դեպքերում: Բացի դրանից, ոչ միայն նախնական փոխհատուցում չի նախատեսվում, այլև կողմերն ընդամենը պարտավորվում են հետագա փոխհատուցումը կատարել «առանց անիմաստ ձգձգումների»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ համաձայնագիրը չի ստորագրվել լիազորված անձի կողմից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1996 թվականի հունիսի 9-ին Երևանում ստորագրված համաձայնագրի 4 և 5 հոդվածներում ամրագրված պարտավորությունները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


3 փետրվարի 1997 թվականի
ՍԴՈ-39

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան