Գլխավոր տեղեկություն
Համար
N 44
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
16.02.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 1993 թվականի N 44

 

քաղ. Երևան

 

ԳՅՈՒՂՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սպասարկման, նյութատեխնիկական մատակարարման բարելավման, գյուղատնտեսության մեքենատրակտորային շարժակազմի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համաձայնեցնելով, ստեղծել գյուղմեքենաների շահագործման կայաններ (ԳՇԿ)` պետական ձեռնարկության կարգավիճակով, «Հայագրոսպասարկում» ՀԱԱՄ-ի կամ «Հայբերրիություն» ՀԱՄ-ի շրջանային միավորումների կազմում կամ որպես վերջիններիս առանձնացված ստորաբաժանումներ, նրանց վրա դնելով`

ա) գյուղատնտեսական աշխատանքների պայմանագրային հիմունքներով կազմակերպումը և իրականացումը.

բ) գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարումը և նրանց տեխնիկական սպասարկումը:

2. Սահմանել, որ նախկին կոլտնտեսությունների և գյուղատնտեսական տնտհաշվարկային ձեռնարկությունների սեփական միջոցների հաշվին գնված հիմնական և շրջանառու միջոցները վաճառվում են ԳՇԿ-ներին, իսկ մյուս գյուղատնտեսական պետական ձեռնարկությունների և պատգամավորների ավանային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների հաշվեկշռում եղած հիմնական և շրջանառու միջոցները հանձնվում են ԳՇԿ-ների հաշվեկշիռներին:

3. Պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` գյուղմեքենաների շահագործման կայաններ ստեղծելու ուղղությամբ միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով ստեղծել շրջանային, քաղաքային հանձնաժողովներ` շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների գլխավորությամբ, դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների, «Հայագրոսպասարկում» ՀԱԱՄ-ի և «Հայբերրիություն» ՀԱՄ-ի շրջանային միավորումների տնօրեններին, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ներկայացուցիչների, հաշվի առնելով շրջանների առանձնահատկությունները և գյուղատնտեսական արտադրության ծավալները:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել ԳՇԿ-ների կանոնադրությունները:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և գյուղատնտեսության նախարարությանը` մշակել և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ու այլ գյուղատնտեսական կազմակերպությունների նյութատեխնիկական մատակարարման մասին:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը և գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում քննության առնել և լուծել հանրապետությունում տրակտորների և մյուս գյուղմեքենաների պահեստամասերի արտադրության կազմակերպման հարցը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ