Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-433
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2004/1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2003

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 11 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

30 հունիսի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 11 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ա. Բլեյանի, նրա ներկայացուցիչ Ա. Խաչատրյանի,

պատասխանող կողմի` թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Օ. Գրիգորյանի, Հ. Գալյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 3 կետի և 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 11 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 11 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ա. Բլեյանի դիմումը:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Զ. Ղուկասյանի հաղորդումը, կողմերի բացատրություններն ու պարզաբանումները, ինչպես նաև հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2003թ. մայիսի 25-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68 հոդվածում և ՀՀ ընտրական օրենսգրքի 117 հոդվածում նախատեսված ժամկետներում` ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով ձևավորված թվով 26 ընտրական տեղամասերում:

Թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ամփոփելով թիվ 11 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2003թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքները, 30.05.03 թ. որոշում է կայացրել Հակոբ Վարդանեսի Հակոբյանի` Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու մասին:

Համաձայն թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2003 թվականի մայիսի 25-ի ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության` թիվ 11 ընտրատարածքում առաջադրված և ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածի 4 կետով սահմանված կարգով քվեաթերթիկներում ընդգրկված երեք պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Աշոտ Բլեյան` 2224, Հակոբ Հակոբյան` 8202, Ռուբեն Մակարյան` 1222: Ըստ թիվ 11 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության` ընտրատարածքում ընտրողների թիվը 45321 է, ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը` 13229:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ա. Բլեյանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով խնդրում է պատգամավորի ընտրության արդյունքները թիվ 11 ընտրատարածքում ճանաչել անվավեր: Նա գտնում է, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վրա: Մասնավորապես նշվում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների համար չեն ապահովվել հավասար պայմաններ ու հնարավորություններ, ընտրված թեկնածուի օգտին քարոզչություն են կատարել դրա իրավունքը չունեցող անձինք, սահմանափակվել են դիմող թեկնածուի վստահված անձանց իրավունքները, ընտրատեղամասերում կատարված իրավախախտումների վերաբերյալ վստահված անձանց մեծ թվով դիմում-բողոքներ մնացել են անպատասխան, չեն բավարարվել 4 ընտրատեղամասերում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների փաստացի արդյունքների և ՏԸՀ-ների արձանագրությունների համապատասխանության ստուգման վերաբերյալ դիմող թեկնածուի վստահված անձանց` օրենքով սահմանված կարգով ներկայացրած պահանջները, տեղ են գտել այլ անձի փոխարեն քվեարկության դեպքեր, պատշաճ կերպով չի կատարվել ընտրողների ցուցակներում անճշտությունները շտկելու պահանջը, սխալներով են կազմվել մի շարք ընտրատեղամասերի ամփոփիչ արձանագրությունները, իրավապահ մարմինները ժամանակին չարձագանքելով թեկնածուի վստահված անձանց ահազանգերին ու հաղորդումներին` հնարավորություն չեն ընձեռել արդյունավետ իրացնել օրենքով սահմանված նրանց իրավունքները, մյուս կողմից` ՀՀ ընտրական օրենսգրքի 139 հոդվածի հատկանիշներով բազմաթիվ իրավախախտներ շարունակում են մնալ անպատիժ: Դիմող կողմը գտնում է նաև, որ ԿԸՀ-ի կողմից ընդունված թիվ 128-Ա և 131-Ա որոշումները, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 111 հոդվածի վերաբերյալ տրված պարզաբանումները հակասում են ՀՀ մի շարք օրենքների պահանջների: Դիմումատուն գտնում է, որ թեկնածուների գրանցման պահից սկսած խախտվել է հավասար ընտրական իրավունքի սկզբունքը` ընտրությունների կազմակերպման ու անցկացման բոլոր փուլերում, քանի որ պետությունը` ի դեմս ընտրական հանձնաժողովների, հավասար պայմաններ չի ապահովել թեկնածուների` ընտրական իրավունքի իրականացման համար:

Դիմող կողմը նշված օրինախախտումների առկայությունը հիմնավորելու համար ներկայացրել է համապատասխան ընտրական հանձնաժողովներին ուղղված` վստահված անձանց դիմում-բողոքների պատճենները, վերջիններիս ի պատասխան ներկայացված գրություններ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությանը դիմողի հասցեագրած դիմումների պատճեններ, տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրություններ, փաստական ու վերլուծական այլ նյութեր: Դիմումատուն գտնելով, որ անհրաժեշտ է թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ 2003 թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել, շեշտը դնում է ոչ թե օրենքով նախատեսված անճշտությունների առկայության, այլ ամփոփիչ արձանագրություններում տեղ գտած թվային անհամապատասխանությունների, ընտրախախտումների որակական բնույթի, թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանների վրա:

3. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ թիվ 11 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա: Պատասխանող կողմը փաստում է, որ տվյալ ընտրատարածքը գտնվել է նաև միջազգային դիտորդների ուշադրության կենտրոնում և նրանց զեկույցներում, ի թիվս մի քանի ընտրատարածքների, շեշտվում է, որ թիվ 11 ընտրատարածքի ՏԸՀ-ները քվեարկության արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո հանրությանն ի տես փակցրել են նախնական արդյունքները:

Ըստ պատասխանողի` ընտրված և դիմող թեկնածուների միջև ձայների հարաբերակցությունը բացառում է անճշտությունների ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա և չի բացառում ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը: Բացի դրանից, ըստ պատասխանող կողմի` դիմողի վստահված անձանց կողմից 2003թ. մայիսի 25-27-ը թիվ 11 ԸԸՀ ներկայացված դիմում-բողոքներում նշված փաստերը` ընտրակաշառքի, մեկից ավելի քվեարկության դեպքերի, քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ, զուրկ են եղել հիմքից և իրականությանը չեն համապատասխանել:

Պատասխանող կողմի` սահմանադրական դատարան ներկայացրած տեղեկանքի համաձայն` 2003թ. մայիսի 25-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների փաստացի արդյունքների և տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների համապատասխանության ստուգման պահանջով թիվ 11 ԸԸՀ-ում ստացվել է 19 դիմում-բողոք, որոնցից ութը չի համապատասխանել ԿԸՀ-ի թիվ 128-Ա և թիվ 131-Ա որոշումների պահանջներին: Նշված որոշումների պահանջներին համապատասխանող 11 դիմում-բողոքներից քննարկվել և ըստ դրանց ստացման հերթականության ստուգումներ են անցկացվել ինը դիմում-բողոքների հիման վրա, որոնցից չորսը` մեծամասնական (0246/11, 0238/11, 0244/11, 0236/11), հինգը` համամասնական (0233/11, 0232/11, 0238/11, 0254/11, 0244/11) ընտրակարգով ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Ստուգման երկու պահանջ` կապված միևնույն տեղամասում համամասնական և մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հետ (0239/11), չի քննարկվել ժամանակի սղության պատճառով: Ըստ պատասխանող կողմի` ստուգման արդյունքում հայտնաբերվել են նախնական արդյունքների համեմատությամբ` ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չունեցող շեղումներ: Թվով չորս տեղամասերում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ստուգումներից պարզվել է, որ դիմող թեկնածուի օգտին տրված ձայներն ավելացել են 1-ով, ընտրված թեկնածուի օգտին տրված ձայները պակասել են 6-ով:

Ինչ վերաբերում է թեկնածուների գրանցմանը և հավասար ընտրական պայմանների ապահովմանը, պատասխանող կողմի կարծիքով` դիմող կողմի փաստարկները հիմնավոր չեն, քանի որ ԸԸՀ-ն քննության է առել այդ հարցերը և հիմնավոր ձևով մերժել, մասնավորապես, Ա. Բլեյանի վստահված անձանց պահանջը` պատգամավորության թեկնածու Հ. Հակոբյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ: ԸԸՀ-ի այդ որոշումը դատական կարգով չի վերանայվել և օրենքով սահմանված կարգով ուժի մեջ է մտել:

ՏԸՀ-ների ամփոփիչ արձանագրություններում տեղ գտած թվային շեղումները պատասխանող կողմը մեկնաբանում է տեխնիկական թերացումներով և գտնում է, որ դրանք որակական բնույթ չեն կրում և չեն աղավաղում ընտրության արդյունքները:

4. Սահմանադրական դատարանի պահանջով պատասխանող կողմը ներկայացրել է թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին որոշման վավերացված պատճենը, թիվ 11 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունը, թիվ 11 ընտրատարածքի բոլոր 26 տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվ 1 ամփոփիչ և թիվ 2 անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների պատճենները, թիվ 11 ընտրատարածքում 25.05.03 թ. քվեարկության արդյունքների վերաբերյալ ԸԸՀ մուտքագրված դիմում-բողոքների պատճենները և տեղեկանք` դրանց ընթացք տալու արդյունքների վերաբերյալ, թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կազմված այն արձանագրությունների պատճենները, որոնցում ամփոփվել են 0246/11, 0238/11, 0244/11 և 0236/11 տեղամասերում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների փաստացի արդյունքների և ՏԸՀ-ների արձանագրությունների համապատասխանության ստուգման արդյունքները:

Սահմանադրական դատարանը գործը քննության նախապատրաստելու ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել և ստացել է նաև տեղեկանք` թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածու Ա. Բլեյանի վստահված անձանց` Նոնա Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի կողմից պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ 22.05.03թ. ԿԸՀ-ին ուղղված պահանջի քննության արդյունքների մասին:

Գործի քննությամբ փաստվեց, որ դիմումատուն հավասար ընտրական իրավունքը չապահովելու հանգամանքն առաջին հերթին պայմանավորում է նրանով, որ իր վստահված անձանց բողոքների հիման վրա ուժը կորցրած չի ճանաչվել պատգամավորության մեկ այլ թեկնածուի` Հ. Հակոբյանի գրանցումը: Դիմող կողմի վստահված անձինք 2003թ. մայիսի 15-ին դիմել են թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցված Հակոբ Հակոբյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Վստահված անձանց դիմումում շարադրված փաստերի ստուգման արդյունքում հանձնաժողովի անդամների ներկայացրած զեկուցագրերի հիման վրա` թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 2003թ. հունիսի 21-ին մերժել է Հ. Հակոբյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին պահանջը: 22.05.2003թ. դիմողի վստահված անձինք Հ. Հակոբյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից չստանալով դիմումի քննության արդյունքների վերաբերյալ պատասխան, դիմել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ԿԸՀ-ի անգործությունը վերացնելու և Հ. Հակոբյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Դատարանում գործի քննության ընթացքում դիմող կողմը փոխել է իր պահանջի հիմքը, որի արդյունքում թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու փաստական հանգամանքները դատարանի կողմից քննության չեն առնվել:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ թեկնածուների գրանցման հետ կապված վեճն ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցերով ընտրական օրենսգրքով նախատեսված միակ դեպքն է, երբ առաջին ատյանի դատարանի որոշումը վերջնական չէ: Գրանցման հետ կապված վեճերի դեպքում, ըստ ԸՕ հոդված 40-ի, վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում եռօրյա ժամկետում, իսկ վճռաբեկ դատարանը` երկօրյա ժամկետում: Ակնհայտ է, որ ընդհանուր իրավասության ողջ դատական համակարգն օժտված է թեկնածուների գրանցման հետ կապված փաստական հանգամանքների քննության և վերջնական որոշման կայացման իրավասությամբ: Հետևաբար, հաշվի առնելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածի պահանջը, համաձայն որի ընտրական վեճի լուծման ժամանակ սահմանադրական դատարանում քննվող գործին առնչվող փաստական հանգամանքները քննության առարկա չեն կարող դառնալ, պատգամավորության թեկնածուները, առանց ընդհանուր իրավասության դատարանների որոշումների, տվյալ հարցը սահմանադրական դատարանի քննության առարկա չեն կարող դարձնել: Բացի դրանից, ՀՀ ընտրական օրենսգրքի 97 հոդվածի 2-րդ կետով սահմանված է այն պաշտոնատար անձանց ցանկը, որոնք մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար պետք է վայր դնեն իրենց լիազորությունները, և այդ ցանկում ներառված չեն ՀՀ ԱԺ պատգամավորները: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 63 հոդվածով սահմանված է, որ Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են նրա ընտրությանը հաջորդող չորրորդ տարվա հունիսին` նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը, երբ սկսվում են նորընտիր Ազգային ժողովի լիազորությունները:

5. Սահմանադրական դատարանի պահանջով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԿԸՀ-ի 23.05.03թ. 139-Ա որոշումը` Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ա. Բլեյանի վստահված անձանց դիմում-բողոքի քննարկման մասին: Այդ որոշմամբ` ԿԸՀ-ն, նկատի ունենալով, որ դիմում-բողոքում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը և ԱԺ պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանի կողմից քարոզչության իրականացման կարգի խախտում թույլ չի տրվել, մերժել է դիմում-բողոքում բարձրացված պահանջը:

Ինչ վերաբերում է «Անհայտ բարերարի օգնություն» բարեգործական կազմակերպության մասնակցությանն ընտրված թեկնածու Հակոբ Հակոբյանի օգտին իրականացված քարոզչությանը, դիմողի վստահված անձինք դիմել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությանը` նշված կազմակերպության նախագահին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ի պատասխան սահմանադրական դատարանի պահանջի, դատախազության ներկայացրած տեղեկանքի համաձայն` այդ դիմումի հիման վրա Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում նախապատրաստված նյութերով գործի հարուցումը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

6. Դիմող կողմի պնդմամբ` պետությունը հավասար պայմաններ չի ապահովել ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Հ. Հակոբյանի և իր ընտրական իրավունքի իրացման համար: Ըստ դիմողի` թեկնածուների համար անհավասար պայմաններ է ստեղծել այն հանգամանքը, որ ընտրված թեկնածու Հակոբ Հակոբյանը նախընտրական քարոզչության ընթացքում օգտագործել է 1999-2003թթ. պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ձեռք բերված եկամուտները և ընտրատարածքում իր գործարար ներկայությամբ ազդեցություն է գործել ընտրողների ազատ կամքի արտահայտության վրա:

Պետությունը կրում է թեկնածուների համար հավասար հնարավորություններ ապահովելու պարտավորություն: Հավասար հնարավորությունների հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ բոլոր թեկնածուներն ունենան իրենց տեսակետները զանգվածային լրատվության միջոցներով արտահայտելու, հավաքներ կազմակերպելու, գովազդային նյութեր տարածելու հնարավորություն: Կոնկրետ դեպքում, չկա որևէ ապացույց այն մասին, որ նշված հնարավորությունները սահմանափակվել են դիմող թեկնածուի համար: Իսկ թեկնածուների տարբեր ֆինանսական հնարավորություններով պայմանավորված անհավասար դրությունը բացառելու և ֆինանսական տարբեր հնարավորություններ ունեցող թեկնածուների համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է պատգամավորության թեկնածուի նախընտրական հիմնադրամի առավելագույն չափ:

Իսկ ինչ վերաբերում է 1999-2003թթ. պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ դիմողի պնդմանը, ապա այդ հանգամանքը սույն ընտրական վեճի շրջանակներում քննության առարկա չէ:

7. Դիմող կողմի վստահված անձինք, օգտվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից, ընտրատեղամասերում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների փաստացի արդյունքների և ՏԸՀ-ների արձանագրությունների համապատասխանության ստուգման պահանջ են ներկայացրել թվով 8 տեղամասերի առնչությամբ: Ստուգման պահանջը բավարարվել է թվով չորս տեղամասերի (0246, 0244, 0236 և 0238) առնչությամբ: Ըստ դիմող կողմի` թիվ 11 ԸԸՀ-ն մերժել է 0242, 0247, 0239 և 0240 տեղամասերի առնչությամբ «քննարկման և քվեարկության առարկա չհանդիսացող» ստուգման մասին պահանջները:

Համաձայն ԿԸՀ-ի 14.05.2003թ. 131-Ա որոշման` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից քննարկման և քվեարկության առարկա չի կարող հանդիսանալ այդ որոշմամբ սահմանված կարգով ներկայացված ստուգման մասին պահանջը: Սահմանված կարգի խախտումով ներկայացված պահանջը ենթակա է մերժման ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Դիմողի մատնանշած ընտրատեղամասերից երեքում /0242, 0247 և 0240/ ստուգումների պահանջը մերժվել է ԿԸՀ-ի 131-Ա և 128-Ա որոշումներով սահմանված կարգին չհամապատասխանելու հիմքով: Այդ տեղամասերում ստուգումների վերաբերյալ պատասխանող կողմի պարզաբանումները վկայում են, որ 0242 տեղամասի առնչությամբ ստուգումների պահանջի վերաբերյալ դիմում-բողոքում պահանջը ճշգրտված չէ համամասնական կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների առնչությամբ, 0247 տեղամասի վերաբերյալ դիմում-բողոքում բացակայում է դիմողի վստահված անձի հասցեն և հայրանունը, 0240 տեղամասի դեպքում` բացակայում է դիմողի ստորագրությունը: Ինչ վերաբերում է 0239 տեղամասին, մինչև ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածով սահմանված ժամկետում ընտրությունների արդյունքներն ամփոփելը, ժամանակի սղության պատճառով այդ տեղամասում ստուգումներ չի կատարվել: Ընդ որում, այդ ընթացքում թիվ 11 ԸԸՀ-ն զբաղված է եղել ընտրված թեկնածու Հակոբ Հակոբյանի վստահված անձանց դիմում-բողոքների հիման վրա թվով չորս տեղամասերի առնչությամբ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ստուգումներով:

Սահմանադրական դատարանն արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, որ ԿԸՀ-ի կողմից ընդունված ակտերը ՀՀ օրենսդրությամբ սահմանադրական արդարադատության օբյեկտ չեն և կարող են վարչական արդարադատության կարգով նորմատիվ վերահսկողության առարկա դառնալ: Իրողությունն այն է, որ դրանք դատական կարգով չեն բողոքարկվել, իրավասու դատարանների կողմից հակաօրինական չեն ճանաչվել և հանդիսանում են գործող իրավական ակտեր: Չնայած դրան, հաշվի առնելով, որ 0247, 0240 և 0239 տեղամասերի առնչությամբ մեծամասնական ընտրակարգով ստուգման պահանջ ներկայացրել են իրավասու անձինք, ԸԸՀ-ի կողմից ստուգում չկազմակերպելու պատճառաբանությունները հիմնավոր չեն և կրում են ձևական բնույթ, ՀՀ սահմանադրական դատարանը` հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 16.04.03թ. ՍԴՈ-412 որոշման մեջ ամրագրված իր իրավական դիրքորոշումը, գտնում է, որ թիվ 0247, 0240 և 0239 ընտրատեղամասերում մեծամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքները պետք է համարել ոչ հավաստի:

8. Դիմողը որպես սահմանադրական դատարանին ուղղված իր պահանջը հիմնավորելու փաստարկ մատնանշել է նաև իր վստահված անձանց դիմումների հիման վրա Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի կողմից ընտրացուցակներում անճշտությունները պատշաճ կերպով չվերացնելու փաստը:

Պատասխանող կողմը սահմանադրական դատարան է ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի 23.05.03թ. գրությունը` ուղղված դիմող թեկնածուի վստահված անձին` ի պատասխան վերջինիս 20.05.03թ. թիվ 11 ընտրատարածքում ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ պահանջի: Ըստ այդ գրության` վստահված անձի կողմից թաղապետին են ներկայացվել 885 ընտրողների ազգանուններ, որոնցից 173-ը կրկնվել է, իսկ 712-ից 556-ի դեպքում ընտրողների տվյալները լիարժեք չեն եղել: Մնացած անճշտությունները շտկվել են ոստիկանության անձնագրային բաժնի կողմից տրամադրված տվյալների հիման վրա:

Ի պատասխան դիմող թեկնածուի վստահված անձի դիմումների, Մալաթիա-Սեբաստիա համայնքի փոխթաղապետը 22.05.03թ. գրությամբ հայտնել է, որ ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ տեղեկությունները ճշտվել են ոստիկանության անձնագրային բաժինների հետ և ընտրացուցակներում կատարվել են անհրաժեշտ շտկումներ:

9. Ի հիմնավորումն 0242 տեղամասում քվեարկության իրական արդյունքների և ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովի թիվ 1 ամփոփիչ արձանագրության` իր օգտին տրված 50 ձայնի միջև անհամապատասխանության, դիմող կողմը սահմանադրական դատարան է ներկայացրել 91 ընտրողների ցուցակ, որոնք իրենց ստորագրություններով հավաստում են դիմողի օգտին քվեարկած լինելու փաստը:

Ընտրողներից որևէ ձևով տեղեկանալը, թե ում օգտին է քվեարկել ընտրողը, հանդիսանում է ՀՀ ընտրական օրենսգրքի 56 հոդվածի, ինչպես նաև գաղտնի քվեարկության սկզբունքի խախտում և սահմանադրական դատարանում քննության առարկա չի կարող դառնալ:

10. Թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 30.05.03 թվականի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ամփոփիչ արձանագրության և թվով 26 ՏԸՀ-ների մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ամփոփիչ արձանագրությունների ուսումնասիրությունը վկայում է, որ առկա են որոշակի թվային անհամապատասխանություններ այդ արձանագրություններում արձանագրված տվյալների միջև: Մասնավորապես, դիմող կողմի բերած հաշվարկներով ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունում արձանագրված` ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված և ստորագրված քվեաթերթիկների քանակը 294-ով պակաս է ՏԸՀ-ների ամփոփիչ արձանագրություններում արձանագրված քանակից: Քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը համապատասխանաբար պակաս է 37-ով, քվեատուփում առկա քվեաթերթիկների թիվն ավելին է 108-ով, բոլոր թեկնածուներին դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը պակաս է 32-ով: Որպես անճշտությունների չափ թիվ 11 ԸԸՀ-ի 30.05.03 թվականի արձանագրությունում նշված է 484, մինչդեռ ըստ արձանագրության տվյալների` անճշտությունների չափը 514 է: Նման փաստերը պատասխանողի կողմից «համակարգչային սխալ կամ անճշտություն», «մեխանիկական վրիպակ» և այլ կերպ մեկնաբանելը չի արդարացնում ընտրական հանձնաժողովների թերացումները և անվստահություն է սերմանում ընտրական գործընթացի նկատմամբ:

Ընտրական գործընթացի նկատմամբ անվստահության մթնոլորտ են ստեղծել նաև ընտրական հանձնաժողովների կողմից իրավասու սուբյեկտների դիմումներին և բողոքներին ժամանակին ու հիմնավոր չարձագանքելը, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների տարաբնույթ ներգրավումը նախընտրական քարոզչությանը: Սույն գործի քննությունը վկայում է, որ թիվ 11 ԸԸՀ-ն արդյունավետ վերահսկողություն չի իրականացրել նախընտրական քարոզչության նկատմամբ:

11. Թիվ 11 ընտրատարածքում ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղ գտած տարբեր իրավախախտումների կապակցությամբ դիմող կողմը դիմել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազություն` քրեական գործ հարուցելու խնդրանքով: Դիմող կողմի դիմում-բողոքների քննարկման արդյունքում ընդունված 16.06.2003 թվականի որոշմամբ դատախազությունը մերժել է նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ և այդ մասին գործի քննության ընթացքում գրավոր տեղյակ է պահել սահմանադրական դատարանին:

12. Ինչ վերաբերում է թիվ 11 ԸԸՀ-ում ԱԺՄ-ի նշանակած անդամի կողմից ներկայացված հայտի հիման վրա թիվ 11 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովները համալրելու օրինականությունը դիմողի կողմից վիճարկելուն, ապա այդ հարցի վերաբերյալ դիմումը քննության է առնվել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում և 16.05.2003թ. վճռով մերժվել է թիվ 11 ԸԸՀ-ի հանձնաժողովի անդամ Ա. Տիգրանյանի` տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման մասին իր հայտն ընդունելը թիվ 11 ԸԸՀ-ին պարտավորեցնելու մասին պահանջը: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Գնահատելով գործի քննության ընթացքում ներկայացված ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկները, հաշվի առնելով դիմող և ընտրված թեկնածուների օգտին տրված ձայների փաստացի տարբերությունը, սահմանադրական դատարանի կողմից ոչ հավաստի ճանաչված ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, նկատի ունենալով, որ թիվ 11 ընտրատարածքում թեկնածուների գրանցման հարցերով ԸԸՀ-ի որոշումներն ընդհանուր իրավասության դատարանների կողմից դատական կարգով չեն վերանայվել, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ա. Բլեյանի պահանջը` ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետի հիմքերով ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները թիվ 11 ընտրատարածքում անվավեր ճանաչելու մասին, մերժել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


30 հունիսի 2003 թվականի
ՍԴՈ-433

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան