Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-389
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 3-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

1 հոկտեմբերի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` դիմող կողմի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Վ. Գասպարյանի,

պատասխանողի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գ. Մելիքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետի, 25 հոդվածի 1 կետի և 55 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Ազգային ժողովի կողմից 1999 թվականի փետրվարի 5-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (Ազգային ժողովի կողմից 2002 թվականի հուլիսի 3-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խմբագրությամբ) 14-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը (Ազգային ժողովի կողմից 2002 թ. հուլիսի 3-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խմբագրությամբ) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1999 թ. փետրվարի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1999 թ. փետրվարի 17-ին, պաշտոնապես հրապարակվել է 1999 թ. փետրվարի 18-ին:

ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1999 թ. մարտի 23-ի, 1999 թ. հոկտեմբերի 16-ի, 2000թ. ապրիլի 21-ի, 2000թ. դեկտեմբերի 22-ի և 2002 թ. օգոստոսի 3-ի Հայաստանի Հանրապետության օրենքներով:

2. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2002 թ. օգոստոսի 3-ի Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 10-րդ հոդվածով փոփոխություն է կատարվել ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածում, Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թ. հուլիսի 3-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2002 թ. հուլիսի 31-ին: Օրենքը հրապարակվել է 2002 թ. օգոստոսի 2-ին և նույն օրենքի 82 հոդվածի համաձայն ուժի մեջ է մտել 2002 թ. օգոստոսի 3-ին: ՀՀ Նախագահի կողմից օրենքի կապակցությամբ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով առարկություններ և առաջարկություններ չեն եղել:

3. 1999 թ. փետրվարի 5-ին ընդունված` ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածը, սահմանելով ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը, ընտրողներին իրավունք էր վերապահում ընտրողների ցուցակներում անճշտությունների կապակցությամբ իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել դատական կարգով` առանց ժամկետային սահմանափակման: Համաձայն այս հոդվածի 3-րդ կետի` ընտրողները կարող էին ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը, այդ թվում` ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ վեճերը բողոքարկել դատարան նաև քվեարկության օրը:

4. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թ. հուլիսի 3-ին ընդունված օրենքի 10-րդ հոդվածի համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ և սահմանում է. «Ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել դատարան: Դատարանը պարտավոր է հնգօրյա ժամկետում որոշում կայացնել: Որոշումը բողոքարկման ենթակա չէ: Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրն ընտրողների ցուցակները ենթակա չեն փոփոխման, այդ թվում` դատարանի վճռով»:

5. Դիմող կողմը գտնում է, որ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի վերախմբագրված դրույթն այն մասին, որ «... Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրն ընտրողների ցուցակները ենթակա չեն փոփոխման, այդ թվում` դատարանի վճռով», հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մասնավորապես, Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 27-րդ, 38-րդ և 39-րդ հոդվածներին, քանի որ այն քաղաքացիներին զրկում է ժողովրդավարության սկզբունքներով իրենց ընտրելու իրավունքն անխափան իրականացնելու, այդ կապակցությամբ ծագած վեճերը դատական կարգով վիճարկելու և իրենց խախտված իրավունքները դատական կարգով վերականգնելու հնարավորությունից:

6. Պատասխանող կողմը, չվիճարկելով քննության առարկա նորմի` Սահմանադրությանը չհամապատասխանելու հանգամանքը, գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը սահմանափակում է ընտրություններին մասնակցելու քաղաքացիների հնարավորությունը` որոշակի ընտրական խախտումներ բացառելու նպատակով: Միաժամանակ պատճառաբանվեց, որ Ազգային ժողովի կողմից տվյալ փոփոխությունն ընդունվել է օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ` միայն քաղաքական համաձայնության արդյունքում:

7. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված ժողովրդավարական պետության հիմնական բնութագրիչներից են իրական ներկայացուցչական ժողովրդավարությունը` ժողովրդի կողմից ընտրված մարմինների միջոցով իշխանության իրականացումը և մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանվածությունը:

ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածն ըստ էության ամրագրում է ժողովրդավարական պետության գոյության համար անհրաժեշտ սահմանադրական երաշխիքները, այն է` որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է նաև ազատ ընտրությունների, հանրաքվեների միջոցով:

Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է պետության պարտավորությունը` ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածն ամրագրում է ՀՀ տասնութ տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու` անմիջականորեն կամ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունքը: Նշված հոդվածն սպառիչ կերպով սահմանում է այն քաղաքացիների շրջանակը, ում ընտրելու և ընտրվելու իրավունքը կարող է սահմանափակվել. դրանք են դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

Սահմանադրության 38-րդ հոդվածն ամրագրում է մարդու` օրենքով չարգելված բոլոր միջոցներով իր իրավունքները և ազատությունները պաշտպանելու և դատական պաշտպանության իրավունքը, իսկ 39-րդ հոդվածը երաշխավորում է խախտված իրավունքների վերականգնումը դատական կարգով:

8. ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու` 27-րդ հոդվածով ամրագրված ընտրելու և ընտրվելու իրավունքը, ի թիվս այլ սահմանադրական իրավունքների, կարող է սահմանափակվել միայն` եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

9. Սահմանադրության 38-րդ հոդվածով սահմանված` խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, Սահմանադրության 45-րդ հոդվածի համապատասխան, կարող է սահմանափակվել միայն ժամանակավորապես` ռազմական դրության կամ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում, իսկ Սահմանադրության 39-րդ հոդվածով սահմանված իրավունքը որևէ սահմանափակման ենթակա չէ:

10. Ընտրական օրենսգրքի 55 և 56-րդ հոդվածներից բխում է, որ քվեարկությանը մասնակցել, այսինքն` ընտրելու իրավունքն իրացնել կարող են միայն ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիները: Հետևաբար, ընտրական ցուցակներում ընդգրկվելու` քաղաքացու իրավունքի ճանաչումն ունի սահմանադրական նշանակություն, քանի որ այն անհրաժեշտ է ազատ ընտրությունների միջոցով ժողովրդաիշխանության իրականացման, ընդհանուր ընտրությունների անցկացման և ընտրական իրավունքի իրացման համար, բացի դրանից, Սահմանադրության 16-րդ հոդվածը, որը սահմանում է, որ բոլորը հավասար են օրենքի առջև, վերաբերում է նաև ընտրական իրավունքին:

Համաձայն ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի` ընտրական ցուցակներում «պարտադիր կարգով ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող, տվյալ համայնքում հաշվառված բոլոր քաղաքացիները ...»: Այսինքն` տվյալ համայնքից կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող ցանկացած ընտրող, որը հաշվառված է այդ համայնքում, իրավունք ունի ակնկալելու, մինչև ընտրությունների օրը կամ ընտրությունների օրը վերադառնալով իր հաշվառման վայրի ընտրական տեղամաս` անարգել իրականացնելու իր ընտրական իրավունքը:

Ընտրական ցուցակներում մինչև քվեարկությանը նախորդող երկու օրը ընդգրկված չլինելու հիմքով քաղաքացու ընտրելու իրավունքի իրացմանը խոչընդոտելը և այդ կարգով ակտիվ ընտրական իրավունքը սահմանափակելն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի հետ, որն սպառիչ կերպով սահմանում է այն անձանց շրջանակը, ում ընտրելու իրավունքը կարող է սահմանափակվել: Տվյալ դեպքում առկա չեն նաև Սահմանադրության 44-րդ հոդվածում թվարկված այն արժեքները, որոնց պաշտպանության նկատառումներով մարդու և քաղաքացու իրավունքը կարող է սահմանափակվել, նկատի ունենալով, որ նման սահմանափակման պարագայում ոչ թե կբացառվեն հնարավոր ընտրախախտումները, այլև դրանք կարող են առավել ծավալվել:

11. Համընդհանուր և հավասար ընտրական իրավունքը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21-րդ, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի արձանագրության 3-րդ հոդվածներով:

Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածը սահմանում է, որ այդ իրավունքը չի կարող ենթարկվել անհիմն սահմանափակումների:

12. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք, ում կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 153-րդ և 154-րդ հոդվածներից բխում է, որ խախտված ընտրական իրավունքի վերականգնման համար քաղաքացին կարող է քաղաքացիական գործեր քննող դատարան դիմել ընդհուպ ընտրությունների օրը, և այդ օրը ստացված դիմումը քննվում է անհապաղ: Ընտրական օրենսգրքի վիճարկվող նորմը` բացառելով նման դեպքերում դատարանի վճռով ընտրական ցուցակում փոփոխություն կատարելու հնարավորությունը, ոչ միայն կարող է ստեղծել հակասական իրավակիրառական պրակտիկա, այլև իրավունքի պաշտպանության այդ միջոցը դարձնում է անարդյունավետ:

Ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածը` հնարավոր համարելով ցուցակում ընդգրկված անձին ցուցակից հանելը, քվեարկությանը նախորդող երկու օրվա ժամկետի վերջում ցուցակից հանված անձանց համար, փաստորեն, բացառում է համապատասխան մարմնի այդ գործողությունը վիճարկելու հնարավորությունը:

13. Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընտրողների ցուցակները կազմում և վարում են համայնքների ղեկավարները` իրենց պատվիրակված լիազորությունների ուժով: Համայնքի ղեկավարի անփութության կամ որևէ այլ պատճառով ընտրողների ցուցակում ընտրողին չընդգրկելու կամ նրան այլ անվան տակ ընդգրկելու դեպքում քաղաքացին պետք է հնարավորություն ունենա հասնելու ընտրական ցուցակների անճշտությունների վերացմանը, որպեսզի կարողանա մասնակցել ընտրություններին: Ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի վիճարկվող դրույթը քաղաքացիներին զրկում է քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը վարչական կամ դատական կարգով ընտրական ցուցակների անճշտությունների վերացմանը հասնելու, հետևաբար` նաև իր ընտրելու իրավունքն անխափան իրացնելու հնարավորությունից:

Ըստ էության, համայնքի ղեկավարի անփութության կամ հնարավոր դիտավորության հետևանքները կրում է ընտրողը, որը որևէ առնչություն չի ունեցել դրանց պատճառների հետ, և եթե ընտրական ցուցակի անճշտությունը նրան հայտնի է դառնում քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում կամ հենց քվեարկության օրը, ապա միայն բացառիկ դեպքերում է, որ նա վերստին հնարավորություն կստանա նույն ընտրությունների շրջանակում արտահայտել իր կամքը: Սակայն, նույնիսկ այդպիսի դեպքերում նա չի կարող անձամբ հասնել իր իրավունքի վերականգնմանը, այլ կախված է առաջադրված թեկնածուների` ընտրությունների արդյունքները վիճարկելու ցանկությունից: Հաշվի առնելով ընտրողների ցուցակների առանցքային նշանակությունն ընտրելու իրավունքի իրականացման համար` չափազանց կարևոր է, որ մինչև քվեարկության ավարտն ընտրողը հնարավորություն ունենա վիճարկել դրանց անճշտությունները:

Եթե ընտրական ցուցակներում անճշտությունները վարչական կարգով վիճարկելու հնարավորության սահմանափակումը կարող է իրավաչափ համարվել ընտրությունների պատշաճ կազմակերպման նկատառումներից ելնելով, ապա այդ անճշտությունները դատական կարգով վիճարկելու հնարավորության սահմանափակումն անընդունելի է, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքին: Այդ իրավունքի սահմանափակման հնարավորության մասին ՀՀ սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 8-րդ կետի և 93-րդ հոդվածի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 և 39-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 1998 թ. նոյեմբերի 13-ին կայացրած որոշմամբ: Համաձայն այդ իրավական դիրքորոշման` «ելնելով միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից, առաջնային համարելով մարդու անօտարելի իրավունքները և հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի 2-րդ մասը, առանց բացառության, ամրագրում է յուրաքանչյուր մարդու` Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը, ՀՀ Սահմանադրությունն այդ իրավունքի սահմանափակման հնարավորություն է նախատեսել միայն Սահմանադրության 45 հոդվածի հիմքերով»: Այս դիրքորոշումը ՀՀ Ազգային ժողովի կողմից` վիճարկվող դրույթն ընդունելիս հաշվի չի առնվել:

14. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի առաջին մասի հիման վրա ուսումնասիրելով իրավակիրառական պրակտիկան` սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Ազգային ժողովի 1999 թ. մայիսի 30-ի ընտրությունների ընթացքում ՀՀ առաջին ատյանի դատարաններում բավարարվել է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ 8595 հայց, և ընտրողների ցուցակներում ընդգրկվել են դատարան դիմած և դրա իրավունքն ունեցող բոլոր քաղաքացիները` 22157 ընտրող: Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 1999 թ. մայիսի 30-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին գործով 1999 թ. հունիսի 28-ին կայացրած որոշման մեջ ընտրական ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ արտահայտելով իրավական դիրքորոշում, նշել է, որ «ՀՀ ընտրական օրենսգրքի 14 և 40 հոդվածները քաղաքացու ընտրելու սահմանադրական իրավունքի պաշտպանության օրենսդրական երաշխիք են, և քաղաքացիներն իրենց իրավունքը վերականգնելու հնարավորություն են ունեցել նաև քվեարկության օրը»: Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը ևս օրենսդրի կողմից հաշվի չի առնվել:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 55, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Ազգային ժողովի կողմից 1999 թվականի փետրվարի 5-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (Ազգային ժողովի կողմից 2002 թ. հուլիսի 3-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խմբագրությամբ) 14-րդ հոդվածի 3-րդ կետի «այդ թվում` դատարանի վճռով» արտահայտությունն այնքանով, որքանով սահմանափակում է խախտված իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի 2-րդ մասին, դրանով իսկ անհամապատասխանություն առաջացնելով նաև ՀՀ Սահմանադրության 1, 2, 3, 4 և 27-րդ հոդվածների հետ և Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավաբանական ուժ չունի:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


1 հոկտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-389