ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
16 դեկտեմբերի 1997 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանի,
ներկայությամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը 1997 թվականին պետական վարկի տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` հիշյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Մուրադյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է Մոսկվայում` 1997 թվականի օգոստոսի 29-ին:
Համաձայնագրով նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 249 մլրդ ռուբլու չափով վարկի տրամադրում` միջև 2010 թվականի դեկտեմբերի 1-ը:
Պետական վարկն իրացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների միջոցով` այն բաշխելով ըստ նպատակային նշանակության, սույն համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածի համաձայն:
Համաձայնագրում և հավելվածում սահմանված են վարկի գումարը մարելու, տոկոսավճարը հաշվարկելու կարգն ու ժամկետները, վարկի տրամադրման նախապայմանները և Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները կանոնակարգող դրույթներ: «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի հիման վրա ուսումնասիրվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996 թվականի պետական վարկի մասին համանման համաձայնագրի իրավակիրառական պրակտիկան: Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ հիշյալ համաձայնագիրն իրականացվում է սահմանված պայմաններին համապատասխան:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը 1997 թվականի պետական վարկի տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|