Գլխավոր տեղեկություն
Համար
N 169-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2025
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
01.05.2025
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«01» մայիս 2025 թ.

N 169-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2020 թվականի մայիսի 5-ի «Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին» N 128-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՆԱԽՔԱՆ ԽԱՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՄ ԽԱՂԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌԵԼԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) Հրամանի նախաբանում ««Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը և «Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի 8-րդ հոդվածը» բառերը փոխարինել «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը» բառերով.

3) Հրամանի 1-ին կետում «խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթն ստուգելու» բառերը փոխարինել «նախքան խաղային արտադրանքից օգտվելու կամ խաղին մասնակցելու հնարավորություն ընձեռելը կազմակերպչի կողմից անձի նույնականացման» բառերով.

4) Հրամանի Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի.

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։

 

2025-05-01

Վ. Հովհաննիսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարի

 2025 թվականի մայիսի 01-ի

N 169-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽՔԱՆ ԽԱՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՄ ԽԱՂԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌԵԼԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը կարգավորում է նախքան խաղային արտադրանքից օգտվելու կամ խաղին մասնակցելու հնարավորություն ընձեռելը կազմակերպչի կողմից անձի՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախատեսված սահմանափակումների և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված պահանջների կիրառման նպատակով նույնականացման հետ կապված հարաբերությունները:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված իմաստով:

3. Օպերատորն ապահովում է Օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված պահանջների ապահովման համար անհրաժեշտ բազաների առկայությունն իր մոնիտորինգային կենտրոնում և նշված սահմանափակումը կիրառելու համար քաղաքացիների նույնականացումը:

4. Օպերատորը ապահովում է կազմակերպիչների հասանելիությունը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությանը:

3. Կազմակերպիչն ապահովում է օպերատորի հետ համաձայնեցված ապարատածրագրային համակարգի առկայությունը քաղաքացիների՝ սույն հոդվածով նախատեսված մասնակցության սահմանափակում կիրառելու համար անձանց նույնականացման նպատակով:

4. Նույնականացումը իրականացվում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի ներկայությամբ՝ ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշման որոշմամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ Կազմակերպչի կողմից ապարատածրագրային համակարգի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Օպերատորին անձնական տվյալների փոխանցմամբ:

5. Խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձը Կազմակերպչի պահանջով ստուգման նպատակով վերջինիս առձեռն տրամադրում է անձը հաստատող փաստաթուղթը:

6. Համապատասխան նույնականացումը իրականացնելուց հետո Կազմակերպիչը խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձին է վերադարձնում անձը հաստատող փաստաթուղթը:

7. Խաղային ինտերակտիվ հարթակի միջոցով խաղային արտադրանքից օգտվելու կամ խաղին մասնակցելու դեպքում Նույնականացումը իրականացվում է «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն հիման վրա՝ ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի նույնականացումն իրականացվում է Կազմակերպչի կողմից ապարատածրագրային համակարգի միջոցով Օպերատորին անձնական տվյալների փոխանցմամբ:

8. Նույնականացման արդյունքներով անձի համար սահմանափակումների բացակայության դեպքում նա ստանում է խաղային արտադրանքից օգտվելու կամ խաղին մասնակցելու թույլտվություն և հաշվառվում կազմակերպչի կողմից որպես խաղացող, իսկ անձի համար սահմանափակումների առկայության դեպքում մերժվում է խաղային արտադրանքներից օգտվելու կամ խաղին մասնակցելու հնարավորությունը:

9. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նույնականացման քարտ կամ էլեկտրոնային ստորագրություն չունենալու դեպքում, ֆիզիկական անձինք «խաղային ինտերակտիվ հարթակի միջոցով խաղային արտադրանքից օգտվելու կամ խաղին մասնակցելու նպատակով պետք է մեկ անգամ այցելեն Կազմակերպչի համապատասխան խաղասրահ՝ սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգով նույնականացում անցնելու նպատակով:

10. Օտարերկրյա (ոչ ռեզիդենտ) քաղաքացիների համար Կազմակերպիչն ինքնության ստուգումն (նույնականացում) իրականացվում է Կազմակերպչին էլեկտրոնային հաղորդակցության համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցմամբ, եթե դա չի հակասում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2025 թվական: