ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 1991 թվականի N 284
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի կոմունիստական կուսակցության և նախկին Հայաստանի Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության ունեցվածքը ազգայնացնելու մասին» որոշմանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հանձնարարել ժողովրդական պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին`
ա) մինչև 1991 թվականի ապրիլի 22-ը ստեղծել Հայաստանի կոմկուսի և ՀԵՄի ունեցվածքի ի պահ ընդունման հանձնաժողովներ` գործկոմների նախագահների գլխավորությամբ.
բ) հանձնարարել նշված հանձնաժողովներին` 1991 թվականի ապրիլի 22-ից սկսել և մեկշաբաթյա ժամկետում ավարտել Հայաստանի կոմկուսի և ՀԵՄի ամբողջ ունեցվածքի ի պահ ընդունումը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`
ապահովել ունեցվածքի պահպանությունը նրա ընդունման ժամանակաընթացքում, ինչպես նաև ընդունումից հետո:
2. Առաջարկել Հայաստանի կոմկուսի կենտկոմին և ՀԵՄի նախագահությանը` 1991 թվականի ապրիլի 22-ից սկսած մեկշաբաթյա ժամկետում ժողովրդական պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների հանձնաժողովներին ի պահ հանձնել Հայաստանի կոմկուսի և ՀԵՄի ամբողջ ունեցվածքը:
3. Հանձնարարել ժողովրդական պատգամավորների Երևանի, Լենինականի և Կիրովականի քաղաքային խորհուրդների գործկոմներին` Հայաստանի կոմկուսի գործունեությունը շարունակելու համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ: Երքաղխորհրդի գործկոմին` պայմաններ ստեղծել նաև ՀԵՄի գործունեության համար Երևան քաղաքում:
4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 18-ի N 23 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովին` ամփոփել ժողովրդական պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործկոմներից ստացված Հայաստանի կոմկուսի և ՀԵՄի ունեցվածքի ընդունման վերաբերյալ նյութերը և ներկայացնել դրանք Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ:
5. Հայաստանի կոմկուսի կենտկոմին, ՀԵՄի նախագահությանը և Հայաստանի Հանրապետության բանկերին` չկատարել ծախսերի գծով գործառնություններ Հայաստանի կոմկուսի ու ՀԵՄի հաշիվներից, բացի կոմկուսի կենտկոմի հրատարակչությունից և տպարանից, մինչև Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի լրացուցիչ ցուցումը:
(5-րդ կետն ուժը կորցրել է 08.05.91 թիվ 332 որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |