Գլխավոր տեղեկություն
Համար
N 632
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.12.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
21.12.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 1992 թվականի N 632

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով հանրապետությունում վերջին տարիներին նկատվող տուբերկուլոզ հիվանդության աճը և այդ ոլորտում աշխատողների սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` երեքամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հակատուբերկուլոզային միջոցառումների ազգային ծրագիր:

2. Տուբերկուլոզային (հակատուբերկուլոզային) բուժկանխարգելիչ հիմնարկների, առողջարանների, կաբինետների և այլ ստորաբաժանումների աշխատողների ամենամյա արձակուրդը սահմանել 30 աշխատանքային օր, իսկ աշխատաժամանակի տևողությունը` օրական 5 ժամ:

3. Տուբերկուլոզային (հակատուբերկուլոզային) բուժկանխարգելիչ հիմնարկների, առողջարանների, կաբինետների և այլ ստորաբաժանումների բուժաշխատողների աշխատավարձը բարձրացնել 50 տոկոսով, իսկ սպասարկող անձնակազմի աշխատավարձը` 40 տոկոսով: 

Նշված աշխատավարձի չափի բարձրացումը տարածել նաև պոլիկլինիկաների ֆլյուորոգրաֆիկ կաբինետների բուժաշխատողների վրա: 

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել լրացուցիչ միջոցներ` Աբովյան քաղաքում գտնվող հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի այլ բնակավայրերում բնակվող աշխատողների ուղեվարձի փոխհատուցման համար:

5. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը` ձեռք առնել անհրաժեշտ միջոցներ ՀՀ առողջապահության նախարարության Դիլիջանի հակատուբերկուլոզային առողջարանը մինչև 1993 թվականի ապրիլի 1-ը փախստականներից ազատելու համար:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մինչև 1993 թվականի մայիսի 30-ը Դիլիջանի հակատուբերկուլոզային առողջարանում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ:

7. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` ձեռնարկել միջոցներ ավարտելու Աբովյան քաղաքում գտնվող հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի վերանորոգման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ