Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-580
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1928 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

7 հունիսի 2005 թ.


 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1928 թվականի հունիսի 16-ին Ժնևում ստորագրված` Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1928 թ. հունիսի 16-ին Ժնևում` նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի բնույթի, ձևի և դրա իրականացման մեթոդների հետ կապված հարցերի կարգավորման համար իրավական հիմք ստեղծելու նպատակով:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1930 թ. հունիսի 14-ին:

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- ստեղծել կամ հաստատել ընթացակարգ, որով կարող են սահմանվել այն որոշ մասնագիտություններում կամ դրանց ճյուղերում ներգրավված աշխատողների աշխատավարձի նվազագույն դրույքաչափերը, որտեղ գոյություն չունի հավաքական պայմանագրով կամ այլ մեխանիզմով հաստատված աշխատավարձի կարգավորման ընթացակարգ, և որտեղ աշխատավարձերն առանձնապես ցածր են,

- նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի բնույթը, ձևը և դրա իրականացման մեթոդները որոշելու իրավունքն իրականացնել` հաշվի առնելով կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները,

- վերահսկողության և պատժամիջոցների համակարգի միջոցով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել աշխատավարձի գործող նվազագույն դրույքաչափերի մասին շահագրգիռ գործատուների և աշխատողների իրազեկվածությունն ապահովելու և աշխատավարձերի կիրառելի դրույքաչափերից ավելի ցածր վճարումը թույլ չտալու համար:

Որպես նվազագույն աշխատավարձի իրավունքի պաշտպանության երաշխիք է հանդիսանում չվճարված աշխատավարձը դատական կարգով ստանալու շահագրգիռ անձի իրավունքը:

3. Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միանում է հայտարարությամբ, որով ծանուցում է, որ ՀՀ-ում աշխատավարձի ամսական և ժամավճարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով:

4. Կոնվենցիայով ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 1 և 29 հոդվածներում ամրագրված դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1928 թ. հունիսի 16-ին Ժնևում ստորագրված` Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


7 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ-580