Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-167
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.1999

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան

28 հունիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Է. Եգորյանի, նրա ներկայացուցիչներ Ա. Խոջոյանի և Վ. Մկրտչյանի,

պատասխանող կողմի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ` Վ. Մխիթարյանի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Ա. Սարգսյանի և Հ. Աբրահամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի և 57 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 1999 թվականի մայիսի 30-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Էդուարդ Եգորյանի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, կողմերի ներկայացուցիչների բացատրությունները և հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 1999 թվականի հունիսի 4-ին հիմք ընդունելով մարզային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալները, ամփոփել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 1999 թվականի մայիսի 30-ի ընտրությունների արդյունքները: Համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական դատարան ներկայացված թիվ 3 ամփոփիչ արձանագրության, ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով քվեաթերթիկներում ընդգրկված 21 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը կազմել է 1.057.932. որը բաշխվել է հետևյալ կերպ. «Ազատ Հայք առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն` 6526 ձայն (0.61%), «Ազատություն» կուսակցություն` 11076 ձայն (1.03%), Ազգային ժողովրդավարական միություն հասարակական-քաղաքական կազմակերպություն` 55620 (5.17%), «Ազգային պետություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն` 5785 ձայն (0.54%), «ԱԻՄ+» դաշինք` 24681 ձայն (2.29%), «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն` 8122 ձայն (0.76%), «Արժանապատիվ ապագա» հասարակական-քաղաքական կազմակերպություն` 35190 ձայն (3.27%), «Իրավունք և միաբանություն» դաշինք` 85736 ձայն (7.97%), «Կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների միություն» դաշինք` 26823 ձայն (2.49%), Հայաստանի դեմոկրատական կուսակցություն` 10621 ձայն (0.99%), Հայաստանի երիտասարդական կուսակցություն` 5675 ձայն (0.53%), Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 130161 ձայն (12.1%), Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն` 7374 ձայն (0.69%), Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն` 84232 ձայն (7.83%), Հայոց համազգային շարժում կուսակցություն` 12540 ձայն (1.17%), «Հայրենիք» դաշինք` 13293 ձայն 1.24%), «Հզոր հայրենիք» կուսակցություն` 24896 ձայն (2.31%), «Միասնություն» դաշինք` 448133 ձայն (41.67%), «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպություն` 2053 ձայն (0.19%), «Սոցիալական ուժերի և մտավորականների միություն» դաշինք` 2588 ձայն (0.24%), «Օրինաց երկիր» կուսակցություն` 56807 ձայն (5.28%): Բոլոր կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը կազմել է 23314, իսկ անճշտությունների թիվը` 17625:

Հիմք ընդունելով ընտրությունների նշված արդյունքները, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 1999 թվականի հունիսի 4-ի որոշմամբ (արձ. 31, կետ 2) ՀՀ ընտրական օրենսգրքի 95 հոդվածով ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգի համար նախատեսված 56 մանդատից 29-ը հատկացրել է «Միասնություն» դաշինքին, 8-ը` Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, 6-ը` «Իրավունք և միաբանություն» դաշինքին, 5-ը` Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը, 4-ը` «Օրինաց երկիր» կուսակցությանը և 4-ը` Ազգային ժողովրդավարական միություն հասարակական-քաղաքական կազմակերպությանը:

2. ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններում «Հայրենիք» դաշինքի ցուցակում ներառված պատգամավորության թեկնածու Է. Եգորյանը, դիմելով սահմանադրական դատարան, խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 1999 թվականի մայիսի 30-ի ընտրությունները: Նա պատճառաբանում է, որ ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման փուլերում տեղի են ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք էականորեն ազդել են համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վրա: Դիմող կողմն այդպիսի օրինախախտումներ է համարում ՀՀ ընտրական օրենսգրքի 12 հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում ընտրողների ցուցակների վերջնական օրինակները տեղամասային կենտրոններում չփակցնելու փաստերը, իրենց վստահված անձանց դիտարկումների համաձայն ընտրական ցուցակների վարման հետ կապված թերացումների պատճառով ավելի քան 200 հազար քաղաքացիների ընտրությանը չմասնակցելը, նույն օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետին համապատասխան ստուգումներ կատարելու մասին իրենց պահանջները Երևանի քաղաքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների կողմից անհետևանք թողնելը, մի շարք տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների` ՀՀ ընտրական օրենսգրքի 61 հոդվածին համապատասխան կազմված չլինելը: Դիմումում հիմնական շեշտադրումը կատարվում է այն հանգամանքի վրա, որ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունում նշված անճշտությունների չափը ճիշտ չէ և այն կազմում է ոչ թե 18671, այլ` 166468:

Նշված օրինախախտումների առկայությունը հիմնավորելու համար դիմող կողմը ներկայացրել է անճշտությունների չափի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների 1479 արձանագրությունների պատճեններ, որոնցից 84-ը կրկնվում են, ինչպես նաև Երևանի քաղաքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովներին ուղղված դիմում-բողոքների պատճենները: Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների ներկայացված պատճենները ՀՀ ընտրական օրենսգրքի 61 հոդվածի 7-րդ կետի պահանջներին համապատասխան վավերացված չեն:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, առարկելով դիմողին, պատճառաբանում են, որ ընտրողների ցուցակներն օրենքով սահմանված ժամկետում փակցված չլինելու վերաբերյալ մինչև քվեարկության օրը գանգատներ չեն եղել, և այդպիսի խախտումների փաստեր, եթե անգամ եղել են, ընտրությունների արդյունքների վրա ազդել չէին կարող: Ինչ վերաբերում է դիմողի մնացած փաստարկներին, ապա պատասխանող կողմը գտնում է, որ ընտրական տեղամասերում արձանագրությունները կազմվել են օրենքի պահանջներին համապատասխան, իսկ անճշտությունների չափը համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք չէ և հաշվի է առնվում միայն մանդատները բաշխելիս:

4. Գործը քննության նախապատրաստելու ընթացքում սահմանադրական դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել և ստացել է ՀՀ ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, այդ արձանագրության հիմքերը (մարզային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները), ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություների արդյունքների վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքների պատճենները և տեղեկանք` դրանց ընթացք տալու վերաբերյալ, ինչպես նաև դիմող կողմի մատնանշած մի շարք տեղամասերի` համամասնական ընտրակարգով ընտրությունների ամփոփիչ և անճշտությունների չափի մասին արձանագրություններ:

5. ՀՀ Սահմանադրության 2 և 27 հոդվածներին համապատասխան ընտրությունները հանդիսանում են ժողովրդի կողմից իր իշխանությունն իրականացնելու և տասնութ տարին լրացած քաղաքացիներին վերապահված` անմիջականորեն կամ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունքի իրացման միջոց: Ընտրությունների սահմանադրական նպատակը պահպանելու անհրաժեշտությունը պահանջում է ընտրություններն անվավեր ճանաչել, երբ առկա է հստակ, առարկայական և կոնկրետ վեճ: Դիմող կողմն ընտրությունների արդյունքների նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտում է ընդհանրական ձևով` հարցի քննությունը կտրելով մանդատների բաշխմանը «Հայրենիք» դաշինքի մասնակցության հնարավորության իրավական հիմքերից:

6. Դիմումատուի պնդմամբ ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում փակցվել են քվեարկության նախորդ օրը և «բազմահազար ընտրողներ» զրկվել են դատական կարգով իրենց ընտրական իրավունքը վերականգնելու հնարավորությունից: Դիմող կողմը ենթադրում է, որ նրանց թիվը 200000-ից ավելին է: Այդ փաստարկները հիմնավորելու համար վկայակոչվում են «Հայրենիք» դաշինքի վստահված անձանց «դիտարկումները», որոնց իրավական հիմքերն առկա չեն:

ՀՀ ընտրական օրենսգրքի 14 և 40 հոդվածները քաղաքացու ընտրելու սահմանադրական իրավունքի պաշտպանության օրենսդրական երաշխիք են, և քաղաքացիներն իրենց իրավունքը վերականգնելու հնարավորություն են ունեցել նաև քվեարկության օրը: Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության 14.06.1999 թ. տեղեկանքի` առաջին ատյանի դատարաններում բավարարվել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ 8595 հայց և ընտրողների ցուցակներում ընդգրկվել են դատարան դիմած և դրա իրավունքն ունեցող բոլոր քաղաքացիները` 22157 ընտրող: Միաժամանակ, ակնհայտ է նաև, որ զգալի թվով քաղաքացիների ընտրական իրավունքն ազատ իրականացնելու դժվարություններ են առաջացել:

7. Այն հանգամանքը, որ Երևանի քաղաքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովներն անհետևանք են թողել ստուգումներ կատարելու վերաբերյալ դիմող կողմի պահանջները, չի կարող ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ, քանի որ, նախ, դիմողի կողմից այդպիսի պահանջ ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում քաղաքային հանձնաժողով չի ներկայացվել, այլ միայն 1999 թվականի հունիսի 2-ին մուտքագրվել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն այդպիսի լիազորությամբ օժտված չէ, և երկրորդ, հիմնավորված չէ նման օրինախախտման ազդեցությունն ընտրության արդյունքների վրա:

8. Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք չէ նաև դիմումատուի փաստարկը` ընտրական հանձնաժողովների յոթից պակաս անդամների ստորագրություններով արձանագրություններն անօրինական համարելու մասին, քանի որ ՀՀ ընտրական օրենսգրքի 39 հոդվածի 7-րդ կետին համապատասխան քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Ըստ դիմող կողմի` այդ արձանագրություններից պատշաճ կերպով կազմված են 1266-ը, որոնցում, դիմումատուի տվյալների համաձայն անճշտությունների չափը կազմում է 41579, իսկ անճշտությունների չափի վերաբերյալ ներկայացված արձանագրություններից 118-ը ընտրական օրենսգրքի խախտմամբ լրացված արձանագրություններ են, որոնցից 66-ը կնքված չեն տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով, 41-ը ստորագրված են հանձնաժողովի 7-ից պակաս անդամների կողմից և 11-ում բացակայում են անհրաժեշտ տվյալները: Այս բոլոր ընտրատարածքների ընտրողների թիվը դիմումատուն հավելում է անճշտությունների ընդհանուր թվին:

Անճշտությունների չափի որոշումը հստակ կանոնակարգված է ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի 4-րդ կետում և ցանկացած այլ մոտեցում օրինական չէ:

Միաժամանակ ՀՀ ընտրական օրենսգիրքն անճշտությունների վերաբերյալ արձանագրությունները կնքելու պահանջ չի նախատեսում: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի 5-րդ կետի` տեղամասում, հանձնաժողովի նիստին ներկա անդամների ստորագրությամբ, կազմվում է անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրություն:

9. ՀՀ ընտրական օրենսգրքի 115 հոդվածի 7-րդ կետի համաձայն անճշտությունների չափը չի կարող հիմք հանդիսանալ համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն անճշտությունների չափը նշանակություն է ունենում մանդատները բաշխելիս, 5 տոկոսի սահմանագիծը հաշվարկելիս, եթե այդ թիվն ավելին է, քան արձանագրությունում նշված թիվը, ապա, միևնույն է, դրանից ցածր տոկոս ձայներ ստացած կուսակցության ձայների տոկոսը ոչ թե ավելանում, այլ նվազում է:

Այսուհանդերձ, սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով պատասխանող կողմի ներկայացրած բոլոր նյութերը, դիմող կողմի կոնկրետ հարցադրումներն արձանագրություններում թույլ տրված ջնջումների, սխալ հաշվարկների և թերի լրացումների վերաբերյալ, գտնում է, որ առանձին մարզային ընտրական հանձնաժողովների (մասնավորապես, Երևան, Կոտայք, Գեղարքունիք) կողմից տեղամասային արդյունքներն անճշտությունների թվի վերաբերյալ սխալ են հաշվարկվել և դա արտացոլվել է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության մեջ:

Նման հանգամանքը նկատի ունենալով, սահմանադրական դատարանն անճշտությունների վերաբերյալ տեղամասային և մարզային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների հիմքերի գնահատման արդյունքում հանգեց այն հետևությանը, որ տեղ գտած հաշվարկային սխալներն ընտրությունների արդյունքների և մանդատների բաշխման գործընթացից «Հայրենիք» դաշինքի դուրս մնալու հանգամանքի վրա էական ազդեցություն չեն ունեցել:

10. Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղ են գտել մի շարք օրինախախտումներ և օրենքով նախատեսված լիազորությունների ոչ պատշաճ կատարման փաստեր: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության կառավարությունը թերացել է ընտրությունների կազմակերպման և անցկացման գործում` պետության գործադիր իշխանությանը վերաբերող մասով, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներն ամբողջությամբ կատարելու հարցում: ՀՀ ընտրական օրենսգրքի 1 հոդվածի 4-րդ կետով պետությունը պատասխանատվություն է կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և ընտրությունների օրինականության համար: ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է գործադիր իշխանության անմիջական մասնակցությունն ընտրությունների կազմակերպմանը և անցկացմանը: ՀՀ ընտրական օրենսգրքի 35, 36, 37 հոդվածներով նախատեսված հանձնաժողովների կազմում նշանակված են կառավարության ներկայացուցիչներ և հանձնաժողովների գերակշիռ մասում նախագահ, տեղակալ և քարտուղար են ընտրվել կառավարության ներկայացուցիչները: Բացի դրանից, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 9 հոդվածի 4-րդ կետի` ընտրողների ցուցակները կազմում և վարում են համայնքների ղեկավարները: Եվ նկատի ունենալով, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 11 հոդվածով նախատեսված կարգով «Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջն ստորագրում և կնքում է համայնքի ղեկավարը», այդ իրավասության հստակ կատարումը պատշաճ ձևով չի վերահսկվել ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների կողմից:

Ավելին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 298 գրությամբ (23.06.1999 թ.) սահմանադրական դատարանին տեղեկացնում է, որ ընտրողների ցուցակների վարման և կազմման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովին ֆինանսական միջոցներ չեն հատկացվել, չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ հարցով թիվ 68 գրությամբ (05.06.1999 թ.) դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Կառավարության 1999 թվականի մարտի 30-ի թիվ 186 որոշմանը կից նախահաշվից հետևում է, որ 2 մլն 243 հազար 200 դրամ նախատեսված է եղել միայն ընտրողների ցուցակների ձևերի տպագրության համար:

Գործի քննության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ընտրությունների պատշաճ կազմակերպման և անցկացման վրա բացասաբար են անդրադարձել.

- Ազգային ժողովի կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի ուշ ընդունումը և դրա դրույթների պարզաբանման աշխատանքների ոչ բավարար կազմակերպումը,

- ՀՀ ընտրական օրենսգրքում տեղ գտած թերություններն ու ոչ իրատեսական լուծումները: Մասնավորապես, դա վերաբերում է ընտրական ցուցակների կազմման և վարման կարգին, հանձնաժողովների ձևավորման կարգին ու ժամկետներին, դրանց թվին, ծանրաբեռնվածությանը (հատկապես Երևանում), որոշումների ընդունման և արձանագրությունների կազմման կարգին, դիմում-բողոքների ուսումնասիրման կարգին և ժամկետներին,

- պատգամավորության թեկնածուների, նրանց վստահված անձանց կողմից ներկայացված դիմում-բողոքների քննարկման հարցում տեղ գտած թերացումները, ինչպես նաև ընտրական օրենսգրքի 61 հոդվածի 8-րդ կետի պահանջի ոչ պատշաճ կատարումը,

- հանձնաժողովների հետ տարված նախապատրաստական ոչ բավարար աշխատանքը, որի վկայությունն են արձանագրություններում տեղ գտած սխալներն ու բացթողումները,

- ոչ բավարար աշխատանքը բնակչության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ և այլն:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ դիմումատուի կողմից բերված փաստարկները կարևոր նշանակություն ունենալով Հայաստանում ընտրական համակարգի թերությունները բացահայտելու և հաղթահարելու գործում, օրենսդրությամբ սահմանված կարգով բավարար հիմնավորված չեն և չեն կարող հիմք ծառայել համամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Էդուարդ Եգորյանի պահանջը` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու մասին, մերժել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


28 հունիսի 1999 թվականի
ՍԴՈ-167

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան