ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
18 մարտի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հունվարի 28-ին Հռոմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև ծրագրի փոխառության համաձայնագրում (Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2005 թ. հունվարի 28-ին` Հռոմում: Ըստ համաձայնագրի` Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է տասը միլիոն չորս հարյուր հիսուն հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (10450000 SDR) գումար` Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում` փոքր և միջին գյուղատնտեսական և գյուղական ձեռնարկությունների առկա ու պոտենցիալ սեփականատերերին և աշխատողներին, ինչպես նաև աղքատ ֆերմերներին և, մասնավորապես` գյուղի կանանց աջակցելու նպատակով:
2. Ըստ համաձայնագրի` փոխառության արտարժույթով գումարը պետք է վերադարձնել կիսամյակային մասնաբաժիններով` սկսած 2015 թվականից մինչև 2044 թվականը, ինչպես նաև Հիմնադրամին պետք է վճարել սպասարկման վճար` տարեկան փոխառության օգտագործված գումարի 0,75 տոկոսի չափով:
3. Փոխառությամբ ֆինանսավորվող ծրագրի խնդիրն է նպաստել գյուղական ձեռնարկատիրության կայուն աճին, աջակցել բիզնես-ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանցի զարգացմանը, ինչպես նաև փոքր և միջին ենթակառուցվածքների բարեփոխման համար դրամաշնորհների տրամադրմանը, օժանդակել ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակին:
4. Համաձայնագիրը սահմանում է ծրագրի իրականացման, վերահսկման կարգն ու պայմանները, ինչպես նաև յուրաքանչյուր փուլում նախատեսում անկախ հաշվեքննություն:
Համաձայնագրի հավելվածն են կազմում Հիմնադրամի` 1998 թ. դեկտեմբերի 2-ի` Գյուղատնտեսության զարգացման ֆինանսավորման ընդհանուր դրույթները, որոնց նկատմամբ համաձայնագրի դրույթներն ունեն գերակայող ուժ: Համաձայնագիրն ունի թվով 5 հավելված:
5. Համաձայնագրի հավելված 1-ի Ա ենթաբաժնի 4-րդ կետի «բ» ենթակետով նախատեսվում է, որ Գյուղական ֆինանսավորման կառույցի (ԳՖԿ) և մասնակից ֆինանսական կազմակերպությունների (ՄՖԿ) միջև կնքվող համաձայնագրերը պետք է սահմանեն ինչպես տվյալ ենթակետով նախատեսված պայմանները, այնպես էլ «...այլ պայմաններ, ներառյալ այն դրույթները, որոնք կգործեն ՄՖԿ-ների սնանկության կամ լուծարման պարագայում, և որոնք գերակայություն կունենան երկրի յուրաքանչյուր օրենքի նկատմամբ»:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ԳՖԿ-ի և ՄՖԿ-ների միջև կնքվելիք համաձայնագրերը ներպետական իրավունքի սուբյեկտների միջև կնքվող քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրեր են, որոնք, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438 հոդվածի, պետք է համապատասխանեն դրանք կնքելու պահին գործող կանոններին: Այդ համաձայնագրերում կարող են ներառվել նաև քննության առարկա միջազգային համաձայնագրում ամրագրված դրույթներ, որոնք ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի համաձայն ներպետական օրենքների նկատմամբ գերակայություն կարող են ունենալ միայն միջազգային համաձայնագիրը սահմանված կարգով վավերացնելուց հետո: Հետևաբար, իրավակիրառական պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար պետք է նկատի ունենալ, որ քննության առարկա միջազգային համաձայնագրի հավելված 1-ի Ա ենթաբաժնի 4-րդ կետի «բ» ենթակետով նախատեսվող` «երկրի յուրաքանչյուր օրենքի նկատմամբ» գերակայություն ենթադրող դրույթը վերաբերում է միայն այն միջազգային պարտավորությունների շրջանակին, որոնք ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Ազգային ժողովի վավերացրած միջազգային սույն համաձայնագրով:
6. Հայաստանի Հանրապետությունը, որպես Փոխառու, Հիմնադրամի առջև պատասխանատվություն է կրում համաձայնագրով իրեն, ծրագրի ղեկավար գործակալությանը և ծրագրի մասնակիցներին վերապահված պարտավորությունների ճշգրիտ և ժամանակին կատարման համար: Փոխառուն պետք է փոխառության գումարներն օգտագործի միայն ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար` համաձայնագրի և Ընդհանուր դրույթների պահանջներին համապատասխան:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի հունվարի 28-ին Հռոմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև ծրագրի փոխառության համաձայնագրում (Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|