Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-513
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2005/ 1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ՎԱԼԵՏԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

24 սեպտեմբերի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սևյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1992 թվականի հունվարի 16-ին Վալետայում ստորագրված` Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիայում (վերանայված) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 1992 թ. հունվարի 16-ին Վալետայում` նպատակ ունենալով լրացնել 1969 թ. մայիսի 6-ին Լոնդոնում ստորագրված` Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված սկզբունքները, հաշվի առնելով եվրոպական երկրներում կառուցապատման քաղաքականության զարգացումը, և պահպանել եվրոպական ընդհանուր հիշողության աղբյուր հանդիսացող հնագիտական ժառանգությունը: Կոնվենցիան հիմք է հանդիսանում հնագիտական ժառանգության պահպանության բնագավառում համաեվրոպական համագործակցության համար:

Կոնվենցիան բաղկացած է նախաբանից և 18 հոդվածից:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1995 թ. մայիսի 25-ից: Այն Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2000 թ. մայիսի 26-ին:

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները .

- ստեղծել հնագիտական ժառանգության պահպանության համար իրավական համակարգ. այս պարտավորությունը ներառում է հնագիտական ժառանգության գույքացուցակի վարում և հուշարձանների կամ պահպանվող գոտիների դասակարգում, հնագիտական արգելանոցների հիմնում, հնագիտական ժառանգության տարրեր գտնողի` իրավասու մարմիններին դրա մասին հայտնելու պարտավորության նախատեսում,

- հնագիտական ժառանգության պահպանության և հնագիտական հետազոտական աշխատանքների գիտական նշանակությունը երաշխավորելու նպատակով ձեռնարկել կոնվենցիայի 3 հոդվածով նախատեսված քայլերը,

- գործի դնել հնագիտական ժառանգության ֆիզիկական պաշտպանության միջոցներ,

- ձեռնարկել հնագիտական ժառանգության ամբողջական պահպանմանն ուղղված` կոնվենցիայի 5 հոդվածով նախատեսված քայլերը,

- ֆինանսական աջակցություն նախատեսել հնագիտական հետազոտությունների համար, ավելացնել կանխարգելիչ հնագիտության նյութական միջոցները,

- դյուրացնել գիտական տեղեկատվության հավաքման ու տարածման գործընթացը,

- խթանել հասարակության իրազեկությունը` հնագիտական ժառանգության արժեքի վերաբերյալ գիտակցական վերաբերմունք ձևավորելու ու զարգացնելու նպատակով,

- ի կատարումն հնագիտական ժառանգության տարրերի անօրինական շրջանառությունը կանխարգելելու պարտավորության` ձեռնարկել կոնվենցիայի 10 հոդվածով նախատեսված միջոցառումները, այդ թվում` հնարավորինս կրճատել ապօրինի պեղումները, ինչպես նաև ապօրինի և պաշտոնական պեղումների ընթացքում հափշտակված հնագիտական ժառանգության առարկաների անվերահսկելի տեղաշարժը,

- մյուս Պայմանավորվող կողմերին փոխադարձաբար տրամադրել գիտական և տեխնիկական աջակցություն, նպաստել համապատասխան մասնագետների փոխանակմանը:

3. Կոնվենցիայի կիրառման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով կոնվենցիայով նախատեսվում է դրա կիրառման նկատմամբ վերահսկողության համակարգի ձևավորում: Կոնվենցիայի կիրառման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հիմնադրված Փորձագետների կոմիտեն:

4. Կոնվենցիայի 11 հոդվածի համաձայն ոչ մի դրույթ չի կարող արգելք հանդիսանալ հնագիտական ժառանգության տարրերի անօրինական շրջանառության կամ օրինական սեփականատերերին դրանց վերադարձնելու մասին երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի համար:

5. Կոնվենցիայով ամրագրվում է դրա ուժի մեջ մտնելու ընթացակարգը:

6. Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կնպաստեն պատմության և մշակույթի հուշարձանների, մշակութային այլ արժեքների համար հոգածություն դրսևորելու և դրանք պաշտպանելու` ՀՀ Սահմանադրության 11 հոդվածով ամրագրված պետության պարտականության կատարմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1992 թվականի հունվարի 16-ին Վալետայում ստորագրված` Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիայում (վերանայված) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


24 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-513